ՉԱՐԺԵ ՆԵՂԱՆԱԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՑ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Տրամաբանությունը դադարում է գործել, եթե բախվում է ԱՄՆ պետական շահերի հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի նույնպես, ապրիլ 24-ի իր ելույթում, 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը չի անվանելու «ցեղասպանություն»: Սպիտակ տան ներկայացուցիչները արդեն տեղեկացրել են այդ մասին, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն ճանաչում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանվելու պատմական փաստը: Նրանց պարզաբանումներում այս տարի ավելացել է մի զավեշտալի երանգ, ըստ որի ԱՄՆ-ն մտադիր է կոչ անել Հայաստանին եւ Թուրքիային ընդունել ողբերգական իրադարձությունների հետ կապված բոլոր փաստերը: Այսինքն, այդ տրամաբանությամբ, Հայաստանը, Թուրքիայի հետ հավասարապես, նույնպես պետք է ընդունի հայերի ցեղասպանությունը: Սա անսպասելի տհաճ նորություն էր մեզ համար եւ շահարկումների նոր հնարավորություն թուրքերի համար: Միեւնույն ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի ներկայիս նախագահի այս եւ նախորդ տարիների ելույթներին, հարկ է նշել, որ ի տարբերություն իր նախորդների, Բարաք Օբաման, ամեն դեպքում, մեկ քայլ առաջ գնաց եւ ցեղասպանությունը կոչեց հայերեն անվանումով` «Մեծ եղեռն»: Անշուշտ, նա արեց դա խուսափելու համար իր նախընտրական խոստումից` կոչելու հայերի ցեղասպանությունն իր անունով: Սակայն դրանով նա ավելի բարոյական գտնվեց իր նախորդների համեմատ, ձգտելով որքան հնարավոր է չնեղացնել ամերիկահայ համայնքին, փորձելով նաեւ թուրքերին համոզել ընդունելու ցեղասպանության փաստը: Որքանով հաջողվեց դա նրան, այլ հարց է: Սակայն Բարաք Օբաման, ինչպես այդ երկրի որեւէ նախագահ, չի կարող անտեսել ԱՄՆ պետական շահերը: Երբ այդ շահերը բախվում են որեւէ իրողության հետ` լինի ցեղասպանության ճանաչում, թե ներկայումս հազարավոր մարդկանց սպանություններ եւ տառապանքներ, մարդու իրավունքների` այդ թվում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ եւ ոտնահարումներ, տրամաբանությունը դադարում է գործել ԱՄՆ նախագահի եւ կառավարող էլիտայի համար: Օրինակներ ամբողջ աշխարհում որքան ուզես` Սերբիա, Իրաք, Սիրիա, Լիբիա, Աֆղանստան, Ուկրաինա, Եմեն եւ այլն: ԱՄՆ շահերը, մեզ հուզող ցեղասպանության հարցում, բախվում են ՆԱՏՕ-ի նրա դաշնակից Թուրքիայի հետ: Հետեւաբար, ԱՄՆ այս նախագահը, ինչպես եւ մյուսները չեն կարող ընդառաջ գնալ ամերիկահայերի ձգտումներին, մեր բարեկաման սենատորների եւ կոնգրեսմենների ճնշումներին եւ անել այնպիսի քայլ, որը վրդովմունքով կընդունի Թուրքիան: Այլ խոսքերով ասած, ԱՄՆ-ի համար ավելի մեծ արժեք է ներկայացնում Թուրքիան եւ ոչ թե Հայաստանը կամ հայերը: Սա իհարկե չի նշանակում, որ պետք է դադարեցնել պայքարը ցեղասպանության ճանաչման համար: Բացառված չէ, որ այն դեպքում, երբ ԱՄՆ բոլոր նահանգներն առանձին-առանձին ճանաչեն եւ դատապարտեն հայերի ցեղասպանությունը, երբ հայերի ցեղասպանությունը ճանաչած եւ դատարպարտած երկրների թիվն այնքան մեծանա, որ ԱՄՆ-ն նախագահն ու իշխանությունները այլեւս խուսանավելու տեղ չունենան եւ հարկադրված լինեն իրերն իրենց անունով կոչել: Մյուս կողմից էլ, գուցե նախագահի հայտարարությունից առավել կարեւորվի այդ երկրի կոնգրեսո՞ւմ ցեղասպանությունը ճանաչող որոշման ընդունմանը հասնելը: Չենք ցանկանում հակադրել այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը Ռուսաստանի դիրքորոշումը: Պարզապես փաստենք, որ Ռուսաստանի մոտեցումը այս հարցին նմանապես նշանակում է, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական դաշնակից, Ռուսաստանի համար ավելի արժեքավոր է, քան Թուրքիայի նեղանալ-չնեղանալը` որքան էլ որ մեր արեւմտասեր գործիչներն ու գրանտակերները հակառուսաստանյան վայնասուն բարձրացնեն: |