RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1364, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«+ԿԻՆՈ»-Ի ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՄԱՐԸ

ՄԱՐԻԱՄ

Ինչպես միշտ, այս անգամ նույնպես «+Կինո» ամսագրի հերթական համարը աչքի է ընկնում նյութերի բազմազանությամբ, գեղեցիկ ձեւավորմամբ եւ իլյուստրացիայի հարստությամբ:

««+Կինո»-ի ապրիլյան նոր համարի շապիկի զույգ էջը նվիրված է ոչ թե այս կամ այն անվանի դերասանին, այլ «Վերածնված Հայություն. առաջին սերունդ» խորագրով ներկայացնում է թուրքական յաթաղանից փրկված հայ ժողովրդի մեծ ճանաչում ունեցող գրականության, արվեստի, մշակույթի գործիչներին, ովքեր իրենց մածագույն ներդրումն ունեն ինչպես մեզանում, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում»,- մեզ հետ զրույցում ասաց ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը:

«+Կինոն» բացվում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ հրատարակված հայ հերոս վրիժառուների «Նեմեսիս» կազմակերպության անդամների սխրագործություններին նվիրված օրացույցով, ովքեր փայլուն կերպով իրագործեցին երիտթուրքական կառավարության կողմից 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն իրագործած պարագլուխների վրեժխնդրությունը: «Նեմեսիս» գործողության հիմնական կազմակերպիչն ու ոգեշնչողը Շահան Նաթալին էր (Հակոբ Կարապետի Տեր-Հակոբյանը 1884-1983 թթ.), ով կամոքն Աստծո ապրեց 99 տարի: Ահաբեկչության հետ ոչ մի կապ չունեցող «Նեմեսիս» օպերացիան իրավամբ համարվում է հատուկ ծառայությունների պատմության մեջ լավագույն պատժիչ գործողություններից մեկը:

«Կյանք թամբի վրա» հոդվածը պատմում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Մելիք - Ավագյանի մասին, ում «Սիրտը երգում է», «Ինչո՞ւ է աղմկում գետը», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Խնձորի այգին» ֆիլմերը լուրջ ներդրում են հայկական կինոարվեստում:

Հետաքրքրական է «Կոմիտաս. մի լուսանկարի պատմություն» գողտրիկ նյութը եւ բնօրինակ լուսանկարը, որի դարձերեսին գրված է «Ընկերական հիշատակ Կոմիտասից Պետրոս Տօնապետյանին: 1903 օգոստոս 30, Սբ. Էջմիածին»:

««Ֆիլմ» թերթի էջերից» մշտական խորագրի ներքո այս անգամ ներկայացրել ենք ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի «Իմ Մելքում պապը» էսսեն, որը զարմանահրաշ պատմություն է եւ կարճամետրաժի հիանալի սցենար:

«Նկարահանում է Սոս Սարգսյանի վիպակի հիման վրա» հարցազրույցում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյյանը պատմում է իր նոր ֆիլմի առաջին կադրերի նկարահումների, ինչպես նաեւ 1915 թվականին հրաշքով փրկված իր ծնողների մասին:

«60 ամյակը` գլխավոր մրցանակով» նյութը ներկայացնում է Իտալիայի Թուրին քաղաքում «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական ֆիլմի համար ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանի ստացած գլխավոր մրցանակը եւ իր ստեղծագործական ուղին:

«Լուսանկարչական վերնիսաժ» բաժնում այս անգամ տեղ են գտել Հայաստան աշխարհի ֆոտոտարեգիր Պողոս Պողոսյանի գործերը:

Ամսագրին հատուկ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Վան եւ Մուսա լեռ, ազատագրական պայքարի փայլուն էջեր» վերնագիրն է կրում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի հոդվածը: Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը արվեստի խոհեր են թատրոնի, իր հոր, կինոռեժիսոր Երվանդ Ծատուրյանի կինոարվեստի եւ ապրիլյան այս օրերի շուրջ:

«Քրիստոնեությունը կա ու եղել է միշտ ամենամեծ զորավիգը, որը պահել ու պահպանել է հայերին»: Այս վերնագիրն է կրում 1913-16 թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը: «Հարյուր տարի անցնի, թե երկու հարյուր, միեւնույն է, թուրքը չի փոխվելու» հոդվածով ամսագրում հանդես է եկել «+Կինո» - ի գլխավոր խմբագիրը:

«Բանաստեղծները չեն ծերանում, հանգչում են մեկեն ու երգելով» հոդվածը նվիրված է 85-ամյա մանկագիր ու դրամատուրգ, հրապարակախոս Սուրեն Մուրադյանին:

Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի «Աստված աշխարհի հետ խոսել է հայերեն» եւ ֆրանսիացի արձակագիր Վիկտոր Հյուգոյի «Ինձ համար մեծ պարծանք է հայերեն թարգմանվելը» խոսքերով է բացվում «Հարստացնենք մեր բառապաշարը» բաժինը:

«Վերնիսաժ» մշտական խորագրի ներքո այս անգամ ներկայացված են Արկոյի (Արկադի Բաղդասարյանի) գործերը: «Երբ նկարահանում էի «Հավերժի ճամփով (Հովհաննես Շիրազ)» ֆիլմը» հիշողությամբ ամսագրում հանդես է եկել ֆիլմի ռեժիսոր Լեւոն Մկրտչյանը: Իսկ «Կյանքն ինչպես կինոյում» նյութը պատմում է «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն Արա Մանուկյանի հայրենանվեր գործունեության մասին: Սոս Սարգսյանի հետ «Հաջորդ տարի հանդիպենք Վանում» հարցազրույցը ներկայացնում է մեծ արտիստի վերջին խոսքը:

Ռուբեն Միրզախանյանի եւ Հրավարդ Հակոբյանի հեղինակած «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդային կերպարվեստը» գրքին է նվիրված ամսագրում տպագրված գրախոսականը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի բեմադրած եւ «Արտավազդ» մրցանակին արժանացած «Սիրելի Պամելա» ներկայացմանն է անդրադառնում թատերագետ Սոնա Մելոյանը:

«Թեմաներ ֆիլմի համար» մշտական խորագրի ներքո բժիշկ Հովհաննես Սարկավագյանը ասում է, որ կինոյում առողջ մտածող ռեժիսորի ֆիլմեր եմ սիրում:

Ամսագիրը եզրափակվում է ճանաչված արվեստագետ Մարինե Վարդանյանի (Ալես) հարցազրույցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ