Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Անցյալ շաբաթ միջազգային մամուլի ասպարեզում տեղի ունեցավ մի բան, որը մեկ անգամ եւս ընդգծեց բարձր տեխնոլոգիաների հաղթանակի անխուսափելիությունը նաեւ այդ ոլորտում. դադարեց բրիտանական «Դի Ինդիփենդենտ» (The Independent) ազդեցիկ օրաթերթի թղթային կյանքը, եւ այսուհետեւ այդ թերթը լույս կտեսնի, ավելի շուտՙ կհրապարակվի միայն համացանցային on-line տարբերակով: Անշուշտ «Ինդիփենդենտ»ը ոչ առաջինը եւ ոչ էլ վերջինն է նման ճակատագրով. նույնիսկ ամերիկյան մեծատիրաժ եւ մեծազդեցիկ «Նյուզուիք» (Newsweek) շաբաթահանդեսն է այսօր, արդեն տեւական ժամանակ, վաճառքի դրված իրՙ շուրջ 1 միլիոն տպաքանակով: Սակայն բրիտանական օրաթերթի այս ընկրկումը խորապես տխրեցրեց ինձՙ տպագիր մամուլի ներկայացուցչիս- վստահ եմՙ լուրջ մամուլի բոլո՛ր սիրահարներին նաեւ- ոչ միայն իրՙ մի քիչ ձախ թեքված լիբերալ-դեմոկրատական ուղղության եւ ոչ էլ իր լրագրողների հրաշալի խմբում Ռոբերտ Ֆիսքի նման մեծություններ ունենալու պատճառով, այլեւ աշխարհաքաղաքական խաբեությունների ու մոլորեցումների մեր դարաշրջանում անկախ մտածողության եւ արդարասիրության արտահայտիչը լինելու հանգամանքով: «Ինդիփենդենտը» գրում էր այն, որը դո՛ւ էիր մտածում, բայց թեմային խորությամբ չտիրապետելու եւ կամ այլ պատճառով չէիր կարող գրել կամ ասել: Եվ ամենեւին պատահական չէր, որ այդ թերթը բրիտանական ողջ մամուլում գրեթե միակն էր, որ Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող անարդարությունների ու խժդժությունների վերաբերյալ հատու, հստակ եւ արդարամետ կեցվածք ուներ: Բայց ափսոսանքի համար կար եւս մի պատճառ, որը զգայուն տրամադրությամբ ու տրամաբանությամբ լավագույնս արտահայտեց թերթի գլխավոր խմբագիր Ամոլ Ռաժանը (Amol Rajan): Հայտարարելով թերթի թղթային տարբերակի փակման որոշման մասինՙ նա մոտավորապես արտահայտեց հետեւյալ միտքը. «Խոր ցավ եմ ապրում այս ստիպողական որոշման համար ոչ միայն այն պատճառով, որ անձամբ ռոմանտիկ սիրով եմ կապված տպագիր մամուլին, այլեւ այն բանի համար, որ խիստ մտահոգիչ է պրոֆեսիոնալ լրագրության ճակատագիրը. այսուհետեւ ո՞վ է հսկելու, հակակշռելու կառավարությունների ու կառավարիչների գործունեությունը, ո՞վ է հետաքննելու նրանց արարքները»: Եվ իրոք, պրոֆեսիոնալ լրագրողները լավ կհասկանան գլխավոր խմբագրին: Միայն այն փաստը, որ զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների դեմ աշխարհում հարուցված դատական գործերի ավելի քան 90 տոկոսը ուղղված է հենց տպագիր մամուլին, հաստատում է նրա մտահոգության հիմնավոր լինելը պրոֆեսիոնալ լրագրության ճակատագրի վերաբերյալ: Անշուշտ, «Ինդիփենդենտի» տպագիր տարբերակի փակումը ունի հիմնականում բիզնես պատճառներ: Թերթը այդպես էլ չկարողացավ, հակառակ իր նոր սեփականատերՙ ռուս օիլգարխ Ալեքսանդր Լեբեդեւի բազմամիլիոն ներդրումներին, նաեւ աշխատավարձի եւ աշխատակազմի կրճատումներին, վերագտնել իր նախկին ֆինանսական վիճակը եւ 400,000 տպաքանակը, եւ վերջին տարիներին լույս էր տեսնում ընդամենը 200,000 օրինակով: Նրա գլխավոր մրցակիցները ո՛չ «Դը Գարդիանն» էր (The Guardian), ոչ էլ մամուլի մոգուլ Ռյուպերտ Մըրդոքի (Rupert Murdoch) այլազան թերթերը: Բուն մրցակիցը համացանցն էր եւ համացանցային լրատվամիջոցները, որոնք խորշակի նման ներխուժելՙ չորացնում են տպագիր մամուլը: Սակայն դա այն բնական ընթացքն է, որին ենթակա է նաեւ մերՙ հայաստանյան արդեն տկար ու հիվանդ տպագիր մամուլը: Նոր տեխնոլոգիաները, ինչպես միշտ, պարտադրում են իրենցը: Դա անխուսափելի է, ցավոք: Բայց անխուսափելի՞ է նաեւ պրոֆեսիոնալ լրագրության անհետացումը: Հարցադրմանը կանդրադառնամ առաջիկայում: |