ԿՈՂՈՊՈՒՏ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ «ԱԼՄԱՍՏ» ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՈՒՄ Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում: Կառամատույցը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է: Գողացել են գնացքների շարժի կառավարման համար օգտագործվող աշխատանքային պարագաներն ու գործիքները: Ներկա պահին քննություն է կատարվում: «ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է քաղաքացիներին, որ գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլեւ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար իրական վտանգ: Օրինակՙ մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը, հասարակ մարդու կարծիքով, մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջեւ կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումների եւ որպես հետեւանքՙ գնացքների վթարների: |