RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1516, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի քիչ էլՙ պետության

Անցած շաբաթավերջին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ Երեւան: Ինչպես գիտենք, նա հունվարի կեսերին մեկնել էր ԱՄՆՙ վիրահատության, այն անցել է բարեհաջող, գիտենք նաեւ, եւ սա պաշտոնապես գիտենք, որ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը առաջիկա քսան տարիներին որեւէ վտանգ չի սպառնում:

Տեր-Պետրոսյանի վերադարձի հաջորդ օրըՙ փետրվարի երրորդ երկուշաբթի օրը, ԱՄՆ-ում ավանդաբար նշվում է Նախագահի օրը: Ի սկզբանե այդ օրը ԱՄՆ-ում նշվել է փետրվարի 22-ինՙ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը եւ այդպես էլ կոչվել էՙ ԱՄՆ նախագահի ծննդյան օր: Հետո, երբ ԱՄՆ-ը շատ այլ նախագահներ է ունեցել, ովքեր գուցե եւ խանդել են առաջին նախագահին եւ իրենց մի տեսակ պարտավորված չեն զգացել տոնել նրա ծննդյան օրը, որոշվել է ընտրել որեւէ չեզոք օրՙ նշելու, ոչ թե ԱՄՆ նախագահի ծննդյան օրը, այլ ուղղակիՙ ԱՄՆ նախագահի օրը: Որոշվել է, որ այդ օրը պետք է լինի փետրվարի երրորդ երկուշաբթին: Այդ օրը Սպիտակ տան գործող տերը հրավիրում է ԱՄՆ բոլոր (այդ պահին կենդանի) նախագահներին եւ նրանք ճաշում են, զրուցում, կատակում, գուցե եւ խմում, հնարավոր էՙ ինչ-որ խաղեր խաղում, կամ ձի քշում, սաքսոֆոն նվագում....Օրինակ ԱՄՆ նախագահներից Ջորջ Բուշ կրտսերը սիրում է ձի քշել, Բիլ Քլինթոնը հրաշալի սաքսոֆոն է նվագում: Մի խոսքով... այդ օրը Ամերիկան ցույց է տալիս աշխարհին եւ ամերիկացիներին, գուցեՙ ամերիկացիներին եւ աշխարհին, որ իր նախագահները միասին ենՙ հանուն երկրի եւ հանուն ամերիկացիների:

Կոնկրետ, անցած երկուշաբթի 44-րդ նախագահ Օբաման հյուրընկալել էր (չնայած այս պարագայում հյուրընկալել բառը երեւի տեղին չէ) ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշ կրտսերին, Բիլ Քլիթոնին, Ջորջ Բուշ ավագին եւ Ջիմի Քարտերին: Նրանք բոլորով լուսանկարվել են, լուսանկարահանվելիս էլՙ ժպտացել են. ԱՄՆ-ում բոլորն են ժպտում, հատկապեսՙ նախագահները:

Ափսոս, որ մեր առաջին նախագահը փետրվարի երրորդ երկուշաբթի օրն արդեն Միացյալ Նահանգներում չէր: Եթե լիներ, ապա կտեսներ, թե ինչպե՞ս եւ ամենակարեւորը ինչո՞ւ է ԱՄՆ-ը նշում Նախագահի օրը: Գուցե Տեր-Պետրոսյանը ԱՄՆ նախագահներից սովորելու բան չունի՞, հնարավոր է, կամ մի՞թե նա ԱՄՆ-էր գնացել ինչ-որ բան սովորելու, կամ արդյո՞ք նախագահին, այն էլՙ Հայաստանի, այն էլՙ Հայաստանի առաջին նախագահին պատշաճում է ինչ-որ բան սովորելը, կամ մի՞թե Հայաստանի նախագահներից միայն առաջինն է, որ պետք է դեռ բան սովորի: Չէ՞ որ սովորելու պարագայում մեր նախագահներն էլ իրենց նախորդներին չեն մեղադրի, ոչ թե որովհետեւ մեղադրելու բան չկա, այլ քանի որ գործող նախագահին չի պատշաճում մեղադրել իր նախորդին: Մինչդեռ մեզանում, օրինակՙ Քոչարյանի կարծիքով, Հայաստանում ընտրակեղծարարության մեղավորը Տեր-Պետրոսյանն է, որի օրոք էլ հենց հիմք է դրվել այս չարիքի: Սերժ Սարգսյանի կարծիքովՙ Տեր-Պետրոսյանն է ու Քոչարյանը, որոնց օրոք սկիզբ է դրվել եւ զարգացվել է այս չարիքը, իսկ Տեր-Պետրոսյանի կարծիքովՙ մեղավոր են բոլորը, բացի իրենից եւ ոչ միայն ընտրակեղծարարության մեջ:

Սա պատասխանատվության ժառանգությունից խուսափելու ձեւ է իրականում, ընդ որումՙ հնացած, մի տեսակ անտրամաբանական: Բանն այն է, որ եթե անգամ Տեր-Պետրոսյանը հիմնադրել է Հայաստանում ընտրակեղծարարությունը, ապա Քոչարյանը հանգիստ կարող էր բացառել այն, չի՞ կարողացել, կամ չի՞ ցանկացել, լավ, ուրեմն դա կարող էր բացառել Սերժ Սարգսյանը: Եւ ուրեմն ո՞վ է մեղավոր, որ այսօր Հայաստանում ընտրակեղծարարություն կա, օրինակՙ ընտրակեղծարարություն, թե չէ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում շատ բան կա: Կամ ո՞վ, նախագահներից ո՞ր մեկը մեղավոր չէ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել ու կեղծվում են: Ո՞վ մեղավոր չէ, որ Հայաստանից գնացել են ու գնում են, որ տնտեսությունը չի զարգացել եւ չի զարգանում, որ մարդիկ լավ չեն ապրել եւ լավ չեն ապրում: Հիմա ավելի լա՞վ են ապրում, գուցե, բայց ո՞վ ասաց, որ երեկվանից ավելի լավ ապրելը լավ ապրել է:

Ու այսքանից հետո մեր նախագահները խոսելու բան չունե՞ն իրար հետ, իրար դեմՙ որքան ուզես, բայց իրար հետ չունե՞ն, դեմ առ դեմ չունե՞ն, անկեղծ, այնքան, որքան, որ իրենք կարողանում են լինել անկեղծ: Իսկ չունե՞ն մի արժեք, հանուն որի անգամ իրենք կարող են, պետք է որ իրար հետ խոսեն եւ դա հաճախ անեն, տարին մեկ անգամՙ Նախագահի օրը, բայց մե՛ր Նախագահի օրը: Ընդ որում պարտադիր չէ, որ նախագահները ժպտան, սաքսոֆոն նվագեն, ձի քշեն, ենթադրենքՙ շախմատ խաղան, կամ ջրային եւ կամ ձնային սպորտով զբաղվել (Քոչարյանըՙ բալետ կանի), կամ բանասիրության հարցերից խոսեն (Քոչարյանը կլսի), կամ որսորդությունից խոսեն (Տեր-Պետրոսյանն եւ Սարգսյանը կձանձրանան): Պարտադիր չէ, որ հենց Բաղրամյան 26-ում հանդիպեն. կարելի է անգամ, որ այն լինի ապրիլի 24-ին, որպեսզի գոնե այդ օրը մեր բոլոր նախագահները միասին բարձրանան Ծիծեռնակաբերդՙ թեկուզ ավանդույթի ուժով, թեկուզ պարտադրված, կարեւորըՙ միասին եւ, այո, ինչպես ամերիկացիներըՙ ցույց տալու համար: (*)

Մի՞թե կարծում եք, թե ԱՄՆ նախագահները սիրում են իրար: Ամենեւին, նրանք պարզապես սիրում են Ամերիկան, որը մի քանի հարյուր տարվա անկախ պետականության փորձ ունի, ինչի ընթացքում հասկացել է, որ նախկին նախագահները երբեք մեղավոր չեն լինում, քանի որ բոլոր նախագահներն էլ դառնում են նախկին:

(*) Հիշեցման կարգով նշենք, որ նախորդ տարի, մայիսի 9-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին հաջողվեց ի մի բերել ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին, բացի ՀՀ առաջին նախագահից:

Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ