RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1381, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՅՆ ԱՓԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աֆղանստանի չգիտեմ, բայց Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր բողոքով գնալ Հայաստանի իր ուզած քաղաքի իր ուզած վայրը եւ իր բողոքը բարձրաձայնել: Սա, կարծեմ, սահմանադրական իրավունք է: Բայց այստեղից տրամաբանորեն առաջանում է մեկ այլ իրավունք: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր բողոքով չգնալ Հայաստանի իր ուզած քաղաքի իր ուզած վայրը եւ իր բողոքը չբարձրաձայնել: Սա Սահմանադրության մեջ գրված չէ, բայց այնտեղ գրված չէ նաեւ, որ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն, կամ չունեն, ենթադրենք` ժպտալ:

Ուրեմն, երբ որեւէ քաղաքացի նախաձեռնում է, կամ միանում է ինչ-որ բողոքի ակցիայի, դրա իրավունքը ունի: Կամ, երբ ինչ-որ քաղաքացի (որպես կանոնՙ առաջիններից ավելի շատ) չի նախաձեռնում, կամ չի միանում որեւէ բողոքի ակցիայի, դրա իրավունքը եւս ունի: Սա նշանակում է, որ երբ իշխանությունները փակում են մարզերից Երեւան եկող ճանապարհները, որպեսզի մարզաբնակները հնարավորություն չունենան միանալու մայրաքաղաքում մեկնարկած բողոքի ակցիային, այդպիսով խախտում են ՀՀ քաղաքացու` բարձրաձայն բողոքելու իրավունքը: Բայց այս ամենը նշանակում է նաեւ, որ երբ ցուցարարները պահանջում են, կրկնում եմ` պահանջում են ակցիային չմասնակցող քաղաքացիներից պարտադիր միանալ իրենց, դրանով էլ խախտում են ՀՀ քաղաքացիների բարձրաձայն չբողոքելու իրավունքը: Ընդ որում, այս վերջին պարագայում իշխանության դեմ բողոքողները ոչնչով չեն տարբերվում իշխանությունից, քանի որ իրենք էլ, փաստորեն, ոտնահարում են քաղաքացիների իրավունքները:

Բայց սա դեռ մի կողմ: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի որոշել պայքարելու կամ բողոքելու իր ձեւը: Օրինակ, եթե ինչ-որ մեկը որոշում է պայքարել սոցցանցերում մեկնաբանություն գրելով, դա չի նշանակում, թե նա «ստեղնաշարի մոտ տվայտվող հայվան է», ինչպես նմաններին պիտակավորում են ակտիվ բողոքավորները: Կամ երբ ինչ-որ մեկը որոշում է կայացնում պայքարին միանալու համար չգալ Գլենդեյլից, կամ Մարսելից, կամ Մոսկվայից, դա չի նշանակում, որ այդ մարդիկ իրավունք չունեն բարձրաձայնելու իրենց բողոքը, քանի որ Երեւանում չեն: Ի վերջո այդ մարդկանց մեծ մասը Երեւանում չէ, որովհետեւ բողոք ունի:

Տպավորությունն այնպիսին է, որ հայաստանյան բողոքի ակցիաները հանցագործության պես մի բան են, որի շուրջ խոսելու իրավունք միայն մասնակիցներն ունեն, որոնք նաեւ ամենաճիշտն են, ամենահայրենասերը, ամենահամարձակը եւ ամենաչեգեվարաները...

Եւ մի բան էլ. լրագրողները բողոքի ակցիաների ժամանակ կողմերից մեկը չեն: Մեջտեղում են, որպեսզի երկու կողմերի ճշմարտությունը, իսկ այն երկու կողմերում էլ միշտ լինում է, առավել տեսանելի լինի:

Այնուամենայնիվ, ակտիվ մասնակցեք բողոքի ակցիաներին, կամ` մի մասնակցեք. երկուսի իրավունքն էլ ունեք, երկուսի պարագայում էլ` խոսելու իրավունք եւս ունեք: Այն ունեք, անգամ, երբ օվկիանոսի այն ափին եք... Ի դեպ, օվկիանոսի այն ափին լինելու իրավունք էլ ունեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ