RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1461, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՆՎԻՐՎԱԾ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ազգային-հոգեւոր ավանդույթների խորհուրդը, դրանց պահպանման անհրաժեշտությունը եւ ամրապնդումը հանրային գիտակցության մեջ տեւական աշխատանք է պահանջում: Իր հիմնական, բովանդակային նպատակից բացի, այն նաեւ որոշակի հմայք է հաղորդում մեր կյանքին.- զուտ տոնակատարությունները կարեւոր, բայց բավարար չեն, դրանք օրվա հետ կարող են եւ անցնել:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր. կարելի է ասելՙ արդեն լայնորեն տարածված մեզանում:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով:

Երեկ Երեւանի Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կայացած ուսանողական ցուցահանդեսըՙ նախաձեռնությամբ Արարատյան հայրապետական թեմի, նվիրված էր տոնի խորհրդին: Բացման արարողությունը աղոթական խոսքով կատարեց Սբ Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Եսայի Արթենյանըՙ փոխանցելով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը:

Նախընթաց հինգ տարիներին թեմի նախաձեռնությամբ կազմակերպվել են նմանաբնույթ ցուցահանդեսներՙ Աշխարհի հայ նկարիչների միության, նաեւՙ Հ. Իգիթյանի անվ. Գեղագիտական ազգային կենտրոնի սաների հետ. վերջինս այժմ էլ շարունակվում էՙ ամեն անգամ գեղագիտական նոր հաճույք ու հիացմունք պատճառելով դիտողին: Իսկ վերջին երկու տարիներին ցուցահանդեսներ կազմակերպվում են նաեւ բուհերի ուսանողների հետՙ այս անգամ արդեն մրցութային: Այս տարի մրցույթըՙ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով, իրականցվում է Գեղարվեստի պետակադեմիայի, Մանկավարժական, Ճարտարապետաշինարարական համալսարանների եւ Փ. Թերլեմեզյանի անվ. քոլեջի ուսանողների միջեւՙ սահմանված 4 մրցանակային անվանակարգերովՙ գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, մանրանկարչություն: Յուրաքանչյուր բուհի հատկացված է մրցանակային առանձին ֆոնդ, հանձնաժողովները կազմված են բուհի դասախոսներից եւ եկեղեցու հոգեւորականներից: Այն նպատակ ունի երիտասարդության մեջ ազգային ավանդական տոների նկատմամբ հետաքրքրությունն առավել անմիջական եւ գիտակցված դարձնելու, քանի որ ստեղծագործական այսպիսի մասնակցությունը ենթադրում է ավելի հանգանալի իմացություն, որն անշուշտ այդ արժեքները վերապրելու, դրանց կրողը դառնալու լավագույն միջոցներից մեկն է:

Գեղակադեմիայի ուսանողների ցուցադրված աշխատանքների մասին իրենց վերաբերմունքն արտահայտեցին դեկորատիվկիրառական արվեստի եւ կերպարվեստի ֆակուլտետների դեկաններՙ Ավետիք Ավետիսյանը եւ Էդվարդ Վարդանյանըՙ հիմնականում ցանկություն հայտնելով ուսանողների առավել ակտիվ մասնակցության: Ա. Ավետիսյանը, խրախոսելով ազգային արմատներին վերադառնալուն միտված նմանաբնույթ միջոցառումները, միաժամանակ նշեց որոշակի բացթողումներ, ինչպեսՙ թեմայի շրջանակներում ստեղծագործելու, այսինքնՙ թեմատիկ նկարչությունը զարգացնելու անհրաժեշտություն, եւ ոչ թե ընդհանուր մոտեցում, ասենքՙ եկեղեցիների պատկերում, սիրո զգացումի վերացական մեկնաբանություն, կամՙ մեկ այլ: Լինելով տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող արեստի բուհը, պահանջը եւ պարտավորությունը գեղակադեմիայի սաներից համապատասխանաբար ավելի բարձր է:

Ցուցահանդեսի ավարտին Տեր Եսայի քահանա Արթենյանը մասնակից ուսանողներին Նավասարդ արք. Կճոյանի կողմից հանձնեց շնորհակալագրեր:

Մրցույթի հաղթողներին սպասվում են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ, ինչն ամենայն հավանականությամբ կտրվի Սբ Հարության տոնիցՙ մարտի 27-ից հետո, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ