RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013



Տեղադրվել է` 2013-09-10 23:24:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2305, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 29

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԱԼԻՍ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ»

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Ինտեգրման գործընթացների ուսումնասիրության խմբի ղեկավար Աշոտ Թավադյանը ներկայացնում է մանրամասները

Հայաստանիՙ Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշումը տարատեսակ գնահատականների տեղիք տվեց, որոնք հիմնականում քաղաքական էին կամ քաղաքականացված: Տնտեսական առումով ի՞նչ նշանակություն կարող է ունենալ մեր միանալը Մաքսային միությանը եւ ի՞նչ նշանակություն` ԵՄ հետ ասոցիացաման պայմանագիրը: Այս հարցերի շուրջն է մեր բացառիկ հարցազրույցը վերոնշյալ գործընթացներից ամենատեղեկացված անձնավորության` Եվրասիական բանկի առաջարկով Մաքսային միության եւ ԵՄ հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները գնահատող խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ:


- Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունը հիմնականում դիտարկվում է ավելի շուտ որպես քաղաքական քայլ: Կարո՞ղ եք ասել, ի՞նչ տնտեսական հիմքեր ունի այն:

- Մոտ 4 ամիս առաջ Եվրասիական բանկի առաջարկով սկսեցինք հաշվարկել ե՛ւ Մաքսային միության միանալու, ե՛ւ Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի զուտ տնտեսական օգուտը եւ տնտեսական անվտանգության խնդիրը: Աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 18-ին, գնահատականներն ուղարկվել են Եվրասիական բանկ եւ այնտեղ հավանության արժանացել: Առաջին համեմատությունն այն էր, որ Մաքսային միությանը միանալու դեպքում, տնտեսության ներկա կացության պայմաններում, կարճաժամկետ հեռանկարում մենք կունենանք հավելյալ 4 տոկոս համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճ, իսկ Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի դեպքում` 2,3 տոկոս աճ: Հստակեցնեմ, թե ինչ ասել է 4 տոկոս հավելյալ տնտեսական աճ: Եթե մենք կնքում ենք պայմանագիր Մաքսային միությանը միանալու մասին, այն սկսում է գործել, եւ դրա շնորհիվ տնտեսության մեջ առանց հավելյալ քայլերի, ներկա վիճակը պահպանելով, 2 տարի հետո տարեկան ունենում ենք լրացուցիչ 4 տոկոս տնտեսական աճ:

Իհարկե, հաշվի առնելով մեր առաջարկությունները, որոնք, ի դեպ, հնչեցին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միասնական հայտարարության ժամանակ:

- Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը նաեւ մեկնաբանվում է որպես անսպասելի քայլ: Դա իրո՞ք այդպես էր:

- Այդ հայտարարությունը սպասելի էր ոչ միայն այն բանի համար, որ արվել էին հաշվարկներ, այլեւ որ մենք ունենք պայմանագիր ԱՊՀ երկրների միջեւ ազատ տնտեսական գոտու մասին, ստորագրված Հայաստանի վարչապետի կողմից 2011-ի հոկտեմբերի 18-ին: Բացի Հայաստանիցՙ այն ստորագրել են նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը եւ Մոլդովան: Հետագայում այդ պայմանագիրը 2012-ի սեպտեմբերի 11-ին վավերացվել է Ազգային ժողովի կողմից` 97 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: Մաքսային միությունը այս փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է: Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրի բանակցությունների ժամանակ դա անշուշտ հաշվի պետք է առնվեր: Բնական է, որ եթե մի միության մեջ ես, մեկ այլ միության հետ բանակցությունների ժամանակ կարող են առաջանալ հակասություններ:

- Պրն Թավադյան, հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ մենք ինչպե՞ս կարող ենք միանալ Մաքսային միությանը, եթե նրա մյուս անդամների հետ չունենք ընդհանուր սահմաններ:

- Մենք ընդգծել ենք, որ այդ միության մեջ մեր գործընկերները դա պետք է հաշվի առնեն եւ փոխհատուցեն: Այսինքն, սահմանների բացակայության ժամանակ դրա հետ կապված հավելյալ ծախսերի փոխհատուցում, օրինակ` էներգակիրներ (գազ, դիզվառելիք, միջուկային վառելիք) մեր երկիր ներմուծելիս:

- Ի՞նչ հիմնական տնտեսական գործոններով են տարբերվում Մաքսային միությանը միանալը եւ Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիրը:

- Դրանք լրիվ տարբեր բնույթի համաձայնագրեր են: Մաքսային միությանը միանալը նշանակում է երեք առանցքային առավելություններ` տնտեսական անվտանգություն, ուղղակի ներդրումներ եւ զբաղվածության աճ: Տնտեսական անվտանգության պայմանագիրը նշանակում է, որ ներքին եւ արտաքին գների տարբերությունը հասցվելու է նվազագույնի: Այսինքն, առաջին փուլում գազի գինը կիջնի մոտ 30 տոկոսով մաքսավճարի դուրս գալու շնորհիվ եւ միայն գազի գնի մեջ նույն երկարաժամկետ, ասենք 5 տարվա ընթացքում կունենանք 750 մլն դոլարի (տարեկան 150 մլն դոլար) օգուտ: 30 տոկոսով կնվազի նա- Ռուսաստանից ներկրվող նավթամթերքների գինը: Մոտ 500 մլն դոլար կներդրվի Իրան-Հայաստանի երկաթուղու կառուցման համար, քանի որ դա ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է: 100 մլն դոլար հյուսիս-հարավ ճանապարհի համար Եվրասիական բանկի կողմից: Ներդրումներ են նախատեսվում նաեւ նավթամթերքների տեղափոխման, ատոմակայանի գործունեության եւ նոր ատոմակայանի կառուցման, «Նաիրիտի» վերազինման ու գործարկման համար: Եվս մեկ հանգամանք` մեր կազմակերպությունները մուտք կունենան Մաքսային միության մեջ մտնող երկրների պետական պատվերների շուկա: Պարզ է, որ, ասենք, նոր ատոմակայանի կամ Իրանի հետ երկաթուղու կառուցման աջակցություն Եվրոմիությունից չի լինելու:

Սրանք համեմատենք Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագրով երկարաժամկետ առումով նախատեսվող 2,3 տոկոս տնտեսական աճի հետ, որը գումարային առումով նշանակում է մոտ 150 մլն դոլարի ավելացում: Ընդ որում, դա իրենց կողմից համարվել է ռիսկային:

Հայկական սփյուռքի գործոնը: Ռուսաստանում 2,2 մլն հայ է ապրում, Եվրոմիության երկրներում` 900 հազար: Ռուսաստանում ապրող հայերից 800 հազարը գրանցված են միգրացիոն ծառայություններում, որոնց համար նման պայմանագրերի կնքումը բերում է այնտեղ աշխատողների վիճակի բարելավմանը` վարչական, աշխատանքի ընդունվելու եւ մնացած բոլոր առումներով: Դա նաեւ պետք է բերի դրամական փոխանցումների տարեկան 3 տոկոս աճին, ինչն էլ իր հերթին կնպաստի ՀՆԱ-ի աճի տեմպի ավելացմանը: Այսպիսով, ըստ մեր հաշվարկների, եթե ներդրումների ամբողջ փաթեթը իրագործվի, ապա դա կտա եւս 4 տոկոս հավելաճ: Դա նշանակում է, որ մաքսային պայմանագիրը կյանքի կոչելուց 2 տարի հետո, մեր ՀՆԱ-ում կունենանք միջին տարեկան 400 մլն դոլարի լրացուցիչ աճ:

- Որքանո՞վ է իրատեսական, որ Ձեր վկայակոչած խոշոր ներդրումները կիրականան:

- Դա նշվում է երկու երկրների նախագահների հայտարարության մեջ, որն արվել է հենց այս ծրագրերի իրագործումը նկատի ունենալով:

- ԵՄ հետ ասոցիացման պայմանագիրն, այնուամենայնիվ, մշակվել է, եւ արդյո՞ք այդքան լուրջ խոչընդոտներ կան, որոնք թույլ չեն տալիս նաեւ այս համակարգում Հայաստանի ընդգրկվելը:

- Նախ ես կցանկանայի ներկայացնել այն ռիսկերը, որոնք կարող են վտանգել ԵՄ հետ մեր ասոցիացմանը, որոնք նշել են հենց այդ պայմանագրի փորձագետները եւ որոնց մասին չի բարձրաձայնվում: Առաջինը` Թուրքիայի հետ փակ սահմանն է: Երկրորդը կոռուպցիան է, որն, իհարկե, ներքին խնդիր է: Երրորդ վտանգը մեր երկրի տնտեսության չափանզանց մեծ կախվածությունն է հումքի արտահանումից: Չորրորդ վտանգը «ուղեղների» արտահոսքն է: Ես կավելացնեի եւս մեկը` ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ` առանց մարդկանց ազատ տեղաշարժի, որը չի ենթադրվում այդ պայմանագրում: Ակնհայտ է, որ առանց մարդկանց ազատ տեղաշարժի չի կարող լիարժեքորեն իրագործվել այլ գարծոնների ազատ տեղաշարժը:

Ինչ վերաբերում է ԵՄ հետ մեր ասոցիացմանը, ապա ես համոզված կարող եմ ասել, որ Մաքսային միության հետ պայմանագիրը, որի արդյունքում մենք կունենանք ավելի կայուն եւ անվտանգ տնտեսություն, հնարավորություն կտա հետագայում ավելի բարենպաստ պայմաններով կնքելու ասոցիացման պայմանագիր ԵՄ հետ: Ներկայումս մենք կարող ենք ԵՄ-ի հետ պայմանագրեր կնքել առանձին ոլորտների վերաբերյալ: Օրինակ` մարդկանց ազատ տեղաշարժի կամ գունավոր մետաղների խտանյութի վաճառքի հետ կապված մաքսային խնդիրների առնչությամբ: Նմանատիպ պայմանագրեր Եվրոմիությունն ունի ԵՄ անդամ չհանդիսացող տարբեր երկրների հետ:

- Մեր հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ մաքսային խնդիրներ կունենա՞նք Մաքսային միության մեջ մտնելու դեպքում:

- Մենք Վրաստանի հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք եւ որեւէ խնդիր չեմ տեսնում: Վրաստանն ինչո՞ւ պետք է դժվարություններ ստեղծի, այն դեպքում, երբ Հայաստանի, նաեւ Պարսկաստանի շուկան իրենց համար շահավետ է, առավել եւս անհամեմատ մեծ` Ռուսաստանի եւ ԱՊՀ շուկան: Իրանի դեպքում նույնպես որեւէ բարդություն չեմ տեսնում:

- Հնարավո՞ր է, որ հետագայում Մաքսային միությունում միասնական դրամական միավոր լինի ազգային արժույթների փոխարեն:

- Նման բան նախատեսված չէ: Սա զուտ տնտեսական միություն է, ներդրումների եւ տնտեսական անվտանգության համաձայնագիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ