«ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «Մանես» բարեգործական հիմնադրամը եւ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպեցին երիտասարդական ծառատունկ եւ մշակութային միջոցառումներ: 2015թ. ապրիլի 18-ին «Մանես» բարեգործական հիմնադրամը եւ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կազմակերպեցին ծառատունկով ուղեկցվող հերթական կրթամշակութային բնապահպանական միջոցառումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կրում էր «Հիշում ենք եւ պահանջում» խորագիրը: Մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի տարբեր համայնքների բնակիչ ուսանողներ, դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ, երիտասարդության այլ ներկայացուցիչներ: Միջոցառման 100 մասնակիցները Շնողի եկեղեցում խորհրդանշական 100 մոմ վառեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Միջոցառումը շարունակվեց Շնողի արվեստի դպրոցի բակում, որտեղ երգի եւ ասմունքի ելույթներ ունեցան դպրոցի սաները, կազմակերպվեց ֆլեշ մոբ (երիտասարդները դպրոցի բակում անմոռուկի ուրվագծով շարք կազմեցին): Այդուհետ մասնակիցները քայլերթով այցելեցին եւ 100 ծաղիկ դրեցին Շնող գյուղում գտնվող Հայոց ցեղասպանության հուշաքարին: Միջոցառումը շարունակվեց «Թեղուտ» ՓԲ ընկերության տարածքում խորհրդանշական ծառատունկով. տնկվեց 100 տնկի: Ծառատունկից հետո Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրի հանդիսասրահում մասնակիցների համար կազմակերպվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի թեմայով ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Միջոցառումը եզրափակվեց Շնող գյուղի եւ Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնների դահլիճներում թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Մեծ եղեռնին նվիրված «Սպի» ֆիլմի դիտումով: |