ՀՆՉԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ Ապրիլի 22-ին Երեւանի Իսակովի անվան պողոտայում արդեն մի քանի տարի կառուցվող ռուս ոււղղափառ եկեղեցում հնչեցին առաջին զանգերը: Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով: 2010-ին տրված եկեղեցու հիմնարկեքին մասնակցել են Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ով հատուկ այդ նպատակով ժամանել էր Երեւան: Ապրիլի 22-ին եկեղեցու զանգերը օծելու նպատակով Երեւան էին եկել մի խումբ ռուս ուղղափառ հոգեւորականներ, որոնց, ինչպես նաեւ Սերգեյ եւ Արմեն Աբրահամյան եղբայրների, Հայաստանում ռուսական համայնքի, մի խումբ հավատացյալների մասնակցությամբ տեղի ունեցավ զանգերի օծման արարողությունը: Իր խոսքում Սերգեյ Աբրահամյանը շեշտեց, որ պատահական չէ այն փաստը, որ ռուսական եկեղեցու զանգերի օծման արարողությունը ժամկետներով համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, քանի որ «մեր պատմությունը ընդհանուր է»: Սանկտ Պետերբուրգից ժամանած մետրոպոլիտ Վարսոնոֆին իր հերթին ընդգծեց, որ բարեկամ հայ եւ ռուս ժողովուրդների ընդհանուր պատմությունը ապացուցում է, որ այս երկու ժողովուրդների ցավն ու ուրախությունը եւս ընդհանուր է: Ապա հնչեցին զանգերը: |