ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ Ո՞Ր ՃՅՈՒՂԵՐՆ ԵՆ ԱՃԵԼ, ՈՐԸ` ՆՎԱԶԵԼ 2,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ առաջին երեք ամիսներին Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական կացության վերաբերյալ ամբողջական անդրադարձ կկատարենք առաջիկայում` առավել ամբողջական տեղեկատվության առկայություն դեպքում: Մինչ այդ համառոտ ներկայացնենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները: Համաձայն դրանց, Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել է 2,5 տոկոսով: Այս տարվա միայն մարտին նախորդ տարվա` 2014-ի մարտի համեմատ աճը կազմել է 2,2 տոկոս, իսկ նախորդ ամսվա փետրվարի նկատմամբ` 13,1 տոկոս: Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամը` 0 տոկոս:: Ըստ տնտեսության ճյուղերի աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները: Շինարարությունում ամեն ինչ գրեթե անփոփոխ է մնացել, առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 2 տոկոսով, գյուղատնտեսությանը` 4,5 տոկոսով, ծառայություններինը` 3,9 տոկոսով, շինարարությանը` 0,8 տոկոսով, առեւտրինը նվազել է 6,3 տոկոսով,: Գումարային առումով տարվա առաջին եռամսյակում ամենամեծ ծավալներն ունեցել է առեւտրի շրջանառությունը` 442 մլրդ 863 մլն դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 288 մլրդ 738 մլն դրամ, երրորդը` ծառայությունների ծավալը` 254 մլրդ 399 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 74 մլրդ 906 մլն դրամ, շինարարությանը` 42 մլրդ 508 մլն դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-մարտին 2014-ի նույն ամիսների նկատմամբ նվազել է 28,5 տոկոսով եւ կազմել 945 մլն դոլար: Արտահանումը կազմել է 267,6 մլն դոլար, նվազելով 23,1 տոկոսով, ներմուծումը կազմել է 677,5 մլն դոլար, նվազելով 31,5 տոկոսով: Արտաքին առեւտրի այս տվյալները հրապարակելով, Ազգային վիճակագրական ծառայությունը կրկին անգամ տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չենՙ «պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ»: Միեւնույն ժամանակ, նշենք, որ միայն մարտին փետրվարի համեմատ արտահանումն ավելացել է 19,6 տոկոսով, ներմուծումը` 6,8 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-մարտին բարձրացել է 10,3 տոկոսով եւ կազմել 174 հազար դրամ, մասնավոր հատվածում` 200 հազար դրամ, աճելով 6,7 տոկոսով, պետականում` 156 հազար դրամ, աճելով 13,4 տոկոսով: Հայաստանը «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ է ստացել Չինաստանից Չինաստանի զբոսաշրջիկների դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով, կառավարության երեկվա նիստում, էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց ապահովել 2014թ. հուլիսի 15-ին կնքված համապատասխան հուշագրի պատշաճ կատարումը: ՉԺՀ օրենսդրության համաձայն Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղեւորություն հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք Չինաստանի կառավարությունից ստացել են հատուկՙ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ: Նման կարգավիճակ ունի նաեւ Հայաստանը: Գնդակոծված սահմանամերձ բնակավայրերին գումար հատկացվեց 2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերիՙ գնդակոծության հետեւանքով պատճառված վնասները վերացնելու նպատակով կառավարությունը երեկ Տավուշի մարզպետարանին հատկացրեց 3,7 մլն դրամ: Սեւանից այս տարի 170 մլն խմ ոռոգման ջուր կվերցվի Ոռոգման նպատակով Սեւանա լճից 2015թ. ոռոգման շրջանում Սեւան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը կառավարության երեկվա որոշմամբ սահմանել է մինչեւ 170 մլն խմ: Պետական գանձարանը համալրվել է թանկարժեք մետաղներով եւ քարերով «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման եւ ծախսման հաշվետվության համաձայն, որն ի գիտություն է ընդունվել կառավարության երեկվա նիստում, պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների եւ քարերի ընդունման երկու եւ բաց թողնման մեկ գործարք: Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով: Ա. Մ. |