ՆՄԱՆ ՊԱՍԻՎ ԽԱՂՈՎ ԴԺՎԱՐ ԷՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ Հայաստանի հավաքականը Երեւանում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց Չեխերի նկատմամբ տոնած հաղթանակը մեծ ոգեւորություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, որոնք հավաքականի հերթական հաջողությանն ականատես լինելու ակնկալիքով էին երեկ տեղ զբաղեցրել «Հրազդան» մարզադաշտի տրիբունաներում: Թեեւ հավաքականի կազմում առկա կորուստներին, սպասվում էր, որ մեր ֆուտբոլիստները հենց խաղասկզբից իրենց ակտիվ գործողություններով մրցակցի դարպասը գրավելու ուղիներ կփնտրեն, ինչպես դա արել էին երեւանյան նախորդ հանդիպումներում: Սակայն այս անգամ մեր հավաքականի կողմից նույնիսկ մեկնարկային պոռթկմանն ու ակտիվությանն ականատես չդարձանք: Այնպիսի տպավորություն էր, կարծես այս խաղում Հայաստանի հավաքականին հաղթանակն անհրաժեշտ չէր, եւ մեր ֆուտբոլիստների գլխավոր խնդիրը սեփական դարպասն անառիկ պահելն էր: Այլապես ինչով բացատրել այն պասիվ խաղը, որ ցուցադրեցին մեր ֆուտբոլիստները դանիացիների հետ մրցավեճումՙ հանդիպման մեծ մասն անցկացնելով սեփական կիսադաշտում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախընտրել էր խաղը կառուցել հակագրոհների վրաՙ հույս ունենալով նման խաղաոճով հասնել հաջողության: Սակայն դանիացիները մեր ֆուտբոլիստներին ազատ գործելու հնարավորությունից լրիվ զրկել էինՙ մամլիչ գործողություններ կիրառելով նրանց նկատմամբ: Այս ամենի արդյունքում առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Առանց այն էլ փոքր ուժերով հակագրոհող մեր հավաքականի խաղն առջեւի գծում չստացվեց: Հանդիպման առաջին խաղակեսը շատ նման էր 4 օր առաջ Պրահայում չեխերի հետ կայացած խաղին, միայն այն տարբերությամբ, որ Երեւանում մարզական բախտը մեզ չժպտաց: Իսկ ահա դանիացիները հենց խաղասկզբից դիմեցին վճռորոշ գործողություններիՙ մեծ ուժերով գրոհելով Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Գրեթե ողջ առաջին խաղակեսն անցավ հյուրերի խաղային եւ տարածքային առավելությամբ, որոնք մի քանի անգամ կարող էին գրավել Կասպարովի դարպասը: Բարեբախտաբար, այդ վտանգավոր պահերին հուսալի գործեց մեր դարպասապահը: Թվում էր, թե ընդմիջումից հետո դաշտի տերերը կփոխեն մարտավարությունը եւ վերջապես կանցնեն հարձակողական ակտիվ գործողությունների: Սակայն երկրորդ խաղակեսն էլ կարծես առաջինի շարունակությունը լիներ, թեեւ մեր ֆուտբոլիստները որոշ չափով աշխուժացան: Գոլային առաջին իրական պահը ստեղծվեց 66-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, երբ խառնաշփոթ իրավիճակում գնդակը քիչ էր մնացել հայտնվեր դանիացիների դարպասում: Խաղավերջում էլ հիշարժան էր այս խաղում իր գեղեցիկ հնարքներով աչքի ընկած, սակայն որոշ դրվագներում անհատական խաղով տարված Արաս Օզբիլիսի տուգանային հարվածը, որը հեռացրեց դարպասապահը: Իսկ ահա դանիացիները, շարունակելով իրենց ակտիվ խաղը, ի վերջո հասան իրենց նպատակին: 73-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում անզգույշ խաղաց խաղասկզբում դեղին քարտի արժանացած Վարազդատ Հարոյանըՙ գցելով մրցակցին: Այդ դրվագի համար մեր հավաքականը կրկնակի պատժվեց: Մրցավարը 11 մ հարված նշանակեց Կասպարովի դարպասին, եւ դաշտից հեռացրեց Հարոյանին: Դանիել Ագերը հստակ իրացրեց հարվածըՙ հաղթանակ պարգեւելով իր թիմին: Այսպես Հայաստանի հավաքականն իր հերթականՙ արդեն 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց երեւանյան ընտրական մրցախաղում, որն, ի դեպ, հոբելյանական էրՙ 100-րդը, աշխարհի եւ Եվրոպայի ընտրական մրցաշարերում: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում գործնականում կորցրեց երկրորդ տեղի համար պայքարը շարունակելու հնարավորությունը: |