RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1820, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեւանը ողջ է, շնչում է, ապրում, ուրախանում, տխրում, եւ, ինչպես բոլոր շնչավորները, նույնպես նեղանում ու վիրավորվում մարդ արարածի նման, բարկանում, գովում, փաղաքշում եւ պատժում... բոլոր մարդկային կրքերի հանգով:

Երեւանին նեղացնում են բոլոր ամբարտավանները, դատարկաբաններն ու փառամոլները, Երեւանը հատկապես նեղանում է ստախոսներից, որոնք արտաբերվող ստախոսությամբ տատանում են Երեւանի օդն այնպես, որ ստախոսության մեծ դոզայից փոքրիկ մրրկասյուներ են առաջանում. դրանք, ճիշտ է, չեն կարող վնասել, բայց կեղտոտում են մարդկային դեմքերը, ոտնիգլուխ ողողելով քաղաքն ու քաղաքացուն: Երեւանը նեղանում է օպերայի մոտ հակադրության ցցուն դրսեւորումից` մի կողմից մի քանի վտիտ տղա օրերով հաց չեն ուտում, թե` հոսանքը մի թանկացրեք, մյուս կողմից` այդ վտիտների չաղլիկ ու ախորժակով սուշի ուտող սեռակիցները նույն օպերայի կաֆեներում նստոտած հանգիստ ծամում են, ու այդ հակադրությունից, թե՞ անտարբերությունից, Երեւանի վիրավորանքը լցվում է աչքերի մեջ` երեսծեծանքի պես: Երեւանը նեղանում է «պրոֆեսիոնալ հեղափոխականներից», վճարովի քաղաքացիականներից, բոլոր նրանցից, ովքեր իրեն ու իր իսկական քաղաքացուն դնում է հիմարի տեղ, ուտում եւ միզում փողոցներում եւ այգիներում` թե «պրոֆեսիոնալ հեղափոխությամբ ենք զբաղված»: Հո նա` Երեւանը, մեկ-մեկ գիտի` ով-ով է, լսում է ոչ միայն բարձրաձայն ասվողը, այլեւ պուճախներում փսփսվողը: Երեւանը շատ, շատ է նեղացած իրեն անտեսողներից, իրեն որպես վահան օգտագործողներից, «Բարեկարգ Երեւան» գրող, բայց իր կանաչներն ու մայթերը զավթողներից: Երեւանին հանգիստ թողեք, մի ոլորեք նրա կանաչ ձեռքերը, մի տրորեք նրա այգոտ ոտքերը, սեփական օբյեկտները կառուցելիս մի գրեք` «Ավելի բարեկարգ Երեւան»:

Երեւանը հոգնել է ամեն օր բարձրաձայնվող ստից ու կեղծիքից, Երեւանը տխրում է հայրենիքում ապերջանիկ ապրող, կայանալ չկարողացող հայերի բազմության համար, Երեւանը տխրում է հայերի կառավարող մասի երեսպաշտությունից, Երեւանը տխրում է դատարկ ճառերից, թղթերին, հատկապես թղթերին բազմող ստախոսությունից` մամուլի հաղորդագրություն անունով:

«Հեղափոխության» ֆիզիոլոգիան

«Ոչ թալանին» նախաձեռնության տղաները (չգիտենք` որտեղից եկան նրանք եւ ուր են գնալու) եկան, երեք օրում ոտքի հանեցին մարդկանց, երեք օրից կողք քաշվեցին. նրանց ստեղծած ժառանգությունն անմիջապես խլեցին մյուսները` ինչպես Հայաստանում վատ դրված եւ լավ չպահպանվող ամեն բան է խլվում:

Աշխուժացան բոլոր նրանք, ովքեր միշտ եւ ամեն դիպվածով, ի պաշտոնե, աշխատանքի բերումով, հաստիքո՛վ պետք է աշխուժանան ու ասեն այն, ինչ ամեն անգամ ասել են, ինչը մահու չափ հոգնեցրել է բոլորին, եւ ինչը միշտ հանգեցրել է «հեղափոխությունների» մահվանը, փուչիկների գազը թողնելուն: Երեւանը հոգնել է իրեն մահու չափ հոգնեցրած դեմքերից, ու դրանք հո ավագ տարիքի դեմքերը չեն հատկապես, այլ նաեւ երիտասարդ ծերուկները` զանազան գոբսեկներ, պատեհապաշտներ եւ կյանքի հաշվետարներ:

Բաղրամյան փողոցում անհայտ ու հայտնի մոդերատորների հայտնվելուց հետո (նկատի ունեմ` նախաձեռնության երեքօրյա պիկն անցնելուց հետո) այնքան բան կարելի էր պեղել, եթե բանուգործդ թողնեիր ու կամ ներկա լինեիր բողոքի ողջ ընթացքին, կամ խոհանոցում նստած`միացրած պահեիր ուղիղ միացումը:

Կտեսնեիր ծակուծուկերից ելած, վաղուց մարած քարտ-անցյալի «հեղափոխականների», որոնք ամեն նոր «հեղափոխությամբ» աշխուժանում են` երանելի ժամանակի վերադարձի երազանքով: Կտեսնեիր ժողովրդի մարդ ձեւացող իշխանավորների, որոնք իրենց ջայլամի տեղ էին դնում ու մերկ քամակները ցուցադրում: Կտեսնեիր ուշ գիշերին իշխանական օթյակներից «նակազներ» ստացող, առավոտյան որպես ձիգ դեմոկրատ ու թունդ անկախ անկողնում վեր թռած լրատվական ասերի: Կտեսնեիր պերճախոս եւ կմկմիկ գնդապետների: Կտեսնեիր սուլվող նախարարի ու արտաքսված պատգամավորների: Կտեսնեիր ողջ այդ խառնափնթորի միասնական երազանքը` գոնե մի քանի րոպեով նույնանալ ֆոնի հետ եւ այդպես իմաստավորել աննպատակ եւ անժողովուրդ գոյությունը սեփական անձի: Հա, բայց ֆոնն էր արագ գունազրկվել` չհասցրին, երկու գունազրկված սուբյեկտ կտավի վրա կարող են ստեղծել մի պատկեր միայն` անգո՛ւյն:

Կտեսնեիր ոստիկանապետի, ով մի օր կատաղում էր, մյուս օրը նուրբ զրույց վարում փոքրիկ հեղափոխական Այծեմնիկի հետ (դե, երեւի իր բառապաշարով պիտի «կազյոլ» ասեր` փաղաքշական ու ավելի քաղաքավարի այդ դիմելաձեւն ընտրեց), Աստվածաշունչը մեկնաբանում ոստիկանավարի, ապա եւ` ժամանակ տալիս ցուցարարներին այնպես, ինչպես խոսկապի գնացած տղամարդը չեմուչում անող հնարավոր հարսնացուին է համոզում-ժամանակ տալիս: Ու մնում է նստվածքը` «Այծեմնիկ ջան»: Մի երկրորդ մարդ կա, ասում են, որ ուզում է ոստիկանապետ դառնալ, ոնց կուզենար, ախ, ինքն ասեր` Այծեմնիկ ջան: Միգուցե դեռ ուշ չէ, երեկ ցույց էր, առաջիկայում նույնպես կլինեն ցույցեր ու երթեր, մի օր կարող է փորձարկել` Այծեմնիկ ջան, ոստիկանապետ դառնալու ըղձանքին զուգահեռ: Ով փիարվելու կարիք ունի` դեռ լիկբեզ անելու հնարավորություն շատ կստանա ցուցարարներից «սվոյ» ձեռնասունների աջակցությամբ Դե փողոցն ու ցույցերը ամենալավ տեղերն են դարձել` ապագա իշխանավորների դեմքերի իրական դաժան գծերին թվացյալ գեղեցիկ կամ մեղմ նրբաշերտեր ու շտրիխներ դնելու համար:

Հացադուլ

Ես, օրինակ, ուզում եմ հացադուլ անել ու ամուսնուցս տան նորոգում պահանջել: Իմ ֆեյսբուքյան բարեկամ Դավիթ Սանասարյանին պիտի հարցնեմ` ի՞նչ է մտածում, այս միջոցը կգործի՞, ամուսինս կտրվի՞ իմ շանտաժին: Թե՞ կհամարի խռովկան երեխայի պահվածք, որն իր ուզածին հասնելու համար հրաժարվում է կերակուրներից: «Մեծ մարդ ես, կասի, ի՞նչ երեխայություն ես անում»: Երեխայություն, թե ոչ` «Ոչ թալանին» նախաձեռնողներն այդ ամենին այլեւս կողքից են նայում, դա տարաձայնություն չէ, որ մի կողմ դնեն, ինչպես Դավիթ Սանասարյանն է ասում, այլ սկզբունքի խնդիր, մանավանդ նրանք, որ սկսում էին բողոքը` Դավիթը չկար, Եվրոպայում էր: Ընդամենը փոխանցեմ հասարակական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի մինի բանավեճը նույն ֆեյսբուքում, թե. «Դավ ջան, գիտես, թե քեզ ոնց եմ վերաբերվում ու որքան զգույշ եմ քո մասին տեսակետ հայտնելիս, բայց, բացի նրանից, որ առողջակսն, ֆիզիկական վիճակովդ եմ մտահոգվում` էս քայլը հանրային հարթակից շեղում է ուշադրությունը անձիդ վրա, իսկապես, այն, ինչ խոսում էինք երկու օր առաջ` չլինեն լիդերներ, չլինեն հերոսներ, ճիշտ հակառակն ես անում, հերոսացումը հացադուլի միջոցով ամենավտանգավոր բանն է, ինչ կարելի է հիմա անել հանրային պատասխանատվությունն ու մոբլիզիացիան թուլացնելու համար: Մեկը թող մեզ համար զոհվի, մեկը թող մեր հարցերը լուծի, մենք էլ գնանք տունը նստենք , ուղիղ եթերով նայենք ողբերգական թատրոնը: Էդ ելք չի, հավատա...»: Ես չասացի, այլ` Զարուհի Հովհաննիսյանը...

Ինչ-որ Ստեռլիգով

Ինչ որ Ստեռլիգով եկել է Արցախում հողեր առնելու եւ բիզնես գործունեություն ծավալելու, նրա կին Ալյոնան էլ որոշել է նորաձեւ հագցնել արցախցիներին, իսկ թե իրականում ի՞նչ կա այս ամենի տակ, ով ո՞ւմ է քոլոմստում, դժվար չի լինի պարզելը, եթե, իհարկե, որեւէ մեկը չծուլանա դա պարզել: Բայց որ Արցախի գլխին մի բան փորձարկում են` սա հաստատ: Ուրիշ ի՞նչ մտածես, երբ ինչ-որ հնադավան կամ ինչպես իրենք իրենց են կոչում` մոլոկան, կասկածելի անցյալով, ինտերնետում առկա` գիտնականներին ֆիզիկապես ոչնչացնելու կոչով, հայտնվել է Արցախում, ու գլխից դուրս մեծ-մեծ բաներ է խոսում: Տեսնես ի՞նչ տեխնոլոգիա է փորձարկում եւ ում հանձնարարությամբ: Դեռ ասում է, որ Շուշիի Ղազանչեցոց 58 հասցեից ասուլիս է անելու երկուշաբթի. արցախցի լրագրողներին կխնդրեի ոչ թե հիացմունք պարունակող հարցեր տալ, ինչը սովորաբար մերոնք անում են` նկատի առնելով պոտենցիալ ներդրում անողի, այլ էս օրերին մեր մեջ առկա կասկածները մարմնավորել, թե` այ ռուս գործարար-մոլոկան, գլոբալ ջերմացումից տաքացած, կանաչի մեջ կորած Սիբիրն ու Ալթայը թողած` ինչ ես կորցրել Արցախում, ի՞նչ կա ատամիդ տակ ու քեզ ուղարկողների ատամի տակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ