ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ` Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Գուցե հետեւենք իր ժողովրդին ուղղված Ջեբ Բուշի խորհրդի՞ն Ինչպես հայտնի է, իշխանությունները սուբսիդավորելու են էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամ հավելաճի գումարը, մինչ միջազգային կազմակերպության ներգրավմամբ աուդիտը եզրակացություններ կտա Հայաստանի էլեկտրական ցանցերի գործունեության արդյունավետության վերաբերյալ: Հայտարարելով այդ մասին, նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ նշեց, որ չնայած սակագնի բարձրացումը օբյեկտիվ է, բայց բարձրացման բեռը իշխանությունը ժամանակավորապես կվերցնի իր վրա: Այս նախադասությունը արդեն իսկ հարցեր է առաջացնում: Նախ` եթե սակագնի բարձրացումը օբյեկտիվ է եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցների ուսումնասիրությունը` պրոֆեսիոնալ, ապա ի՞նչ իմաստ ունի մեկ անգամ եւս ուսումնասիրել այս ընկերությունը` մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ: Սա նշանակում է, որ իշխանությունը կամ չի վստահում իր մասնակցությամբ ստեղծվող հանձնաժողովին, նրա աշխատանքին եւ եզրակացություններին, կամ հավատում է, բայց ենթարկվում է բողոքավորների ճնշմանը եւ որոշում լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել: Այդ դեպքում ո՞րն է նման հանձնաժողով պահելու իմաստը: Երկրորդ` եթե մասնագիտական կարծիքը` հիմնված եզրակացությունների եւ հաշվարկների վրա, համարվում է օբյեկտիվ, բայց անտեսվում է, եթե իշխանությունը օբյեկտիվ իրողությունները պաշտպանելու, բնակչությանը բացատրելու, պարզաբանելու փոխարեն հերթական անգամ գնում է այն չեղյալ համարելու կամ կասեցնելու ճանապարհով, ապա ո՞րն է իշխանությունների գործունեության իմաստը: Երրորդ` լինելով պարտադրված քայլ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անհրաժեշտ է էներգետիկ համակարգի անխափան գործունեության համար` անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե՞ ոչ: Եթե սա չի գիտակցում էներգետիկ ճգնաժամ տեսած հասարակությունը, ապա ինչպե՞ս կարող է դա անտեսել իշխանությունը` պետության անվտանգության հանդեպ թիվ մեկ պատասխանատուն: Չորրորդ` նախագահի ելույթից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ միջոցների հաշվին է կատարվելու սակագնի բարձրացման սուբսիդավորումը, ինչքա՞ն է այն արժենալու: Միայն նշվեց աուդիտի մոտավոր ժամկետը` 3-6 ամիս, եւ հայտնի է սակագնի բարձրացման գնալու պատճառ հանդիսացած ճեղքվածքի չափը` 24 մլրդ դրամ: Այդ գումա՞րն է սուբսիդավորելու պետությունը, մինչեւ ե՞րբ եւ ի՞նչ է լինելու սակագնի բարձրացումը հիմնավոր, ոչ հիմնավոր կամ մասամբ հիմնավոր համարելու դեպքում: Հինգերորդ` եթե լրիվ կամ մասամբ հիմնավոր համարվի սակագնային փոփոխությունը, ապա սուբսիդավորման գումարը այդ ժամկետի համար բնակչությո՞ւնն է վճարելու: Եթե ոչ, ապա ո՞վ: Վա՞րկ ենք վերցնելու սուբսիդավորման համար, ինչից ավելի անմիտ քայլ դժվար է երեւակայել, քանի որ դա նշանակում է պարզապես փոշիացնել այդ գումարը առանց որեւէ արդյունքի: Եթե վարկ չենք վերցնելու կամ ինչ-որ մեկը մեզ դրամաշնորհ է տրամադրելու, ապա ավելի լավ չէ՞ր լինի թե՛ դրամաշնորհի, թե՛ վարկի պարագայում ստացված գումարը ծախսել էներգախնայողության ծրագրեր իրականացնելու վրա, որը կթեթեւացներ բնակչության սոցիալական հոգսը` նրա սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի խնայողություններ բերելով: Վեցերերորդ` անկախ այն բանից, թե որտեղից է վերցվելու սուբսիդավորման համար գումարը` բյուջեի՞ց, թե՞ վարկային միջոցներից, ակնհայտ է, որ դրա բեռը դարձյալ ընկնում է բնակչության վրա: Այլ կերպ լինել չի էլ կարող: Պարզապես, եթե մենք դժգոհում ենք կոնկրետ այս բեռից, պետությունը այն վերցնելով, մեկ այլ բեռ պետք է դնի մեզ վրա: Ի վերջո, անվճար ոչինչ չկա: Խնդիրն այն է, թե ո՞վ է վճարելու: Եթե գտնվի մեկը, որ վճարի այս անգամ, կունենանք լուծում, բայց դա կլինի ժամանակավոր լուծում: Ամեն անգամ կարո՞ղ ենք հրաժարվել օբյեկտիվ, շուկայական պատճառներով թելադրված կամ պարտադրված վճարումներից կամ դրանց բարձրացումներից: Յոթերորդ` անհասկանալի է, թե ի՞նչն է սուբսիդավորվելու` միայն բնակչության սպառումը, թե՞ նաեւ ձեռնարկությունների սպառումը: Դատելով առկա տեղեկություններից, որեւէ տարանջատման մասին խոսք չկա, ինչը ենթադրել է տալիս, որ խոսքը բոլորի, այդ թվում բիզնեսի սպառած էլետրաէներգիայի սակագնի սուբսիդավորման մասին է: Թերեւս գլխավոր հարցը, որ առաջանում է` որքանո՞վ է դա սոցիալական եւ որքանո՞վ է դա արդար: Այս մասին առավել հանգամանորեն: Բնակչության սպառումը կազմում է միջինը մոտ 200 Կվտ/Ժ ամսական յուրաքանչյուր ընտանիքում: Սա միջին ցուցանիշն է, բայց բոլորին հայտնի է, որ էլեկտրաէներգիա ամենաքիչը սպառում է աղքատ խավը, իսկ ամենաշատը` ունեւոր խավը եւ բիզնեսը: Երբ կառավարությունը հայտարարեց, որ սուբսիդավորելու է աղքատ խավի` մոտ 400 հազար նպաստառուների սակագնի բարձրացման հավելյալ ծախսը, ապա դա սոցիալական տեսնակյունից արդար էր: Նպաստառու խավը միջին ընտանիքի համար 200 Կվտ/Ժ հոսանքից ավելի քիչ է սպառում եւ ստացված փոխհատուցումը գերազանցելու էր հոսանքի թանկացմանը հետեւանքով առաջացող ծախսին: Հիմա երբ իշխանությունը որոշել է սուբսիդավորել ամբողջ բնակչության ծախսը, դա, ամեն ինչից բացի, նաեւ անարդար է: Հարուստնեը ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում` օդափոխիչներ, ջակուզիներ, լողավազաններ եւ մեզ հայտնի եւ անհայտ այլ ճոխություններ, որոնց համար հոսանք է ծախսվում: Հետեւաբար նրանց ծախսած էլեկտրական էներգիան շատ ավելին է, քան միջին ընտանիքի ծախսը: Արդյունքում, ստացվում է, որ պետությունը սուբսիդավորելու է նաեւ նրանց էլեկտրաէներգիայի ավելացման ծախսը: Փողոցներում եւ հրապարակներում աղաղակողների համար սա դժվար հասանելի եւ բացատրելի իրողություններ են, բայց իշխանությունը սա շատ լավ հասկանում է եւ պետք է, նորից ենք կրկնում, այս հանգամանքները կարողանար բացատրել բնակչությանը եւ զերծ մնար նման քայլերից: Նախագահը կամ վարչապետը կարող էին հայտարարել, որ բացի նպաստառուներից, որոնց ավելացած ծախսը պետությունը փոխհատուցելու էր, իշխանությունը կսուբսիդավորի օրինակ` ամսական մինչեւ 300 Կվտ/Ժ սպառողների ծախսերը, իսկ դրանից ավելի սպառողները, այսինքն հարուստները թող վճարեն էլեկտրաէներգիայի բարձրացման ամբողջ արժեքը: Ի դեպ, համընդհանուր սուբսիդավորման նախադեպ մենք ունեցել ենք: 2000-կաններին, երեք տարի շարունակ պետությունը սուբսիդավորեց գազի գնի բարձացումը, դրա դիմաց ռուսական կողմին վաճառելով «Հայռուսգազարդի» որոշակի բաժնեմաս: Բոլորը կարծես թե գոհ էին, որ էժան գազ էին սպառում, բայց դժգոհում էին, երբ դրա համար հարկ էր լինում վճարել ինչ-որ ձեւով: Այս, կարելի է ասել, կործանարար մտածելակերպը հիմա տիրապետող է դարձել: Սակայն վերադառնանք համընդհանուր սուբսիդավորման տրամաբանության խոցելիությանը: Բացի նրանից, որ հարուստ խավին էլ ենք սուբսիդավորելու բոլորիս հաշվին, նույնն է տեղի ունենալու նաեւ բիզնեսի ոլորտում: Համընդհանուր սուբսիդավորման շնորհիվ, էլեկտրաէներգիայի դիմաց նախկին սակագնով են վճարելու եւ Գագիկ Ծառուկյանի շքեղ «Մուլտի գրանդ» հյուրանոցն ու ցեմենտի գործարանը, եւ Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը, եւ բազմաթիվ մեծ ու փոքր հյուրանոցներ, ռեստորաններ, առեւտրի կենտրոններ, արտադրություններ: Մի խոսքով, հերթական պայքարըՙ համարժեք արդյունքներով: Սովետական մտածելակերպի հերթական հաղթանակը եւ հերթական հետընթացը` համապատասխան հետեւանքներով: Հ.Գ. - ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը, ըստ ABC News-ի, կոչ է արել ամերիկացիներին շատ աշխատել: Նրա խոսքով, այդ դեպքում հնարավոր է ապահովել տնտեսական աճ: «Սա միակ միջոցն է երկիրը դուրս բերելու այնպիսի ուղի, որն անհրաժեշտ է», նշել է նա: Իսկապես, որ հրաշալի խորհուրդ` զարգացման այլ ճանապարհ ոչ մի երկրի եւ ժողովրդի համար գոյություն չունի: Սակայն, արտաքին աշխարհի համար ամերիկյան խորհուրդները այլ են` լավ ապրելու համար պետք է «պայքարել», «բողոքել», «պահանջել», «տապալել կոռումպացված իշխանություններին» (Լիբիա, Սիրիա, Ուկրաինա): Թե ինչպե՞ս է դա անդրադառնում այդ երկրների բարեկեցության վրա, բոլորն են տեսնում: Անհասկանալի է միայն, թե տեսնելով դա, ինչո՞ւ ենք ցանկանում կրկնել կործանում տանող այդ ճանապարհը: Դրա փոխարեն գուցե հետեւենք իր ժողովրդին ուղղված Ջեբ Բուշի խորհրդի՞ն: |