RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1264, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՆԵՐԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՐՏՔԸ

Պ. Ք.

Այսօր հույների մեծամասությունը Գերմանիան համարում է Հունաստանի «գերեզմանափոր»: Մինչդեռ վեց տասնամյակ առաջ Հունաստանը որոշակի չափով նպաստել էր Գերմանիայի վերածնությանը, երբ մի շարք այլ երկրների հետ ներել էր գերմանացիների պարտքերը: Բեռլինում չեն ուզում հիշել Գերմանիայի պարտքերին նվիրված լոնդոնյան կոնֆերանսը, թեեւ կարելի է զուգահեռներ անցկացնել 1953 թ. եւ 2015 թ. իրադարձությունների միջեւ:

Երկրորդ աշխարհամարտից հետո Արեւմտյան Գերմանիայի տնտեսության սրընթաց աճը «գերմանական հրաշք» են անվանում: Դաշնային հանրապետությունում հենց միայն 1953-1963 թթ. արդյունաբերական արտադրության ծավալը կրկնապատկվեց, հիշեցնում է «Էքսպերտ.ռու» կայքէջը:

Գերմանացիներին փոքր հասակից ներշնչում են, որ իրենց ազգի աշխատասիրության եւ ամերիկացիների փողերի շնորհիվ իրականացվեց «գերմանական հրաշքը»: Մինչդեռ «հրաշքը», ամերիկացիներից բացի, ֆինանսավորել են նաեւ ուրիշ երկրներ, այդ թվում Հունաստանը, որն ինքը այսօր վարկատուներին պարտք է քառորդ տրիլիոն եվրո:

1953 թ. Գերմանիայի պարտքերը կազմում էին երկրի ՀՆԱ 25 տոկոսը, որը Հունաստանի ներկայիս 175-ի համեմատությամբ քիչ է, բայց դարձյալ կարող էր բարդություններ ստեղծել, քանզի համաշխարհային տնտեսությունը սպառնում էր գերսղաճ:

Գերմանացիները պարտք էին յոթ տասնյակ երկրների, իսկ գլխավոր վարկատուներն էին եվրոպական գրեթե բոլոր երկրները, ներառյալ Հունաստանը:

Ըստ Վերսալի պայմանագրի, արեւմտագերմանացիները դեռ 1930-ականներին 16 մլրդ մարկ ռազմատուգանք պետք է վճարեին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի բանկերին, բայց այդպես էլ չէին վճարել: Երկրորդ աշխարհամարտից հետո Արեւմտյան Գերմանիան իր գործարար համբավը վերականգնելու նպատակով որոշեց վճարել: ԱՄՆ-ից եւ այլ երկրներից նույնքան վարկ էր ստացվել երկրի վերականգնման նպատակով:

Լոնդոնի կոնֆերանսում գերմանական պատվիրակության ղեկավարը բանկատեր Հերման Յոզեֆ Աբսն էր: 1952-ի ամռանը սկսված բանակցություններն ավարտվեցին 1953-ի օգոստոսին: Մասնակից տասնյակ երկրների նախագահները եւ վարչապետերը ուզում էին, որ Արեւմտյան Գերմանիայի տնտեսությունը վերականգնվի, քանզի գերմանական արտադրանքը միշտ մեծ պահանջարկ էր ունեցել: Բացի դրանից, որոշ դեր խաղաց վախը Արեւելյան Գերմանիան վերահսկող ԽՍՀՄ-ի հանդեպ:

Լոնդոնում պարտքերի 50 տոկոսը դուրս գրվեց, այսինքն ներվեց: Դա վերաբերում էր ոչ միայն պետությանը, այլեւ մասնավոր ներդրողներին:

Փոխառությունների մնացյալ մասի վճարումը շաղկապվեց արեւմտագերմանական տնտեսության վիճակի հետ եւ տեւեց 30 տարի: Արեւմտյան Գերմանիան պարտքերի վճարումը պետք է սկսեր առեւտրային դրական հաշվեկշռի ապահովումից հետո միայն: Գերմանացիները վարկատուներին վճարելու էին իրենց արտահանության հասույթի նվազ քան 3 տոկոսը: Բացի դրանից, պարտքերի մի մասի վճարումը հետաձգվեց անորոշ ժամկետով եւ պետք է կատարվեր երկու Գերմանիաների վերամիավորումից հետո: Այսպիսով ուժեղացավ Գերմանիայի արտահանական գործունեությունը, քանզի պարտքերը վճարվում էին արտահանության հասույթից:

Բազմաթիվ տնտեսագետներ եւ պատմաբաններ գտնում են, որ Լոնդոնում Գերմանիայի պարտքերի 50 տոկոսի դուրսգրումը վճռական գործոն դարձավ երկրի տնտեսության վերականգնման եւ տնտեսական «հրաշքի» մեջ:

Ի դեպ, երբ այս տարվա հունվարին վարչապետ դարձած Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին խնդրեց դուրս գրել Հունաստանի պարտքերի 50 տոկոսը եւ հետագա վճարումները շաղկապել երկրի տնտեսության վիճակի հետ, նա մերժում ստացավ ԵՄ բոլոր անդամներիցՙ Գերմանիայի գլխավորությամբ: Բեռլինում իբր մոռացել են, որ 62 տարի առաջ հենց իրենք էին հայտնվել նման վիճակում, եւ որ ուրիշներն ընդառաջել էին իրենց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ