RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1324, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՄԵՐԻԿԱՆ` ՈՉ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ` ԱՅՈ ԿԱՍԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԵԼՈՒԹՅԱՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեր այն ենթադրությունները, թե ապրիլի 24-ին Երեւանում գտնվող ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է (կամ այդ պատվիրակությունում լինելու է) նախկին պետքարտուղար, ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին պատրաստվող Հիլարի Քլինթոնը, չհաստատվեցին: Ապրիլի 22-ին նախագահ Օբաման հրապարակել է Հայաստան մեկնող 6 հոգանոց պատվիրակության կազմը, որտեղ տիկին Քլինթոնը չկա: Պատվիրակությունը ղեկավարելու է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն:

Լյուի հայրը Ամերիկա է եկել Լեհաստանից, չնայած ոչ Լյուն, ոչ էլ նրա հայրը լեհ չեն: Ջեյքոբ Լյուն ուղղափառ հրեա է, ավելին` սերտ կապեր ունի Ամերիկայի հրեական համայնքի հետ եւ հայտնի է, որ հենց նրա օգնությամբ է նախագահ Օբաման ավելի սերտ-ընկերական հարաբերություններ կառուցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ: Թե Լյուին` Երեւան գործուղելով Օբաման ո՞ւմ հետ է ցանկանում ավելի սերտ-ընկերական հարաբերություններ հաստատել, մենք չգիտենք, բայց որ Լյուի ներկայությամբ Երեւանում ապրիլի 24-ին ներկայացված է լինելու Ամերիկայի ազդեցիկ հրեական համայնքը, հստակ է եւ ողջունելի:

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի «Կանչելյան» Սփայսերը, Ֆրանկ Փալոնեն, Աննա Էշուն, Դեւ Տրոտը: Օրինակ Սփայսերը Ներկայացուցիչների պալատում իր բազմաթիվ ելույթներում Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ընդունել ու նույնը անելու կոչ է արել Վաշինգտոնին, այլեւ հորդորել է Սպիտակ տանը` ընդունել եւ դատապարտել նաեւ Բաքվի եւ Սումգայիթի հայկական ջարդերը: Եթե հաշվի առնենք, որ Սփայսերը ոչ միայն իր տեսակետները չի փոխել, այլեւս նրան այս առումով ամբողջովին սատարում են հայամետ կոնգրեսականներ անվանվածներ` Փալոնեն, Էշուն, ապա հասկանալի է, որ ամերիկյան պատվիրակությունից գոնե այս երեք հոգին Երեւանում մեկ անգամ չէ, որ ասելու են` «դա ցեղասպանություն էր»:

Ինչը հենց ամենահատկանշականն է, քանի որ Երեւան ժամանող ամերիկյան այս պատվիրակությունը կոչվում է` նախագահական, այսինքն այս մարդիկ գալիս են Բարաք Օբամայի անունից, հետեւաբար այն ամենը, ինչը նրանք կասեն Երեւանում, ասելու են Բարաք Օբամայի անունից: Այսինքն, ինչպես եւ սպասելի էր`Օբաման գուցե էլի չասի ցեղասպանություն բառը, բայց հնարավոր է, որ այդ բառը նրա անունից ասեն Երեւան եկած ամերիկյան պատվիրակության անդամները:

Դեւ Տրոտը, մեզ գոնե հայտնի գործիչ չէ, ինչ վերաբերում է Ռիչարդ Միլզին, ապա նա չնայած ի պաշտոնե (Երեւանում ամերիկյան դեսպանն է) պարտավոր էր լինել ամերիկյան պատվիրակության կազմում, բայց այս պարագայում նա ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ է: Նշանակում է, որ ԱՄՆ կառավարման բոլոր մարմինները` Սպիտակ տունը, Կոնգրեսը եւ Պետքարտուղարությունը ներկայացված են լինելու ապրիլքսանչորսյան Երեւանում, սա այն պարագայում, որ Վաշինգտոնից այս պահի դրությամբ ոչ ոք չի մեկնելու նույն օրը Թուրքիա:

Ահա այս համատեքստում էլ նախագահ Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ հայտնել, որ այս անգամ էլ Օբաման չի ճանաչելու ցեղասպանությունը:

Անկեղծ ասած Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը կամ չճանաչելը ներքինՙ ամերիկյան հարց է: Թող ԱՄՆ-ը մտածի իր նախագահի մասին, որը, չճանաչելով Ցեղասպանությունը, փաստորեն դեմ է գնում իր իսկ երկրի 50 նահանգներից 43-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ