ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ԲԱՆԱԿԻ Է ԲԱԺԱՆՎԵԼ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեկվա խորհրդարանական օրը եւս Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջը հակոտնյա տրամադրություններով էր լի: Դա սկսվեց առավոտյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ խորհրդարանականների հանդիպումով, եւ դրանից հետո երկուստեք արտահայտած կարծիքներով, ապա եւ իր ապոգեյին հասավ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին: Ասենք, որ եւ խորհրդարանում, եւ նրանից դուրս` հանրության ակտիվ հատվածում ոչ ոք առանց էմոցիայի չի խոսում այս թեմայով, բոլորն օգտագործում են թեման երկրին իրենց նվիրվածությունը ցույց տալու համար, միաժամանակ ողջ խորքով եւ լայնությամբ սպիտակի կամ սեւի մեջ ընկղմելով հարցը: Հատուկենտ տեսակետներ կան առ այն, թե պետք է վերջապես նստել եւ տնտեսագիտորեն հաշվել` ի՞նչ է տալու Հայաստանին Մաքսային կամ Եվրասիական միությունը, ի՞նչ` Ասոցիացման պայմանագրով նախատեսված տնտեսական համագործակցությունը, ո՞ր ճանապարհն ընտրել, կամ երկուսը միաժամանակ ինչպես շարունակել: Մեր խորհրդարանականները բացառություն չեն` սեպտեմբերերեքյան հայտարարությունը ամբողջապես ոչնչացնելու կամ ամբողջապես գովաբանելու առումով: Այսինքն` մերոնց պակասում է պրագմատիզմը, ինչը հարկավոր է պետական այրերին գոնե ճակատագրական որոշումներ կայացնելիս: Վերադառնալով երեկվա խորհրդարանՙ նշենք, որ Նալբանդյան-խորհրդարանականներ երեկվա փակ հանդիպումից կոալիցիոն ուժերի պատգամավորները գոհ էին (անգամ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի համար այնտեղ նոր բան է եղել), իսկ արտակոալիցիոն ուժերի ներկայացուցիչները` խիստ դժգոհ: Վերջիններս նշում էին, որ այդ հանդիպումը ոչինչ չի ավելացրել իրենց տիրապետած տեղեկատվությանը, որ ունեին մինչեւ հանդիպումը: Ի դեպ` Է. Նալբանդյանը, պատասխանելով Ասոցիացման համաձայնագրի` Վիլնյուսում Հայաստանի ստորագրել-չստորագրելու լրագրողական հարցին, անորոշ պատասխան էր տվել, թե` «հանձնակատար Ֆյուլեի հետ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվեց Հայաստանի կողմից արտահայտված ցանկությունըՙ հնարավոր բոլոր ձեւաչափերով եւ ուղղություններով շարունակել զարգացնել հնարավորինս սերտ եւ խորը համագործակցությունը Եվրոմիության հետ, շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի, ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել են վերջին տարիներին Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ, որքանով որ դա հնարավոր կլինի Եվրոմիության կողմից եւ որը չի հակասի Հայաստանի որոշմանը մասնակցել, անդամակցել Մաքսային միությանը»: Սա լրագրողական տարընթերցումների տեղիք էր տվել: Մի քանի թարմ շեշտադրում փոխանցելով թեմայի խորհրդարանական ինտերպրետացիաներիցՙ նշենք, որ «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանն անցած տասնամյակի բարեփոխումների ջանքերն ափսոսաց, նշելով, թե սեպտեմբերի 3-ից հետո փոխվում ենք դեպի հետ. ոստիկանությունն է հին մեթոդներին անցնում, շուտով մամուլը եւս այսպես բաց չի մնա: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հասավ նրան, որ ներկա նախագահի պաշտոնավարումը վտանգում է Հայաստանի ապագան: «Իշխանությունների նման քայլը, միգուցե պարտադրված, բայց վտանգում եւ հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը», մտորում էր ազատդեմոկրատական Խաչատուր Քոքոբելյանը ` համոզված, որ Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության այնպիսի կարեւորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն եւ ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը: Մանավանդ` այդ քայլը հակասահմանադրական է: Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») առաջարկում էր` հայտ ներկայացնելով միջազգային հանրությանը ճանաչելու Ղարաբաղի անկախությունը եւ այն համարելու միջազգային սուբյեկտ: Նրա ասածից կարելի էր ենթադրել, որ համագործակցությունը պետք է կառուցել այն ուղղությամբ, որը պատրաստակամություն կհայտնի ճանաչման վերաբերյալ: Իսկ ահա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 3-ի հանդիպումը արդյունավետ որակեց դաշնակից երկու պետությունների համար էլ` երկրի անվտանգության ապահովման, տնտեսության եւ էներգետիկայի արդիականացման եւ դիվերսիֆիկացիայի տեսակետից` հիշեցնելով նաեւ Եվրոպայի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամության մասին: Նրա համար անհասկանալի էր, որ «Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում», մինչդեռ Հայաստանն իր գնալիք` անկախ պետականության ուղին ընտրել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, զուգահեռ Ռուսաստանի, եվրոպական երկրների եւ այլ գործընկերների հետ համագործակցելով: Առհասարակ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ն հակադարձեց ընդդիմախոսներին. Հայկ Բաբուխանյանը ողջունեց նախագահի քաղաքականությունը` Մաքսային միություն եւ հետագայում էլ Եվրասիական միություն մտնելու վերաբերյալ, եվրասիական հարթակը մեզ համար ավելի հասկանալի անվանելով եւ դա զարգացման խթան նկատելով տարբեր ոլորտների համար: Ու բոլորովին էլ նախագահ Սարգսյանի հայտարարությունը անսպասելի չհամարեց` մի շարք պայմանագրեր ու նախադրյալներ նկարագրելով դրա համար: Կարեն Ավագյանը զարմացավ` ժամանակին ԱՊՀ կամ ՀԱՊԿ մտնելիս ինչո՞ւ այդպիսի աղմուկ չէին բարձրացնում ընդդիմախոսները, անվտանգության հարցերով համագործակցելն անկախության կորուստ չէ, իսկ տնտեսական համագործակցությունը կորո՞ւստ է: Իսկ Արտակ Զաքարյանը ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնեց արտգործնախարարի հետ հանդիպում կազմակերպելու համար, նշելով, որ արտառոց ոչինչ չի տեղի ունեցել, Հայաստանը հակասությունները բացառող քաղաքականություն է վարելու այսուհետ էլ, որքանով որ դա հնարավոր է: Դա (Մաքսային միությանն անդամակցելը) չի սահմանափակում եվրոպական եւ այլ գործընկերների հանդեպ հանձնառությունները: Մարգարիտ Եսայանը նկատողություն արեց քաղաքական ընդդիմախոսներին` «թատրոնը պահեք ավելի անլուրջ առիթների համար, ռեալպոլիտիկը լրիվ այլ բան է»: Մի խոսքով` այս հակասական մոտեցումը մեր կարծիքով առկա է նաեւ հասարակության մեջ, նախագահ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մոսկվայում մեր հասարակությունը եւս բաժանաել է հակոտնյա ճամբարների, որոնց հարկավոր է բացատրել Հայաստանի այս կամ այն դիրքորոշման օգտակարությունն ու շահավետությունը, նաեւ բյուրեղացնելով անկախության գաղափարը: Իսկ անսպասելի շրջադարձերը դրան չեն նպաստում: |