RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1119, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԻՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՑ

Շաբաթավերջին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է հոգեւորական, չափավոր բարեփոխական Հասան Ռոուհանին: Հունիսի 16-ին նա հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հետ, որը Ռոուհանիին շնորհավորել է հաղթանակի առթիվ:

IRNA գործակալությունը հաղորդում է, որ Խամենեին նորընտիր նախագահին փոխանցել է «անհրաժեշտ հրահանգներ»: Այլ մանրամասնություններ չեն նշվում:

Հասան Ռոուհանին սկսել է իր քաղաքական ծրագրի շուրջը խորհրդակցել իրանցի կրոնական առաջնորդների հետ: Նա մասնավորապես ասել է, որ անհնար է մեկ օրում լուծել Իրանի տնտեսական լուրջ խնդիրները, եւ երկրի քաղաքացիներին համբերության կոչ է արել: Բացի դրանիցՙ նախագահական ընտրություններում քվեների 50,74 տոկոսը ստացած թեկնածուն իրանցիներին շնորհակալություն է հայտնել ակտիվ քվեարկության համար:

«Մեհր» գործակալությունը հաղորդում է, որ երկրի տնտեսական կացությունը գլխավոր թեմա է եղել Հասան Ռոուհանիի եւ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի բանակցություններում: Նրանք քննարկել են նաեւ ապագա կառավարության կազմը: Ռոուհանին ընդգծել է, որ իր քաղաքականության հաջողությունը մեծապես կախված կլինի կառավարության եւ խորհրդարանի համագործակցությունից:

ISNA գործակալության տվյալներովՙ Ռոուհանին եւ Լարիջանին, ի թիվս տնտեսական մյուս հարցերի, քննարկել են սղաճի եւ գործազրկության դեմ ուղղված պայքարի միջոցները:

Իրանի նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին:

Հասան Ռոուհանին նախագահության նախկին 6 թեկնածուների մեջ միակ բարեփոխականն է եւ միակ աստվածաբանը: Նա ծնվել է 1948 թ. նոյեմբերի 12-ին Սեմնանի նահանգի Սոհե քաղաքում: Կրոնական կրթություն է ստացել Ղում հոգեւոր կենտրոնում: Ուսումնառությունը շարունակել է Թեհրանի համալսարանում, որտեղ ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան: «Իսլամական իրավունքին» նվիրված դոկտորական թեզը պաշտպանել է Գլազգոյի համալսարանում (Մեծ Բրիտանիա):

«Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը գրում է, որ Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա օգոստոսին: Այդ բանակցությունները ցույց կտան, թե որքանով են արդարացված Իրանի քաղաքականության փոփոխությունների հետ Արեւմուտքի կապած ակնկալիքները: Նախընտրական արշավի ժամանակ Ռոուհանին խոստացել էր երկխոսություն սկսել Արեւմուտքի երկրների հետ եւ Իրանը դուրս բերել տնտեսական խոր ճգնաժամից: Բացի դրանիցՙ նա խոսել էր երկրում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու մտադրության մասին: Պ. Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ