RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



ՍՏԱԼԻՆՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1733, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայաստանը փոքր երկիր է հարուստ հինավուրց կոթողներով, խորհրդային շրջանում գրողներին, երգահաններին եւ հերոսներին նվիրված բազմաթիվ հուշարձաններով: Պատմա-ճարտարապետական շատ կառույցներ եւ եկեղեցիներ դեռեւս անմխիթար վիճակում են եւ սպասում են, որ պատկան մարմիններն իրենց հոգատար վերաբերմունքով ոչնչացումից փրկեն իրենց:

Նման պայմաններում գուցե եւ ավելորդ թվա մի նոր հուշարձան կառուցելու առաջարկը: Բայց ժամանակն է, որ մենք նայենք անցյալի մեր պատմության մեկ այլ սեւ ժամանակահատվածին եւ մի նոր հուշակոթող կանգնեցնենք ստալինյան բռնություններին եւ հետապնդումներին զոհ գնացած մարդկանց հիշատակին:

Միշտ մտածել եմ այն մասին, թե որքան նենգամտորեն բազմագիտակ պետք է լինեն բոլոր բռնապետները, որպեսզի ընտրեն եւ ոչնչացնեն մտավորականների շարքերից լավագույններին եւ ամենաընդունակներին: Կարիք չկա հավատաքննության (ինկվիզիցիայի) դարաշրջան հասնել գտնելու համար մտավոր ահաբեկչության ենթարկված զոհերի, որովհետեւ նույնիսկ արվեստի եւ գրականության բարգավաճման օրերին, Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ առաջին թագուհու ձեռքերը շաղախված են եղել իր ժամանակակից գրողների եւ գիտնականների արյունով:

Թալեաթ փաշան նույնքան «բազմագիտակ» պետք է լիներ, որպեսզի կարողանար բնաջնջելու նպատակով առանձնացնել Պոլսո հայ համայնքի սերուցքինՙ հանձինս Դանիել Վարուժանին, Գրիգոր Զոհրապին, Երուխանին, Տիրան Քելեկյանին, Ռուբեն Զարդարյանին, Արտաշես Հարությունյանին, Ռուբեն Սեւակին, Կոմիտասին եւ 200 այլ ականավոր գրողների եւ առաջնորդների:

Ստալինն իր հերթին պետք է ունենար նույն «հոտառությունը» կարողանալ մահվան ուղարկելու համար Չարենցին, Բակունցին, Թոթովենցին, Զաբել Եսայանին եւ 700 այլ գրողների, գիտնականների եւ քաղաքական առաջնորդների: Հարյուր հազարավոր անմեղ քաղաքացիներ էլ Սիբիր աքսորվեցին, որտեղ նրանք մահացան սովից ու անբարենպաստ պայմաններից:

Խորհրդային համակարգը բնակչության մեքենայությունների մի հսկայական փորձառություն էր, որն իր աղետալի վախճանն ունեցավ: Համակարգն այնքան ցինիկ էր, որ նույնիսկ «քվոտաներ» էր սահմանել միության մաս կազմող ամեն մի հանրապետության համար: Նշանակված էր որոշակի քանակ հասարակ մարդկանց զանգվածային տեղահանության համար: Որոշված էր նաեւ քանակը այն գրողների, մտավորականների եւ արվեստագետների, որոնց պետք էր ոչնչացնել: Տանջանքի գործիքները մի հանրապետությունից մյուսին էին փոխանցվում «խոստովանություններ» կորզելու համար հնարավոր հերթական զոհերից:

Փաստեր են հայտնաբերվել, որ խորհրդային ժամանակաշրջանի ականավոր պետական գործիչ Անաստաս Միկոյանը բռնապետին հաճոյանալու համար առաջարկել է 500-ով ավելացնել Հայաստանից հնարավոր զոհերի քանակը: Կարծիք կա, որ Սիբիր աքսորյալներից բացի, Ստալինը համաշխարհային Երկրորդ պատերազմում մոտ հարյուր հազար հայ զինվորների էր օգտագործել որպես թնդանոթի միս Կերչի ճակատամարտում (Ղրիմ):

Շատերը կարող են առարկել, ասելով, որ Ստալինի սարսափը միայն հայերի դեմ ուղղված չէր, բոլոր հանրապետություններն էին տառապում նրա բռնատիրական իշխանությունից, բայց տարբերությունն այն էր, որ Հայաստանը դեռ երերուն վիճակում էր, հազիվ էր փորձում վերագտնել իրեն ընդամենը մի երկու տասնամյակ առաջ պատուհասած դարաշրջանի առաջ ցեղասպանությունից: Մյուս տարբերությունն այն էր, որ հարյուրավոր սփյուռքահայեր, որոնք հայրենիք էին վերադարձել, ի վերջո հայտնվեցին սիբիրյան ճամբարներում: Հայրենիքի հանդեպ սփյուռքահայերի տածած սերը ստիպել էր հայրենի կառավարությանը զանգվածային հայրենադարձություն կազմակերպել Մերձավոր Արեւելքի երկրներից, Հունաստանից, Ֆրանսիայից եւ նույնիսկ Մ. Նահանգներից:

Նախքան հայերին մահապատժի ենթարկելը, նրանց մեղադրում էին «ազգայնական զգացմունքներ» դրսեւորելու մեջ: Մամուլում հայտնված նույնիսկ ամենափոքր քննադատությունը որեւէ գրողի հասցեին կարող էր դառնալ նրա մահախոսականը: Նույնիսկ եթե նրա գրքերում որեւէ ապացույց չգտնվեր, այն ենթադրությունը, որ նա իր մտքում կարող էր դրսեւորել «ազգայնական զգացմունքներ», բավարար կարող էր համարվել, որպեսզի նրան ուղարկեին դեպի մահվան դուռը:

Հմուտ գրականագետ Դավիթ Գասպարյանը 726 էջից բաղկացած հսկայածավալ մի գիրք է հրատարակել «Փակ դռների գաղտնիքը» խորագրով, որտեղ լուրջ ուսումնասիրության է ենթարկել KGB-ի (ՊԱԿ-ի) արխիվները: Պարզվում է, որ որեւէ գրողի դեմ ներկայացված մեղադրանքներն այնքան անհիմն ու մակերեսային են եղել, եւ կայացված վճիռներն այնքան կանխորոշված, քմահաճ ու վիճահարույց, որ լոկ զայրույթ կարող են առաջացնել: Շատ դեպքերում գրողների կյանքի ու մահվան որոշումները կայացվել են երեսուն րոպեից էլ պակաս ժամանակահատվածում:

Ըստ այդ գրքի, Ստալինը, քողարկելու համար իր անպատկառ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, 1937 թվին հնարել է «մի նոր ցինիզմ»: Նկատի առնելով, որ բոլոր զոհերը նախքան մահապատիժը գոռում էին «կեցցե Ստալինը», որ նշանակում էր, թե «Ստալինը բոլորի հայրն էր» եւ չէր կարող նման հանցանքներ գործել, ուստի պետք է ՊԱԿ-ը պատասխանատու համարվեր այդ բոլոր ոճրագործությունների համար: Նա դաժան պայքար է սկսել այդ կառույցի դեմ եւ ոչնչացրել 20 հազար գործակալների: Դա իր արձագանքն է գտել նաեւ Հայաստանում 1937 թվի սեպտեմբերին, եւ բոլոր նրանք, ովքեր հայ գրողների փաղանգն էին ոչնչացրել, տանջամահ արել, ուղարկվել են գնդակահարվելու: Նրանց թվում ամենավատահամբավներն էին Վահրամ Չիթունին, Խորեն Մուղդուսին, Իվան Գեւորգովը, Սահակ Տեր-Գաբրիելյանը եւ շատ ուրիշներ:

Ստալինի մահվանից հետո, 1953-ին, Նիկիտա Խրուշչովը խաղաղեցրեց մթնոլորտը եւ բռնակալության ենթարկվածների գրեթե բոլորի իրավունքները վերականգնվեցին: Սիբիրում ողջ մնացածները վերադարձան տուն: Գուրգեն Մահարին, Վահրամ Ալազանը, Մկրտիչ Արմենը եւ շատ ուրիշներ վերադարձան Երեւան հյուծված ու կոտրված: Նրանցից ոչ բոլորը վերապատմեցին աքսորում անցկացրած իրենց սարսափելի ոդիսականի մասին: Գուրգեն Մահարին, այդուհանդերձ, գրեց իր հեգնոտ հիշողությունները: Նրան դարձյալ Սիբիր աքսորեցին, ի դեպ Ստալինի մահվանից հետո, համարելով նրան «ժողովրդի թշնամի»: Դատարանի վճռի տպագրական սխալի հետեւանքով նրա բանտարկության ժամկետը 10-ից վերածվեց 11 տարիների:

Մկրտիչ Արմենը հրատարակեց կարճ պատմվածքները «Պատվիրեցին հանձնել Ձեզ» խորագրով իր ժողովածունՙ հիմնված աքսորի իր փորձառության վրա: Հաջորդ սերունդները այդ գրքով են ծանոթացել ողջ մնացածների տառապանքների մասին:

Մահվան մեքենային ծառայող բազմաթիվ գործակալներ ճակատագրի բերումով իրենց համապատասխան վախճանն ունեցան այդ նույն մեքենայի ճիրանների ներքո: Բայց այն գրողները, ովքեր չարագուշակ դեր ունեցան իրենց գործընկերների ճակատագրումՙ իշխանություններին տեղյակ պահելով նրանց մասին, ապրեցին երկար, շատ երկար, որովհետեւ նրանք համարվում էին «անձեռնմխելիներ»: Սովորաբար երկուՙ Հրաչյա Քոչար եւ Նաիրի Զարյան անուններն են հիշատակվում ամեն անգամ, որ խոսվում է այդ թեմայի շուրջ:

Երբ Հայաստանն անկախացավ, աքսորի կամ մահապատժի ենթարկողներից, նրանց ընկերներից ու ազգականներից շատերը դեռ ողջ էին եւ հնարավոր էր նրանց հարցնել Չարենցի կամ Բակունցի աճյունների գտնվելու վայրերի մասին, բայց կառավարական ոչ մի հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց ուսումնասիրելու եւ երեւան հանելու համար այդ մութ ժամանակաշրջանի փաստերը: Գործադրվեցին միայն անհատական նախաձեռնություններ: Դավիթ Գասպարյանն ինքն սկսեց պեղումներ կատարել Երեւանի արվարձաններից մեկում, որտեղ ըստ մի բանտապահի հիշողությունների, պետք է թաղված լինեին Չարենցի մասունքները: Հարցի վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերեցին նաեւ վիպասան Նորայր Ադալյանն ու երիտասարդ գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը: Բայց առայժմ պաշտոնական ոչ մի գործողություն չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:

Հայերս շատ ենք ձգտում, որ Թուրքիան բացի Օսմանյան արխիվները, որպեսզի Ցեղասպանության հետ առնչվող փաստերն առավել հանգամանալից ուսումնասիրվեն, բայց Հայաստանում շատ քչերն են օգտվում ՊԱԿ-ի արխիվներից, որոնք բաց են բոլորի համար:

Ստալինյան բռնատիրական ռեժիմի օրերին, սփյուռքահայությունը միանշանակ դրսեւորում չէր ցուցաբերում հարցի վերաբերյալ: Կային տարբեր մոտեցումներ: ՀՅԴ-ն, օրինակ, չափազանց քննադատական էր վերաբերվում, սակայն քանի որ այդ կուսակցությունն ընդհանրապես քննադատում էր Հայաստանում կատարված ամեն բան, դրական, թե բացասական, քննադատությունը կորցնում էր իր ազդեցությունը, նշանակությունը:

Համայնքի մյուս հատվածները ընդհանուր առմամբ լուռ էին, հավանաբար փորձելով հետապնդել հայրենասիրական մի քաղաքականություն: Նրանց մեջ միայն մեկը համարձակվեց բարձրաձայնել այդ հարցի շուրջ: Դա գրող, խմբագիր, քննադատ եւ հասարակական գործիչ Արշակ Չոպանյանն էր, ով լինելով Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարներից, Փարիզում Հայ դատի հետապնդման միանձնյա «հանձնախումբ» էր ստեղծել եւ «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսն էր հրատարակում, որտեղ 1938-ին Չարենցի եւ մյուս գրողների ճակատագրի մասին հոդվածներով էր հանդես եկել: Զարմանալի չէ, որ ստալինյան դահիճներից Լավրենտի Բերիան սպանել տվեց խորհրդային ժամանակների ականավոր պետական գործիչ Աղասի Խանջյանին, նրան մեղադրելով իր իսկ բնութագրմամբ «ֆրանսիական հետախուզության գործակալ» Արշակ Չոպանյանի հետ համագործակցելու համար:

Ստալինի ահաբեկչական մեքենայի առաջին զոհերը դարձան ուկրաինացիները, երբ Ստալինը սկսեց գործարկել իր գյուղատնտեսության կոլեկտիվացում ծրագիրը (1932-33), այդ երկրում վերացնելով կուլակներին (հողագործներին) եւ Եվրոպայի հացի շտեմարան համարվող երկրի բնակչությանը մատնելով սովի: Կուլակների դիմադրությանը դեմ դնելու համար Ստալինը արհեստական սով ստեղծեց երկրում: Ենթադրվում է, որ դրա հետեւանքում մոտ 7 միլիոն ուկրաինացիներ զոհվեցին: Ուկրաինացիները «Հոլոդոմոր» անունն են տալիս այդ երեւույթին, եւ 2006-ի անկախացումից հետո Ցեղասպանություն են որակում կատարվածը:

Հայ ժողովուրդը պետք է ընտրի մի համապատասխան օր հիշատակելու համար իր զավակների երկրորդ ցեղասպանությունը: Այո, հասկանալի է, որ Հայաստանի տարածքը առանց այն էլ չափազանց հագեցած է հուշակոթողներով, բայց հավատացած ենք, որ եւս մի հատիՙ ստալինյան զոհերի հիշատակը հավերժացնողի համար տեղ կգտնվի: Կարծում ենք վիետնամական պատերազմի հուշակոթողի ձեւաչափը, որտեղ անուն առ անուն հիշատակված են բոլորը, նպատակահարմար է, քանի որ այդ կերպ հետագա սերունդները կկարողանան պահպանել նրանց անմեռ հիշատակը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ