ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՎԻՐՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Հ. Ծ. Անմիջական թողարկման համար նախատեսված Զորյան ինստիտուտի (Կանադա) հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այդ կառույցի բաժանմունքներիցՙ «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը» հրատարակել է իր «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» (Genocide Studies International) հանդեսի հերթական, 2015 թվականի գարնանային համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայերի, ասորիների եւ հույների հանդեպ Օսմանյան կառավարության իրականացրած ցեղասպանություններին: Հանդեսը, որն ընդգրկում է 6 հիմնական հոդվածներ, խմբագրել է պրոֆ. Ռոջեր Սմիթը , որն էլ գրել է «Ներածություն: Հայերի, ասորիների եւ հույների օսմանյան ցեղասպանությունները» առաջին հոդվածը: «Վիճարկելով Հայոց ցեղասպանության մասին մեկնաբանությունները: Հաջորդականություն եւ դավադրություն, ընդհատություն եւ համընդհանուր արմատականություն» խորագրով թեման է արծարծել պրոֆ. Ռոբերտ Մելսոնը : Նա քննարկել է 1894-96 եւ 1915-23 թվերի ցեղասպանությունների հարաբերությունը, հիմնվելով որոշ պատմաբանների այն պնդման վրա, որ երկրորդ շրջանի ցեղասպանությունը եղել է առաջինի շարունակությունը, եւ որի արմատները պետք է որոնել իսլամի եւ օսմանյան մշակույթի տիրույթներում, եւ երկրորդ խմբի պատմաբանների պնդման վրա, որ երկրորդ շրջանի ցեղասպանությունը որակապես տարբեր է եղել առաջին շրջանի կոտորածներից, եւ որի նպատակն է եղել արմատական քաղաքականություն վարելը: Երրորդ հոդվածի հեղինակն է պրոֆ. Թեսսա Հոֆմանը , ով ուսումնասիրել է գերմանական դիվանագիտական թղթակցություններն ու ականատեսների վկայությունները, որոնք պահպանված են Բեռլինի արտգործնախարարության քաղաքական արխիվներում: Նա քննության է առել նաեւ Գերմանիայի մեղսակցությունը հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններում: «Հայոց ցեղասպանության ակադեմիական ժխտումը ամերիկյան գիտնականների կողմից: Ժխտումը որպես հորինված վիճաբանություն» թեմային է անդրադարձել Մարկ Մամիկոնյանը : Նա հոդվածում քննարկել է ժխտման զարգացումը վաղ շրջանից մինչեւ մեր օրերի առավել նուրբ դրսեւորումները: «Ասորական ցեղասպանության բարդության» մասին է գրել պրոֆ. Դեյվիդ Գաունտը , իսկ Վասիլիոս Մեխանեցիդիսը համապարփակ քննության է ենթարկել 1913-1923 թվերին հույների հանդեպ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը: Անդրադառնալով նաեւ հայերի եւ ասորիների ցեղասպանություններին նա փորձել է բացահայտել զուտ ազգային, մահմեդական երկիր կառուցելու օսմանյան թուրքերի նպատակը: Հանդեսի վերջում Հայ ազգային ինստիտուտի (Հայ դատի) տնօրեն դոկտ. Ռուբեն Ադալյանը գրախոսել է Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը ընդդեմ մարդկության: Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկական զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը: Հավելյալ տեղեկությունների եւ «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» հանդեսից օրինակներ ցանկացողները կարող են դիմել http:/www.utpjournals.com/Genocide-Studies-International.html կայքին: |