ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄՈՒՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆ. Հ. Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի ներկայությամբ մայիսի 8-ին Մագդեբուրգի տաճարում պաշտոնապես մեկնարկել են հայ մշակույթի օրերը, իրազեկում է «Միթթելդոյչե ցայթունգը»ՙ մանրամասնելով, թե առաջիկայում դրա շրջանակներում գերմանացիներն առիթ կունենան ծանոթանալ հայ մշակույթին, մասնակցելու ցուցահանդեսների, ֆիլմ-դիտումների, դասախոսությունների, համերգների, ընդհանուր առմամբ 20 տարբեր միջոցառում է նախատեսված անցկացնել Հալլեում, որոնց միջոցով կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մայիսի 10-ին Հալլեում խաչքար տեղադրվեցՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որը նաեւ Սաքսոնիա-Անհալթի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցության խորհրդանշական առհավատչյան է, ընդգծել է մշակույթի նախարար Դորգերլոհը: Հիշեցնենք, որ խաչքարի տեղադրման որոշումը քաղաքային խորհուրդը կայացրել էր դեռեւս 2012 թվականի դեկտեմբերին: Հուշաքարն օծելու արարողությունն ուղեկցվել է Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանի եւ Սաքսոնիա-Անհալթում քրիստոնեական եկեղեցիների աշխատանքային խմբի նախագահ Յուրգեն Դիտտրիխի էկումենիկ աղոթքով: Արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան հյուրերՙ ԳԴՀ-ից, Հայաստանից: Հայաստանն ու ԳԴՀ հիշյալ երկրամասը սերտ համագործակցում են 1994-ից ի վեր կնքված մշակութային պայմանագրի շրջանակներում: |