ԻՆՉՊԵՍ ՈՒ ԵՐԲ ԱՍԵԼ «Ո՛Չ» ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Դժվարանում եմ ասել, թե Հունաստանն իր հազարամյակների պատմության ընթացքում քանի՞ անգամ է «Օխի» («Ոչ») ասել օտարներին, բայց համեմատաբար մոտիկ անցյալից գիտեմ, որ 1940 թ. հոկտեմբերին Մուսոլինիի բանակների ներխուժումը կասեցնելուց հետո Հելլադան միահամուռ «Ոչ» ասաց հիտլերյան Գերմանիայիՙ առանց դիմադրության հանձնվելու վերջնագրին, գրավման ենթարկվեց, բայց մինչեւ վերջ դիմադրեց ու պայքարեց եւ ի վերջո ազատագրվեց: Հույն ժողովուրդը մեկ էլ անցյալ շաբաթ 61 տոկոս մեծամասնությամբ «Օխի՛» ասաց, այս անգամՙ Եվրոմիությանը, ավելի ճիշտՙ դարձյալ Գերմանիային, որի տնտեսական անզիջում ու խիստ պահանջները պատճառ դարձան ներկա տագնապի, որը երկընտրանքի առաջ էր թողել հույներինՙ կա՛մ տնտեսական տեւական ենթակայություն համաշխարհային ու եվրոպական ֆինանսական հսկաներին, կա՛մ սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակՙ ժամանակի ընթացքում դրական ելքի ակնկալությամբ: Հույներն ընտրեցին երկրորդը, նոր իրադրության առաջ կանգնեցնելով բոլորին: Իրականում հունական տագնապն ունի 5-6 տարվա պատմություն եւ ծանոթ է Գրեկզիտ (Grexit) անվամբ, եւ չի վերաբերում միայն Հունաստանին, այլեւ ընդգրկում է հարավեվրոպական գրեթե ողջ տարածաշրջանըՙ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան ու Կիպրոսը, եւ խորհրդանշում է Եվրոմիության ու Եվրոգոտու կազմաքանդման սպառնալիքըՙ ողջ Եվրոպայում կենտրոնախույս համապատասխան կուսակցությունների ուժեղացման պայմաններում: Ու մինչ վերը հիշատակված երկրներն արդեն ընդունել են Բրյուսելի չափազանց խիստ պայմանները ինքնազրկման ու հավելյալ խնայողական միջոցառումների (austerity measures) եւ պարտքերի վերադասավորման կարճաժամկետ ռեժիմով, սակայն առայժմ միայն Հունաստանն է, որ արմատական-ձախ Սիրիզա (Syriza) կուսակցության գլխավորությամբ ասաց իր «Ոչը», անակնկալի բերելով, ինչպես ասվեց, Եվրոմիությանը եւ հատկապես Գերմանիային, որոնք կարծում էին, թե վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը միջերկրականյան ձեւի բլեֆ է անում եւ ի վերջո ենթարկվելու է առաջադրված պայմաններին: Մինչդեռ Աթենքը ո՛չ հնարավորություն ու ո՛չ էլ ախորժակ ուներ բլեֆի... Խնդրի բուն էությունն այն է, որ այս պարագայում եւս մենք գործ ունենք երկուստեք փոխադարձ անպատասխանատվության երեւոյթի հետ. Հունաստանի նախկին կառավարությունները երկրի կուտակած շուրջ 230 միլիարդ Եվրոյի պարտքը սպասարկելու որպես դյուրին միջոց դիմել են համաշխարհային ու համաեվրոպական բանկերին, իսկ վերջինները բնավ չեն մերժել նորանոր վարկեր տալ, նախապես հաստատ իմանալով, որ Աթենքը չի կարող դրանց տակից դուրս գալ, երբ երկրում գործազրկության տոկոսը վաղուց հատել է 25 տոկոսի սահմանագիծը (երիտասարդության պարագայումՙ 60 տոկոս): Այդպիսով ամենակոպիտ կերպով խախտվել է արեւմտյան ֆինանսական կարեւորագույն սկզբունքներից մեկըՙ չտալ պարտք, եթե վստահ չես դրա վերադարձվելիությանը: Այստեղից էլՙ եզրակացությունը. եվրոպական ֆինանսական կառույցները, Բեռլինի հանձնարարությամբ, շահագրգռված են եղել Հունաստանին տեւական կախյալության մեջ պահելու, դեպի այդ երկրի տնտեսական ազատ գոտիներ գերմանական մաքսազերծ ապրանքները «քշելու» նպատակով նաեւ, անշուշտ օգտվելով հունական կողմի վարչարարական եւ այլՙ կոպիտ սխալներից: Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա Գրեկզիտըՙ այս պահին կանխահաս է ասել, սակայն անհնար է պատկերացնել Եվրոմիությունՙ առանց ժողովրդավարության օրրան Հելլադայի: Այստեղից ցատկ կատարելով մերՙ հայկական իրականություն կարելի է ասել, որ մեր երկիրը շատ զգույշ պետք է լինի արտաքին պարտքերի հարցում, որը ներկա պահին գտնվում է ՀՆԱ-ի 40 տոկոսիՙ 4 մլրդ դոլարի ռիսկային սահմանագծին: Արդարեւ, դեռեւս այն օրերից, երբ պետնախարար էր Սեպուհ Թաշչյանը, մեր իշխանավորները յուրացրին տեղի-անտեղի պարտք վերցնելու պրակտիկան: Այնինչ ժամանակն է, Հունաստանի օրինակով, «ոչ» ասել այն վարկատուներին, որոնց տրամադրած վարկերը նպատակաուղղված չեն մեր երկրի արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը: Պետք է սովորել ճիշտ պահին «Օխի» ասել: |