ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ Հ. Ա. Անժամանակ կյանքից հեռացավ մեր վաստակաշատ գործընկերՙ լրագրող, գրող եւ հետազոտող Սերգեյ Գալոյանը: Չգիտեմՙ նա ունե՞ր Գրողների միության անդամատոմս, թե՞ ոչ: Այնքան էլ կարեւոր չէ: Քանզի նա իրո՛ք գրող էրՙ երեւակայության իր թռիչքով, կյանքի հակասությունները տեսնել-դիտարկելու, դրանք գեղարվեստորեն սրելու իր ընդունակությամբ, նաեւՙ իր ընտրած-կերտած կերպարներին հարազատի պես մերձենալու, անկախ մեղքերից նրանց սիրելու մարդկայնականությամբ, ծիծաղելիի մեջ ողբերգականը եւ ողբերգականի մեջ ծիծաղելին նկատելու կարողությամբ: Եթե չլիներ գրականության նկատմամբ մերօրյա անտարբերությունը, ապահովաբար նա պրոֆեսիոնալ գրող կդառնարՙ յուրովսանն հարստացնելով մեր ժամանակակից գրականությունը: Դա էր պատճառը, այդ վերաբերմունքը, որ նա ընտրեց լրագրողի մասնագիտությունը, աշխատեց տարբեր թերթերում: Շուրջ 8 տարի նա եղավ նաեւ «Ազգ»ի խմբագրակազմի անդամ, պատասխանատուՙ մեր մշակութային էջի: Մեր թերթի էջերում բազմաթիվ են նրա ստորագրած հոդվածները, նաեւ երգիծական նյութերը, որոնք ընթերցվում էին հափշտակությամբ: Կյանքի վերջին տարիներին, այնուամենայնիվ, վերադարձավ գիրք հեղինակելու իր կրքին, որպես ընդհանուր թեմա ընտրելովՙ այսպես կոչված գողական աշխարհը, իրար հետեւից լույս ընծայելով հայ նշանավոր գողերի մասին հետաքրքական գործեր: Գրքերՙ որոնք ընթերցվում էին մեծ շնչով: Կատակով ինքնիրեն «գողագետի» կոչում էր տվել: Հաճախ էր հրավիրվում հեռուստատեսությունՙ հարցազրույցի, այդ միեւնույն թեմատիկայի շուրջը: Անողոք հիվանդությունը շուտ զգետնեց նրան: Ափսոս: Նրա երկնագույն աչքերում դեռեւս շատ խոստումներ էին կայծկլտումՙ ստեղծագործական անակնկալների խոստումով: Հարգանք իր հիշատակին, ցավակցություն իր հարազատներին եւ ընկերներին: *** Գրող, լրագրող Սերգեյ Գալոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Դավիթաշենի Զովունի 21/1 հասցեում գտնվող սգո սրահից: |