ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Պ. Ք. ՌԴ Պետդումայում պատրաստվել է դիմում բարեկամության ու եղբայրության մասին Մոսկվայի 1921 թ. պայմանագիրը լուծարելու վերաբերյալ: Պատգամավորներն առաջարկում են չեղարկել 1921 թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ կառավարության եւ Թուրքիայի Ժողովրդական մեծ ժողովի ստորագրած բարեկամության ու եղբայրության պայմանագիրը: ՌԴ Կոմկուսի կենտկոմի փոխնախագահ Վալերի Ռաշկինը եւ կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը նման առաջարկությամբ դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: «Իզվեստիա» թերթի խմբագրությանը տրամադրած նամակում նրանք մատնանշում են Մոսկվայի հանդեպ Անկարայի հետեւողական նախահարձակ վարքագիծը: «Կարծում եմ, որ այժմ, թուրքական ագրեսիայի ուժեղացման պայմաններում, մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի եւ նրա դաշնակիցների համար աննպաստ բոլոր ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման հնարավորությունը: Անկարան պետք է հասկանա, թե իր համար ինչի կարող է վերածվել հակամարտության ծավալումը: Միայն դա կարող է նրան սթափեցնել եւ հետ պահել նոր սադրանքներից», հայտարարել է «Իզվեստիային» Օբուխովը: Գործընկերներ ի նախաձեռնությունը պաշտպանում են նաեւ «արդար Ռուսաստանում»: Պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքերով, Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է ի վնաս Ռուսաստանի շահերի: «Պայմանագրում թուրքերն առաջ քաշեցին շատ ծանր պայմաններ, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղ ստեղծելու կետը: Բայց թուրքերին հարկավոր է դաստիարակել. այս աշխարհում լուսնի տակ ամեն ինչ չէ, որ հավերժական է: Եվ եթե դուք այսօր կրկին դավաճանական դիրք եք բռնում, ապա բարեկամության ու եղբայրության պայմանագրի չեղարկման հարցը նորմալ միջոց է: Եվ այս հարցում մեզ կաջակցի Հայաստանը: Այդ խզումը կունենա՞ արդյոք իրավաբանական ուժ, հայտնի չէ, բայց տարածքների հետ կապված մեր անհամաձայնությունը ճիշտ է», ասել է Պախոլկովը : Նրա կարծիքով, տվյալ հարցը բարձրացվում է ավելի շատ այն նպատակով, որպեսզի Թուրքիայում լսեն եւ հասկանան, որ ՌԴ քաղաքացիներն ուզում են դա: «Ռուս-թուրքական հիստերիան սկսվել է երկու կողմից: Քիչ հավանական է, թե մենք կկարողանանք ինչ-որ բանով դրան վերջ դնել: Ստամբուլի ահաբեկչության մասին թուրքական բոլոր ԶԼՄ-ների վերնագրերում նշվում է, որ ենթադրյալ ահաբեկիչների մեջ եղել են ռուսաստանցիներ, թեեւ ահաբեկչությունը միջազգային երեւույթ է», նշել է Պախոլկովը: Պատգամավորները հիշեցնում են, որ Թուրքիայի ղեկավարությունը ի դեմս նախագահ Էրդողանի մինչեւ օրս ներողություն չի խնդրել Սիրիայի տարածքի վրա ռուսական «Սու-24»-ի ոչնչացման միջադեպի կապակցությամբ: Հորդանանի թագավոր Աբդալլահ Բ-ի հանդիպման ժամանակ նախագահ Պուտինը Թուրքիայի նախահարձակումը բնութագրեց որպես «ահաբեկիչների գործակցի հարված ՌԴ թիկունքին»: «Այդ գործակցության հիմքը ահաբեկիչների նավթի գնումն է ու փոխադրումը: 2015 թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը Ձեր բառերի սպառիչ ապացույցներ ներկայացրեց արբանյակային լուսանկարների տեսքով, որոնց վրա բենզատարների եւ խոշոր նավթատար մեքենաների շարասյուները «Իսլամական պետությանը» ենթակա տարածքներից Թուրքիայի սահմանով անարգել շարժվում են դեպի թուրքական նավահանգիստներ», նշում են կոմունիստները նամակում: Ըստ որում, Անկարայի կողմից ԻՊ նավթի գնման փաստը 2015 թ. վերջերին ընդունեց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, իսկ ավելի ուշՙ նաեւ Իսրայելի եւ Հունաստանի իշխանությունները: Պատգամավորները իրենց նամակում հիշեցնում են ազգային անվտանգության եւ ՌԴ քաղաքացիների պաշտպանության նպատակով Թուրքիայի նկատմամբ Մոսկվայի ձեռնարկած համարժեք քայլերի մասին: Համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վերացվեցին անայցագիր ռեժիմը եւ չարտերային չվերթները, Թուրքիայի իրավադատությանը ենթակա կազմակերպությունների համար արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը: Դրանից հետո Թուրքիայի ղեկավարությունը գիտակցեց տնտեսական պատժամիջոցների ներգործունությունը եւ Մոսվկայի հետ բարեկամական հարաբերությունները վերականգնելու ցանկություն հայտնեց, սակայն, ինչպես նշված է պատգամավորական հարցապնդման մեջ, «միաժամանակ Մուստաֆա Ջեմիլեւի հետ քննարկելով Ղրիմի այսպես կոչված ապաօկուպացման հատուկ խմբի ստեղծման հարցը»: «Իր ավագ գործընկերների վատթարագույն ավանդույթներին հետեւելովՙ Թուրքիայի ղեկավարությունը ամեն անգամ դրսեւորում է երկակի չափանիշների վրա հիմնված նախահարձակ, եսամոլական քաղաքականություն: Այս կապակցությամբ կարծում ենք, որ ավելորդ չէր լինի թուրքական իշխանություններին հիշեցնել, որ 1921 թ. մարտի 16-ին Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի կնքած բարեկամության ու եղբայրության պայմանագիրը հավերժական չէ», գրված է նամակում: Օբուխովի խոսքերով, այդ պայմանագրի վերանայման հարցը առաջին անգամ չի քննարկվում: Նացիզմի ջախջախումից հետո, երբ հետպատերազմյան նոր սահմանների գծման գործընթաց էր սկսվել, Խորհրդային Միությունը պահանջեց Անկարայի հետ նոր համաձայնագրի կնքում, բայց Ստալինի մահից հետո ի վերջո հրաժարվեց իր պահանջներից: «Անդրկովկասյան երեք հանրապետություններից երկուսըՙ Վրաստանը եւ Հայաստանը չեն ճանաչում պայմանագիրը, անարդարացի համարելով այն: Պետք է հասկանալ, որ 1921 թվականին բոլշեւիկների իշխանությունը բառացիորեն դեռ մազից էր կախված. շարունակվում էին օտարերկրյա ներխուժումը, քաղաքացիական պատերազմը: Այդ պայմաններում Խորհրդային Ռուսաստանը չէր կարող հանդես գալ ուժի դիրքերից եւ Թուրքիային պարտադրել փաստաթղթի առավել ձեռնտու պայմաններ: Համաձայնագիրը ի սկզբանե ընկալվում էր իբրեւ ժամանակավոր, եւ արդեն 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտն ավարտելով որպես անվերապահ հաղթող, ԽՍՀՄ-ը անմիջապես իր անհամաձայնությունն արտահայտեց Մոսկվայի պայմանագրի ըստ էության խտրական պայմանների առնչությամբ: Կնքված պայմանագրի համաձայն, Կարսի մարզ եւ նախկին Բաթումի մարզի հարավային մասը (Ռուսական կայսրության կազմում էին 1878-ից), ինչպես նաեւ Երեւանի նահանգի նախկին Սուրմալու գավառը (Ռուսական կայսրության կազմում էր 1828-ից) Արարատ լեռան հետ անցնում էին Թուրքիային: Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում ի կատարումն Մոսկվայի պայմանագրի կնքված Կարսի պայմանագրիը, իսկ Վրաստանի Հանրապետության խորհրդարանը այն չեղարկել է 2005 թվականին: Պայմանագրի չեղարկման մասին խոսվում է 1945 թվականից: Խորհրդային պատմաբան եւ արվեստաբանության դոկտոր Ալեքսեյ Ջիվելեգովը 1946 թ. «Իզվեստիա» թերթում հրապարակեց հոդված, որտեղ խոսվում է Մոսկվայի պայմանագրի կնքման անարդարացիության մասին: Հոդվածում Ջիվելեգովն ասում է, որ հայերը անպայման կվերադառնան պատմական սահմաններում իրենց տարածքների վերադարձման մտքին: Ըստ որում, փորձագետների խոսքերով, Մոսկվայի պայմանագրի չեղարկումը չի նշանակի Կարսի 1921 թ. պայմանագրի ինքնաբերական լուծարում: Նույնիսկ երկու պայմանագրերի չեղարկումը չի նշանակում անդրկովկասյան երեք հանրապետությունների եւ Թուրքիայի սահմանների անհապաղ փոփոխություն: «Այս կամ այն տարածքների կարգավիճակը ապահովվում է միջազգային պայմանագրերով, համաձայնագրերով կամ որոշումներով: Քանի որ այդ տարածքների անռչությամբ եղել է իրավարար դատարանի վճիռ, ուստի վերջինիս հակասող բոլոր հետագա պայմանագրերը լրիվ չափով լեգիտիմ չեն: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը սեպարատ (անջատ) պայմանագրեր են եւ հակասում են միջազգային իրավարար դատարանի տառին: Իսկ իրավարար դատարանի վճիռը անչեղարկելի է: Այն վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ», պատմում է քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը : Խմբ. կողմից.- Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել Մոսկվայի եւ առավել եւս Կարսի պայմանագիրը չընդունելու մասին: Նկար 1. Մոսկվա, 1921թ., ռուս-թուրքական բանակցություններում |