RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2074, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԱՂԱՍԻ ԱԼԵՔՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔՙ ՕՏԱՐ ԱՓԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԴԻՄԱԳԻԾԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ, մեծ հայրենասեր եւ տարիներ շարունակ իր հայապահպան գործունեությամբ աչքի ընկնող Աղասի Ալեքյանը, ում անցյալ տարի շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, դարձավ 50 տարեկան:

Թեեւ ճակատագրի բերումով ավելի քան քառորդ դար առաջ բնակություն է հաստատել Ռուսաստանի «եվրոպական սրտում»ՙ հնամյա Նիժեգորոդի մարզում, այնտեղ զրոյից սկսելով դարձել հզոր բիզնեսմեն եւ արժանացել տեղաբնակների համակրանքին ու ջերմ վերաբերմունքին, օտար ափերում ոչ միայն պահպանել է հայ մարդու դիմագիծը, այլեւ հոգով եւ սրտով մշտապես իր հայրենիքի հետ է եւ դժվարին պահերինՙ նրան նեցուկ է ու կարեկից:

Ծնվել է 1965 թ. հունիսի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 1982-ին ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցըՙ մեկ տարի անց զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայությունն անց է կացրել Մոսկվայում: Զորացրվելուց հետո ընդունվել եւ 1990-ին ավարտել է Գորկու Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 2007-2009 թթ. ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը` գերազանցությամբ ավարտելով Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` «Պետական եւ մունիցիպալ կառավարում» մասնագիտացումով: Ամուսնացած է, ունի 5 երեխա` 3 դուստր եւ 2 որդի:

Համալսարանն ավարտելուց հետո ստեղծել է մի շարք ընկերություններ, տարեցտարի ընդլայնել գործունեությունն ու մեծ հաջողությունների հասել: 1997-ին նրա կողմից հիմնադրված «Ավտոբան» ընկերությունը կարճ ժամանակում դարձավ Գորկու ավտոգործարանի 12 խոշոր դիլերներից մեկը: Ավտոմեքենաների վաճառք իրականացնող «Ավտոբանը» միաժամանակ սկսեց զբաղվել նաեւ ճանապարհաշինությամբ եւ ճանապարհների նորոգումով: Ընկերությունը գնեց հզոր տեխնիկա, ձեռք բերեց ասֆալտբետոնի սեփական գործարան եւ ճանապարհների որակի վերահսկման մասնագիտացված լաբորատորիա: 2005-ին «Ավտոբանը» դարձավ ճանապարհաշինությամբ զբաղվող տասը խոշորագույն ընկերություններից մեկը Ռուսաստանում: Այդ ընթացքում կյանքի կոչվեցին բազմաթիվ մեծ ծրագրեր. ճանապարհների շինարարություն, նորոգում եւ բարեկարգում Նիժեգորոդի մարզում, Նիժնի Նովգորոդ քաղաքում, Գորկի քաղաքի երկաթուղու եւ մի շարք զորամասերի տարածքներում ու բազմաթիվ այլ վայրերում: Ընկերությունը դարձավ ճյուղի խոշոր առաջատարը ամբողջ Նիժեգորոդի մարզում: Այդ ամենին զուգահեռՙ «Ավտոբանը» ընդլայնեց իր գործունեությունն ու սկսեց զբաղվել նաեւ բնակարանաշինությամբ:

Աղասի Ալեքյանը իր բազմաթիվ բարեգործական ձեռնարկումներից զատ, նաեւ կարողացել է երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ Նիժնի Նովգորոդի համալսարանը դարձնել հայագիտության առաջատար կենտրոններից մեկը, եւ արդեն 3-րդ տարին է այստեղ կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, որոնց մասնակցում են գիտնականներ, դիվանագետներ, ասպիրանտներ եւ բազմաթիվ հյուրեր ՌԴ-ից, Հայաստանից եւ արտերկրից:

Հայ համայնքի ղեկավարն իր բարեգործական ձեռնարկումներում աչքաթող չի արել նաեւ մարզական բնագավառը. 2008-ին Ալեքյանը դարձավ Նիժնի Նովգորոդում անցկացված մանկապատանեկան համառուսական ազատ ոճի ընբշամարտի առաջնության գլխավոր հովանավորը, իսկ 2007 թվականից մինչ օրս Մոսկվայում անցկացվող եւ տարեցտարի մեծ համբավ ու ճանաչում վայելող «Արմենիա-Դիասպորա» խորագիրը կրող թենիսի ամենամյա բաց առաջնության գլխավոր հովանավորներից մեկն է:

2014-ի մայիսի 25-ին Նիժնի Նովգորոդում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, որի գլխավոր հովանավորը Աղասի Ալեքյանն էր: Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւների հանձնման արարողություն: Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահին հանձնեց բարձր պարգեւը` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Այդ օրը ուշագրավ եւ բնութագրական էր Նիժնի Նովգորոդի ադմինիստրացիայի ղեկավար Օլեգ Կոնդրաշովի խոսքը.

- Ես հիացած եմ հայ ազգով, Աղասի Ալեքյանով, նրա ղեկավարած հայ համայնքի համախմբվածությամբ: Հայերը վաղուց ի վեր դարձել են մեր քաղաքի անբաժանելի եւ օրինակելի մասնիկը, ակտիվ ներգրավված են մեր տնտեսական եւ մշակութային կյանքում: Եվ այս իրողությունը մեկ անգամ եւս խոսում է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր ու անքակտելի բարեկամության մասին: Դրա վառ վկայությունն էլ, խնդրեմ, այն փաստն է, որ Նիժեգորոդի մարզի եկեղեցիների վերականգնողական աշխատանքների համար Աղասի Ալեքյանն արժանացել է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու «Սուրբ Սերաֆիմի» առաջին աստիճանի մեդալի...

- Մեր հայ համայնքը հպարտանում է իր ձեռքբերումներով,-ասում է Աղասի Ալեքյանը,- ռուսական այս անկյունում հավաքված մեր հայրենակիցները, որոնց մեջ կան մեծ թվով շնորհալի, տաղանդավոր եւ արժանապատիվ մարդիկ, մխիթարվում են նրանով, որ այս խառը ժամանակներում կարողանում են ոչ միայն պահպանել հայ մարդու իրենց դիմագիծը, այլեւ ուժերի ներածին չափով ձեռք մեկնել Հայրենիքին: Ինչ վերաբերում է իմ հայաստանյան գործունեությանը, ապա ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում իմ հիմնած «Հով-Խաչ» ընկերության կողմից կառուցվել եւ 2010-ին շահագործման է հանձնվել «Յոթաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու եւ ոռոգման ջրով ապահովում է իմ հայրենի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր եւ Ողջաբերդ համայնքներին: Ներկայումս ընկերությունը նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան...

Բոլորովին վերջերս կես դարը բոլորած մեր հայրենակիցն այսօր էլ լի է երիտասարդական եռանդով եւ դեռեւս կյանքի կոչելու բազմաթիվ ծրագրեր ունի: Յուրաքանչյուր բացվող առավոտը նրա համար մի նոր մտահղացման սկիզբ է, եւ Աղասի Ալեքյանը ամեն օր տնից դուրս է գալիս այդ մտահղացումները իրականություն դարձնելու մեծ հավատով:

Շնորհավոր հոբելյանդ, օտար ափերում հայ մարդու դիմագիծը պահպանելու համար նախանձախնդիր մեր հայրենակից: Հաջողություններ ենք մաղթում քո դժվարին, բայց պատվաբեր առաքելության մեջ: Նաեւՙ ուժ, կորով եւ անսպառ եռանդ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ