ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Իՙ ԼՈՌՈՒ, ԱՐԱՐԱՏԻ, ՇԻՐԱԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, զանգահարելով 911 եւ 112 արագ արձագանքման հեռախոսահամարներին, կմիանան արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գրասենյակներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական նորարարական քայլն է կատարելՙ հնարավորություն ընձեռելով իր բաժանորդներին բջջային հեռախոսից զանգահարելու 911 եւ 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներին: Այժմ Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, նշված հեռախոսահամարներին բջջային հեռախոսից զանգահարելիս, կմիանան համապատասխան մարզիՙ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ: Այժմ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ծրագրի շնորհիվՙ հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալՙ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզիՙ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ: Այսպիսով, նորարարության նպատակն է նվազեցնել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը: Նոր համակարգը աստիճանաբար կգործարկվի երկրի բոլոր մարզերում: |