RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1375, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԲԵԼԳԻԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՇՈԿՈԼԱԴ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչի՞ են ձգտում հայաստանցի 50-ն անց տղամարդիկ, ավելի կոնկրետՙ 53-ամյաները: Անշուշտ, նայած որ կուսակցության անդամ են, կամ կուսակցակա՞ն են արդյոք: Ենթադրենք, եթե 53-ամյա հայաստանցի տղամարդը հանրապետական է, ապա ինքն էլ ոչ մի բանի չի ձգտում, քանի որ կյանքը մի այլ կարգի ստացվել է, քանի դեռ Հանրապատեկանը իշխանության է եւ քանի որ Հանրապետականը միշտ է իշխանության լինելու: Եթե, ենթադրենք, դաշնակցական է, ապա ձգտում է ինչ-որ նախարարի պաշտոնի, նվազագույնըՙ փոխնախարարի, մարզպետի, եւ իհարկե, սկզբունքայնության ու գաղափարախոսության տարածմանըՙ ողջ երկրով մեկ, երկրով, այսինքնՙ Միացյալ Հայաստանով: Իսկ եթե, օրինակ ՀԱԿ անդամ է, ապա ձգտում է րոպե առաջ վերջ տալ այս ավազակաբարո ռեժիմին, որպեսզի իրենք դառնան ավազակաբարո ռեժիմ: Մի խոսքով Հայաստանում 53-ամյա տղամարդկանց ձգտումները տարբեր են, բայց եւ նույնը, քանի որ բոլորն էլ ձգտում են թագավորության: Իսկ անկուսակցականները, ավելինՙ կուսակցություններից բան չհասկացողները, գոնե նրանց մեծ մասը, շեշտում եմՙ 50-ն անց տարիքում դեռ ձգտում են վերջապես սեփական տունն ունենալ, սեփական ծառը տնկել, որդի՞, առնվազն մեկ որդի ունեն, եթե չունեն էլ, ապա արդեն 50-ն անց են եւ հիմնականումՙ Ռուսաստանում:

Բելգիայի 53-ամյա աքայազն Լորանն, անշուշտ, իսկական տղամարդ է: Նախՙ բոլորովին վերջերս շքեղ վիլլա կառուցեց, որի համար, ի դեպ, ըստ բելգիական լրատվամիջոցների, արքայազն Լորանը կես միլիոն դոլարով դատարկել է պետական բյուջեն, կես միլիոնն, իհարկե շատ չէ, բայց բյուջենՙ Բելգիայինն է: Ենթադրում եմ, որ վիլլայի բակում առնվազն մեկ ծառ տնկած կլինի, մանավանդ որ Լորանը մեծապես հետաքրքրված է շրջակա միջավայրի պահպանման խնդիրներով: Հետեւաբար տուն ունի, ծառ տնկել է, մի որդու փոխարեն երկուսն ունի. 2005-ի դեկտեմբերին Լորանի կինըՙ Կլեր Կլումբսը լույս աշխարհ բերեց երկվորյակ որդիներիՙ Նիկոլային եւ Էյմերիկին: Մինչ այդ արքայազն Լորանը միայն փոքրիկ Լուիզայի հայրն էր: Բայց արի ու տես, որ իսկական տղամարդ դառնալը արքայազն Լորանին մի տեսակ չի բավականացնումՙ կատարյալ երջանիկ լինելու համար եւ նա այս շաբաթ հայտարարել է, որ արդեն հոգնել էՙ...թագավորական կյանքից: Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, տեղեկացնեմ, որ Բելգիայումՙ կոնկրետ Լորանի համար թագավորական կյանքը հետեւյալն է. շքեղ վիլլայի մասին արդեն ասացի, Լորանն ունի նաեւ թագավորական տիտղոս եւ ամուսնությունից հետո նրա կինըՙ Կլերը եւս ստացել է թագավորական տիտղոս, նրա երեխաները եւս տիտղոսներ են կրում: Բացի սրանից, Լորանն անձամբ ամեն ամիս պետությունից ստանում է 342 հազար եվրո թոշակ, եւ սա ոչ թե որովհետեւ Բելգիայում թոշակները բարձր են, կամ որ Բելգիայում 53-ամյա տղամարդիկ թոշակ են ստանում, այլ քանի որ Լորանը թագավորական ընտանիքի ներկայացուցիչ է: Ունի՞ արդյոք արքայազնը կողմնակի բիզնեսներ, չգիտենք, բայց նա սիրում է ձիեր, եւ այլ ընտանի ու վայրի կենդանիներ: Հետեւաբար, ենթադրում ենք, որ թագավորական կյանքը Լորանի համար նաեւ թանկարժեք ձիեր պահելն է եւ ոչ միայն պահելը եւ ոչ միայն ձիեր պահելը:

Մի խոսքով, մարդն այս ամենից հոգնել է, այսինքն էլ չի ցանկանում ապրել շքեղ վիլլայում, ստանալ ամսական 342 հազար եվրո թոշակ, կրել թագավորական տիտղոս եւ վայելել ազնվացեղ ձիերի ընկերակցությունը: Չի բացառվում, որ նրա երեխաներն են ստիպում հայրիկինՙ վերջ տալ թագավորական կյանքին, քանի որ ցանկանում են դուրս գալ բակ եւ խաղալ ուրիշ երեխաների հետ: Իսկ թագավորական բակերում ուրիշ երեխաներ չեն խաղում: Իսկ, եթե ավելի լուրջ կամ ավելի ճիշտ, եթե հայավարի մտածենք, ապա ամենայն հավանականությամբ Լորանիՙ թագավորական կյանքից հոգնելու պատճառը կարող է լինել թագավոր դառնալու ապարդյուն սպասելիքները: Բանն այն է, որ Լորանը բելգիական գահի 14-րդ ժառանգորդն է համարվում, այսինքնՙ մինչեւ Լորանը, դեռ 13 հոգի կան, որ հավակնում են բելգիական գահին: Հիշեցնեմ, որ Լորանը Բելգիայի թագավոր Ալբերտի երկրորդ որդին է, ունի մեծ եղբայրՙ Ֆիլիպը եւ քույրՙ Աստրիդը, երկուսն էլ ունեն իրենց երեխաները, որոնցից յուրաքանչյուրն ավելի մեծ հնարավորություններ ունի դառնալ Բելգիայի թագավոր, քան Լորանը: Ի դեպ, թագավորութունից հոգնելը Լորանը հավանաբար ժառանգել է հորիցՙ արքա Ալբերտից, ով, հիշեցնեմ, 2003-ին ինքնակամ հրաժարվեց գահիցՙ այն զիջելով որդունՙ Ֆիլիպին, սակայն պահպանեց Բելգիայի թագավոր տիտղոսը:

Այսինքն չի բացառվում, որ Լորանն ուղղակի իմաստ չի տեսնումՙ արքայազնի կյանքը շարունակելու, քանի որ հրաշալի հասկանում է, որ ինքը երբեք էլ թագավոր չի դառնալու: Իսկ ավելի ճիշտՙ նա հասկանում է, որ առավելագույնը ինչ նա կարող է դառնալ թագավորն է, իսկ թագավոր լինելն այնքան ձանձրալի է, մանավանդ որ Լորանը բելգիական նավատորմի կապիտան է, Բելգիայի ազգային նվագախմբի պատվավոր նախագահը, իսկ 1995-ից ղեկավարում է իր անունով բացված հիմնադրամը, որը պայքարում է ընտանի եւ վայրի կենդանիների բարեկեցության համարՙ մարդու եւ կենդանիների փոխհարաբերությունները բարելավելու նպատակով: Այսինքն Լորանը այլ, անհամեմատ ավելի հետաքրքրական բաներով է զբաղվածՙ սկսած վագրերի եւ մարդկանց միջեւ բարիդրացիություն հաստատելուց, վերջացրած պետական բյուջեն անձնական կարիքների համար կես միլիոն դոլարով աղքատացնելուց: «Հնարավոր է ես ավելի հեշտ ապրեի, եթե արքայազնի տիտղոսը կարողանայի ընտրել, կամ չընտրել: Բայց ի ծնե ես չեմ ունեցել որեւէ այլընտրանք, հենց այս պատճառով էլ արքայազնի տիտղոսն ինձ նյարդայնացնում է եւ հոգնեցնում», հայտարարել է Լորանը, միեւնույն ժամանակ ընդունելով, որ, եթե ինքը թագավորական ընտանիքի անդամ չլիներ, ապա հնարավորություն չէր ունենա ...զբաղվել բարեգործությամբ: Ու քանի որ Լորանը չի շեշտել, թե բարեգործությամբ զբաղվելն իր համար որքան կարեւոր է, ենթադրում ենք, որ նա հոգնել է նաեւ բարեգործությունից, կամ պարբերաբար հոգնում է ու հավանաբար այդ ընթացքում էլ բյուջեից կես միլիոն փող է վերցնում, որպեսզի իր համար վիլլա կառուցի:

Բայց ի վերջո ինչի՞ են ձգտում Հայաստանում 50-ն անց տղամարդիկՙ այս պարագայում անկախ կուսակցական պատկանելիությունից կամ սոցիալական դիրքից: Թագավորությա՞ն, բայց դա այնքան ձանձրալի է, արդեն թագավո՞ր եք, բա չե՞ք ձանձրանում...

Ես, օրինակ, չնայած 50-ն անց չեմ, ձգտում եմ գոնե մեկ անգամ լինել Բելգիայում, որպեսզի հենց տեղում փորձեմ հանրահայտ բելգիական շոկոլադը: Գուցե սա նրանից է, որ ես 50-ն անց չեմ եւ մի տեսակ պարզ եմ պատկերացնում կյանքը, ծիծաղելի եմ համարում թագավորներին ու թագավորության ձգտողներին եւ տուն-ծառ-որդի շարքից միայն ծառ եմ տնկել, բայց մի հինգ անգամ, եւ չեմ հոգնել: Այնպես որՙ մի՛ հոգնեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ