ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ Հ. ԱՖՅԱՆ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը անցած երկուշաբթի օրվանից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Մենք անկեղծ ասած չգիտենք, թե նա իր այս որոշումը կայացնելուց առաջ արդյոք խորհրդակցե՞լ է իրենց իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` հացադուլը որպես պայքարի արդյունավետ միջոց թեմայի շուրջ: Բայց սա ներքին կուսակցական հարց է, չխառնվենք: Խառնվելու այլ տեղ ունենք. Դավիթը որպես իր հացադուլը դադարեցնելու պահանջ նշել է այն, որ մարդիկ գան Ազատության հրապարակ: Այսինքն, նա հացադուլ չի հայտարարել պահանջելով հոսանքի սակագնի թանկացման բացառում, կամ Սերժ Սարգսյանի հրաժարականը, կամ էլ, որ երկիրը դառնա երկիր, ցանկալի է` ծովից ծով: Նրա պահանջը միակն է, որ մարդիկ գան Ազատության հրապարակ: Հարց է առաջանում, որքա՞ն մարդ է պետք հավաքվի հրապարակում, որ Դավիթ Սանասարյանն իր պահանջը բավարարված համարի: Բայց սա այս պատմության ամենաուշագրավ մասը չէ: Երեքշաբթի օրը միջազգային մամուլի էջերում հայտնվեց «11 խորհուրդ` Ռոման Աբրամովիչից» վերնագրով նյութը: Աբրամովիչի, օրինակ, երրորդ խորհուրդը հետեւյալն է. «Մի հորինեք կանոններ»: Այսինքն Աբրամովիչն առաջարկում է, որ կարիք չկա տուրք տալ «անհրաժեշտ է (հարկավոր է)», «պետք է» բառերին, որոնք որպես կանոն դառնում են գործելակերպ: Ըստ ռուս բիզնեսմենի, նման բառերով առաջնորդվողները իրենց առջեւ դնում են բազմաթիվ խոչընդոտներ: Ավելին, մարդիկ հաճախ նման գործելակերպը փաթաթում են ուրիշների վրա, պնդելով, որ ուրիշները եւս «անհրաժեշտ է», կամ «պետք է» այդպես վարվեն: Դրանով իսկ մարդկանց առաջ նման պահանջներ դնողները կա՛մ վախ են առաջացնում, կամ էլ ընկալվում են որպես ֆանատիկներ: Երկու պարագայում էլ ուշագրավ է, որ մարդիկ ձգտում են տարածություն պահել այսկերպ ապրողներից: Չմոռանամ ասել, որ Աբրամովիչը Սանասարյանին չի ճանաչում, դե` հազիվ թե ճանաչի, եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ Աբրամովիչը ճանաչում է Պուտինին, Պուտինը` Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին, վերջինս էլ` Սանասարյանին: Ուրեմն գուցե եւ ճանաչում է, պարզապես տարածություն է պահում: |