ՍԻԴՆԵՅ: «1915-Ը» ԸՆԴԴԵՄ «ՋՐԱԳՈՒՇԱԿԻՆ» Հ. Ծ. Վերջերս Վիլոբիի (Ավստրալիա) Հայկական մշակութային կենտրոնում կայացել է «Հոլիվուդը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով քննարկում, որի ընթացքում «1915» գեղարվեստական ֆիլմի սցենարիստները եւ ռեժիսորները անդրադարձել են Ավստրալիայում այդ օրերին կարճատեւ կինոդահլիճային ցուցադրման արժանացած «1915» հոգեբանական «թրիլլերին» եւ «Ջրագուշակը» պատմական ֆարսին: Առաջինի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը: Դերասանական կազմում ընդգրկված են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը եւ Սեմ Փեյջը: Երաժշտությունըՙ Սերժ Թանգյանի: Սիդնեյում ֆիլմի ցուցադրությունը հնարավոր է դարձել Համազգային մշակութային միության ջանքերի շնորհիվ: Հրապարակ է հանվել նաեւ ֆիլմի թվայնացված տարբերակը: Այդ ֆիլմի մասին «Լոս Անջելես Թայմսը» ապրիլին Մ. Նահանգներում, Հայաստանում եւ Ռուսաստանում ցուցադրվելու օրերին գրել էր. «Ստեղծագործական պատշաճ մոտեցում արդարամտորեն շոշափելու նման կոթողային մի թեմա»: Իսկ մրցանակակիր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը այն որակել էր «հավակնոտ, հրատապ եւ կրքառատ»: Երկրորդ ֆիլմըՙ «Ջրագուշակը» (The Water Diviner), որն ավելի առաջ էր ցուցադրվել Սիդնեյում, ավստրալացի հայտնի դերասան Ռասըլ Քրոուի ռեժիսորական առաջնեկ է, որը Գալիպոլիի ճակատամարտում թուրքերի հաղթանակը փառաբանելով ամբողջովին մոռացության է մատնում Հայոց ցեղասպանությունը: «Դա զուտ գովաբանական մի ֆիլմ է, որը ջուր է լցնում Ցեղասպանության ժխտման ջրաղացին», նշել են «1915» ֆիլմի հեղինակները: Ի դեպ, «Թուրքական կիբեռ բանակը» հաքերային հարձակման է ենթարկել «1915» ֆիլմի կայքէջերը: Տեղեկությունըՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից: |