Ջ. ՍՏԻԳԼԻՑ. «ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՌՅԱԿՆ Է» Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ ԵՄ-ում երազում են Ցիպրասի տապալման մասին Հունաստանի ճգնաժամի բարձրակետին հետեւող մարդկանց մեծամասնության մեջ կարող է ստեղծվել այն տպավորությունը, թե վարկատուները փորձում են Աթենքի իշխանություններին ստիպել վճարելու պարտքերը: Սակայն տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը այլ կարծիքի է: Նա վստահ է, որ խոսքը հանուն իշխանության ծավալված պայքարի մասին է եւ որ տվյալ ճգնաժամի մեջ փողերն ու տնտեսությունը երկրորդական դեր են խաղում: Նա համոզված է, որ հույների ներկայիս աննախանձելի վիճակի համար մեղավոր են երեք վարկատուներըՙ Եվրոհանձնաժողովը, ԵՄ Կենտրոնական բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): Հինգ տարի առաջ «եռյակը» Աթենքին ստիպեց ընդունել օգնության ծրագիր, որը հանգեցրեց երկրի ՀՆԱ 25 տոկոս նվազմանը, երիտասարդների շրջանում ավելի քան 60 տոկոսանոց գործազրկությանը եւ բնակչության զանգվածային աղքատացմանը: Ըստ որում, վարկատուները իրենց ոչ միայն պատասխանատու չեն համարում ծանր հետեւանքների համար, այլեւ չեն ուզում շտկել սեփական սխալները եւ շարունակում են Աթենքից պահանջել նորանոր զիջումներ: Եռյակը հույներից պահանջում է մինչեւ 2018 թվականը բյուջեի մեջ հասնել ՀՆԱ 3,5 տոկոսին հավասար առաջնային ավելցուկիՙ չնայած այն բանին, որ դա կհանգեցնի տնտեսության հետագա անկմանը: Նույնիսկ եթե Հունաստանի հսկայական պարտքը վերաձեւակերպվի Աթենքին առավել ձեռնտու պայմաններով, դարձյալ երկիրը տեւականորեն կմնա լճացման պայմաններում: Ամերիկյան «Թայմ» շաբաթահանդեսին տված հարցազրույցում Ջոզեֆ Ստիգլիցը այն կարծիքն է հայտնում, որ նոր պահանջներ առաջադրելու փոխարեն վարկատուները պետք է դուրս գրեն Հունաստանի պարտքերը կամ գոնե 10-15 տարով հետաձգեն վճարումները, որպեսզի երկրի տնտեսությունը կարողանա ոտքի կանգնել եւ ամրապնդվել: Բրյուսելում հրաժարվում են խոստովանել, որ բյուջեի պակասորդից դրա ավելցուկին անցնելիս քչերին է հաջողվել հասնել այն արդյունքներին, որոնց հասել է Հունաստանը վերջին հինգ տարում: Եվրոհանձնաժողովում եւ ԵՄ ԿԲ-ում չեն ուզում տեսնել, որ Հունաստանի կառավարությունը, չնայած ժողովրդի զրկանքներին, շատ հարցերում ընդառաջել է վարկատուների նոր պահաջներին, նշում է տնտեսագետը: Անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե վերջին հինգ տարիներին հույները «կերել են» գրեթե քառորդ տրիլիոն եվրո վարկեր եւ այժմ արժանի են իրենց բախտին: Սակայն բանն այն է, որ վարկատուների ֆինանսական օգնության միայն փշուրներն են հասել Հունաստան: Փողերը ծախսվել են հիմնականում մասնավոր վարկատուների վճարումների վրա, ներառյալ գերմանական եւ ֆրանսիական բանկերը: Խղճուկ ողորմություններ ստանալովՙ հույները այդուհանդերձ շատ թանկ վճարեցին Ֆրանսիայի եւ Գերմանիայի բանկային համակարգերը պահպանելու իրավունքի դիմաց: ԱՄՀ-ն եւ մյուս վարկատուները չունեն այն փողի կարիքը, որ իրենք պահանջում են Աթենքից: Սովորական պայմաններում այդ փողը, ամենայն հավանականությամբ, անմիջապես Հունաստանին կվերադարձվեր նոր վարկերի տեսքով: Ներկայիս ճգնաժամի մեջ գլխավորը ոչ թե փողերն են, այլՙ վերջնաժամկետների միջոցով հույներին անընդունելի պայմանների, դաժան խնայողության եւ այլ պատժիչ միջոցառումների պարտադրումը: Եվրոպան, որը ամենքից շատ (բացառությամբ թերեւս ԱՄՆ-ի) է խոսում ժողովրդավարության մասին, ամբողջ ուժով ջանում է թույլ չտալ հույների կամքի ազատ արտահայտում եւ հրաժարվում է թեկուզ մի քանի օրով երկարաձգել պարտքի վճարման ժամկետները, ընդգծում է Ստիգլիցը: Նոբելյան մրցանակի դափնեկիրը վստահ է, որ տվյալ պարագայում ամեն ինչի պատճառը ոչ թե փողն ու տնտեսությունն են, այլ քաղաքականությունը: Տարեսկզբին կայացած ընտրություններում հույները քվեարկեցին դաժան խնայողությունից հրաժարվելու օգտին: Եթե վարչապետ Ցիպրասի կառավարությունը հստակորեն կատարեր բոլոր նախընտրական խոստումները, ապա վաղուց մերժած կլիներ վարկատուների առաջարկությունները, չսպասելով հունիսի 5-ի հանրաքվեի արդյունքներին: Սակայն ժողովրդավարության հայրենիք Հունաստանի կառավարությունը չէր կարող նման կարեւոր հարցում անտեսել ժողովրդի կարծիքը. հանրաքվեն կազմակերպվեց եւ անցկացվեց ընդամենը 9 օրվա ընթացքում: Ժողովրդի 61,3 տոկոսը մերժեց վարկատուների պահանջները: Ինչ վերաբերում է եվրոգոտուն, այն ի սկզբանե շատ հեռու է ժողովրդավարությունից: Ջոզեֆ Ստիգլիցը հիշեցնում է, որ եվրոգոտւ անդամ կառավարությունների մեծամասնությունը սեփական ժողովրդի կարծիքը չի հարցրել ֆինանսական գերիշխանությունը ԵՄ ԿԲ-ին փոխանցելուց առաջ: Իսկ երբ Շվեդիայի կառավարությունը որոշեց պարզել շվեդների կարծիքը, նրանք պատասխանեցին «ոչ», քանզի գիտեին, որ ԵՄ ԿԲ-ի գերիշխանութունը կնշանակեր գործազրկության աճ եւ տնտեսական դժվարություններ: Նման պայմաններում զարմանալի չէ, որ ԵՄ ղեկավարների մեծամասնությունը երազում է Ալեքսիս Ցիպրասի ձախամետ կառավարության տապալման մասին: Այդ կառավարությունն ընդդիմանում է եվրոգոտու քաղաքականությանը: Եվրոպացի ղեկավարներն ուզում են տապալել Հունաստանի ձախամետ իշխանություններին, նրանց ստիպել ընդունելու «եռյակի» կոշտ առաջարկությունները եւ խախտելու նախընտրական խոստումները: Եթե հունիսի 5-ին հույներն «այո» ասեին, ապա կհայտնվեին գրեթե անվերջանալի լճացման պայմաններում: Մինչդեռ «ոչ»-ը ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող հույներին գոնե հնարավորություն է տալիս տնօրինել իրենց ապագան: Վերջինս գուցե այնքան էլ բարեկեցիկ չլինի, որքան անցյալը, բայց ամեն դեպքում կպարփակի ավելի մեծ հույսեր, քան ներկայիս փորձություններն են: Ի դեպ, Ջոզեֆ Ստիգլիցը չի հավատում վարկատուների «եռյակի» հակաճգնաժամային ծրագրի արդյունավետությանը: Հավելենք, որ Եվրոմիության հակահունական քայլերն ուղղված են նաեւ Ռուսաստանի դեմ: Քանզի հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսաստանցի նորահարուստներից շատերը հիմնականում անօրինական միջոցներով դիզած փողերի զգալի մասը պահ տվեցին Հունաստանի եւ Կիպրոսի հունական բանկերին: Ներկայումս այդ հաշիվները սառեցված են: Կիպրոսի 3-րդ քաղաքըՙ նավահանգստային Լիմասոլը, ներկայումս փաստորեն ռուսաստանցիների վերահսկողության տակ է: Իտալական «La Stampa» թերթը հունիսի 6-ին գրեց, որ Հունաստանի ֆինանսական ճգնաժամից օգտվելովՙ ռուսական մաֆիան ընդլայնում է իր ազդեցությունը Եվրոպայում: Հունական մի շարք նավահանգիստների վերահսկումը դյուրացնում է թմրադեղերի անօրինական շրջանառությունն ու վաճառքը: Հետխորհրդային տարածքից Հունաստան են թափանցել զանազան խմբավորումներ, որոնք արդեն վերահսկում են տնտեսության հիմնական ճյուղերը: Թերթի պնդման համաձայն, Հունաստանը որպես հենակետ է օգտագործվում ամբողջ Եվրոպայում ռուսների ազդեցությունն ուժեղացնելու համար: |