ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈ` ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու հետ համատեղ ապրիլի 17-ին կազմակերպել է բարեգործական երեկոՙ աջակցելու Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակի կառուցմանը: Երեւանի կենդանաբանական այգում կառուցվելիք խաղահրապարակն ազատ հասանելիությամբ կրթական, թերապեւտիկ եւ խաղային ներառական հարթակ կդառնա Հայաստանում գրանցված շուրջ 8000 երեխայի համար: Բարեգործական երեկոյին մասնակցել են մասնավոր եւ հասարակական հատվածների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների եւ ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ տասը միլիոն դրամ: Երեկոյի ավարտին այդ գումարը կրկնապատկել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Բարեգործական երեկոյի ընթացքում աճուրդի են հանվել ճանաչված նկարիչներ Աշոտ Ավագյանի, Վահագն Համալբաշյանի, Լուսի Աբդալյանի, Գաբրիել Մանուկյանի, Արեւ Պետրոսյանի, Նարեկ Ավետիսյանի, Արթուր Սարգսյանիՙ նախագծին նվիրաբերած աշխատանքներն, ինչպես նաեւ արժեքավոր նմուշներ «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» եւ «Աբրիկոն» գործարանների կողմից: Անձայն աճուրդի են ներկայացվել հատուկ կարիքներով երեխաների ձեռքի աշխատանքները: Երաժշտական եւ թատերական ներառական համարներով հանդես են եկել Ունիսոն ՀԿ-ի «Փարոս» երգչախումբը, Փոքր թատրոնը եւ Մանկական զարգացման հիմնադրամի` «Մենք ենք» ներառական թատերախումբը: Խաղահրապարակի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ.-ի հունիսինՙ խաղային եւ կրթական հավասար հնարավորություններ ստեղծելով բոլոր երեխաների համար: 2011թ.-ից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացնում է երկարաժամկետ` «Հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու համար» նախագիծը, որի նպատակն է կենդանաբանական այգին դարձնել բնապահպանական եւ կրթական բազմագործառույթ տարածաշրջանային կենտրոն: |