ԾԻՐԱՆԻ ՏՈՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ http://sarinfo.org/sarnews/06-07-15.shtml Հազարավոր մոսկվացիներ եւ հյուրեր մասնակցեցին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի «Մուզեոն» զբոսայգում կազմակերպած մեծ եւ շքեղ հանդիսությանը, որը կայացավ կիրակի օրըՙ հուլիսի 5-ին: Հայաստանում անհիշելի ժամանակներից աճեցվող ծիրանը վաղուց դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը: Հատուկ չվերթով Երեւանից Մոսկվա տեղափոխել էին մի քանի տոննա ծիրանի հասունացած պտուղներ, որոնցով հյուրասիրեցին հանդիսության մասնակիցներին: Ժ.12-ից մինչեւ ուշ երեկո «Մուզեոնը» դարձել էր տարբեր ազգերի հաղորդակցության, երգի ու պարի յուրատեսակ հարթակ: Մանուկների համար սպասվում էին առանձին զվարճանքներ ու անակնկալներ, այդ պատճառով շատերն այստեղ եկել էին ընտանիքներով: Ամենաաշխույժ հարթակներից մեկը դարձավ նարդու ու շախմատի առաջնությունների համար նախատեսվածը: Հաղթողներին պարգեւատրեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Այսպիսի միջոցառումները կոչված են միավորել տարբեր ազգությունների մարդկանց, դրանք եւս մեկ անգամ ցույց են տալիս մեր ժողովուրդների միջեւ ջերմ եւ եղբայրական հարաբերությոնները»,- իր խոսքում նշեց Արա Աբրահամյանը : Նա ընդգծեց, որ տոնը իրականություն դարձավ ՌԴ Նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության եւ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ: Բացման հանդիսությանը Մոսկվայի ազգային քաղաքականության, միջտարածաշրջանային կապերի եւ տուրիզմի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը նշեց. «Ծիրանի տոնը վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես են մի ժողովրդի ավանդույթները դառնում ընդհանուր մշակույթի մաս: Ես անկեղծ հույս ունեմ, որ բոլոր այցելուները, եւ հատկապես երիտասարդությունը, ոչ միայն կճաշակեն տոնի գլխավոր խորհրդանիշըՙ ծիրանը, այլեւ հաղորդակից կդառնան խաղաղության, փոխըմբռնման եւ բարեկամության մթնոլորտին»: Հանդիսականները ունկնդրեցին երաժշտական անզուգական կատարումներ, լսեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի , Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյի ուղջույնի ուղերձները: Մանրամասնՙ ՌՀՄ պաշտոնական կայքումՙ |