RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1501, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տեսա՞ք, թե ինչ եղավ Թուրքիայում: Նկատի չունեմՙ ռուսական Առաջին ալիքով, այնտեղ Թուրքիա էլ չկա, Արարատն էլՙ մերն է, բայց մեզ մոտ էլ ռուսական հսկայական բանակ էՙ գերհզոր ռազմական տեխնիկայով, այդ գնով է Արարատը մերը, Արարատը մե՞րն էՙ այդ գնով...:

Նկատի ունեմ բոլորովին ուրիշ բան, այն, որ Արթուր Ա.-ն, Արամ Է.-ն եւ Սերժ Բ.-ն կալանավորվել են թուրքական ոստիկանության կողմից եւ մեղադրվում են Ստամբուլում հայտնի ոսկերիչ 87-ամյա Պետրոս Դեմիրջիի տան վրա հարձակվելու, կողոպտելու, Դեմիրջիի սպանության եւ նրա 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Պետրոս Դեմիրջին եւ նրա կինը հայեր են, նրանց տան վրա հարձակվելու մեջ մեղադրվողներըՙ նաեւ ՀՀ քաղաքացիներ են (այս տեղեկատվությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն): Սրանից հետո Մեջլիսի պատգամավոր Կարո Փալյանը հայտարարել է, որ հայաստանցիները Թուրքիայում զբաղվում են մարմնավաճառությամբ, կողոպուտով եւ թմրանյութերի վաճառքով, եւ թուրքերըՙ որպես հասարակություն, պետք է քննարկեն հայաստանցիների հարցը: Կարո Փալյանը եւս հայ է:

Բոլորովին վերջերս էլ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը ողջ կազմով կողմ քվեարկեց հակահայկական երկու զեկույցներին եւ այդ պատվիրակության անդամներից էր Մարգար Եսայանը: Նա նույնես հայ է:

Նույն օրերին Հայաստանի նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների առջեւ ելույթ ունեցավ, որտեղ նշեց, թե եկեք պատկերացնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի տեղում անդունդ է, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը չկան: Եկեք, բայց դրանից առաջ եկեք հասկանանք, թե կոնկրետ Թուրքիայի տեղում անդունդ տեսնելով մենք ո՞ւմ ենք ուղարկում գրողի ծոցը, որտեղ, հիշեցնեմ, վաղուց են ուղարկված հայ-թուրքական զույգ արձանագրությունները:

Պետրոս Դեմիրջիին ու նրա այրունՙ նախ եւ առաջ: Ընդ որում խոսքը ոչ թե այսՙ վստահաբար լուսավոր մարդկանց մասին է, այլ Թուրքիայում ապրող-գտնվող հայերիՙ «Դեմիրջի» խմբի մասին: Խոսքը այն հայերի մասին է, ովքեր մշտապես ապրել են Թուրքիայում (անգամ այն ժամանակներում, երբ այդ տարածքում Թուրքիան չէր), եւ կամ հերքում են իրենց հայ լինելը, կամ էլ աշխատում են չխոսել այդ մասին: Նրանք չեն խառնվում քաղաքականությանը, չեն արծարծում, շոշափում ազգային հարցեր, փոխարենը որպես կանոն արհեսավոր են, ընդ որումՙ անվանի, եւ հանգիստ ու խաղաղ իրենց գործն են անում արդեն դարեր, սերնդեսերունդ:

Ապա Կարո Փալյանին, բայց ոչ թե մեջլիսականին անձամբ, այլ Թուրքիայում ապրող-գտնվող հայերի «Կարո Փալյան» խմբին: Սրանք այն հայերն են, ովքեր պատահում է, որ հերքում են իրենց ազգային պատկանելիությունը, սակայն որպես կանոն այն օգտագործում ենՙ իրենց նպատակների համար, որոնք քաղաքական են: Հասկանալի է, որ «Փալյանները» քաղաքականապես ակտիվ են, որպես կանոն քրդամետ կուսակցությունների ներկայացուցիչներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում են Մեջլիսում, որտեղ երբեմն-երբեմն խոսում են Հայկական հարցի մասին, բայց ոչ թե այդ հարցը մեկընդմիշտ լուծված տեսնելու նպատակով, այլՙ թուրքական պետության գործող իշխանությանը հերթական անգամ քննադատելու համար:

Թուրքիայի տեղում պատկերացրեք անդունդ է ասելովՙ մենք գրողի ծոցն ենք ուղարկում նաեւ «Մարգար Եսայան» խմբին: Սրանք այդ երկրում ապրող այն հայերն են, ովքեր ոչ մի դեպքում չեն հերքում իրենց հայ լինելը, քանի որ դա իրենց պետք է թուրքական պետության հանդուրժողականությունը ցույց տալու համար: Եւ ուրեմն հասկանալի է, որ «Մարգարեսայանները» քաղաքականպես ակտիվ են, իշխող կուսակցության ներկայացուցիչներ են եւ լուծում են գեթ մեկ խնդիրՙ ցույց տալ, թե որքան հանդուրժող է Թուրքիան հատկապես հայերի նկատմամբ, որոնց, ասում են, ցեղասպանել է:

Եւ վերջապես, մենք գրողի ծոցն ենք ուղարկում Արամ Է.-ին, Արթուր Ա.-ին եւ Սերժ Բ.-ին, պայմանականորեն այս խումբն անվանեքՙ ԱՍԱ (Արամ, Սերժ, Արթուր): Այս խմբում Թուրքիայում գտնվող, գուցե նաեւ ապրող այն հայերն են, ովքեր ոչ թե չեն հերքում իրենց ազգային պատկանելիությունը, այլեւ դրա հնարավորությունը չունեն, քանի որ նոր-նոր են այնտեղ գնացել Հայաստանից, եւ «ինչպես բոլորը»ՙ զբաղվում են մարմնավաճառությամբ, կողոպուտով եւ թմրանյութերի վաճառքով: Ընդ որում, այս վերջին խումբը հատկապես երկկողմանի գրողի ծոցն ուղարկված է, քանի որ երբ պարզ դարձավ, որ Թուրքիայում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ, մեր ԱԳՆ-ն, լուրը հաստատելուց հետո, շեշտեց, որ ձերբակալվածներին օգնություն տրամադրել հնարավոր չէՙ Թուրքիայի հետ դիվանագիտական կամ հյուպատոսական կապեր չունենալու պատճառով:

Հիմա, երբ ասում են, թե Թուրքիայի տեղում անդունդ պատկերացրեք եւ եթե պատկերացնենք, ապա ստացվում է, որ «Դեմիրջիները», «Պալյանները», «Եսայանները» եւ ԱՍԱ՜ հայաստանցիները անդունդում են, այլեւս չկան, գրողի ծոցն են: Իսկ եթե այդպես է, ապա էլ ո՞ւմ հետ, ո՞ւմ օգնությամբ մենք պետք է Հայկական հարցը շարունակ բարձրացված պահենք Թուրքիայում, եթե անգամ այդ հարցը բարձրացվում է ամենեւին էլ ոչ հայրենասիրական կամ ազգասիրական նկրտումներով: Էլ ո՞ւմ միջոցով պետք է ցույց տանք թուրքերին, որ իրականում հայերս ոչ թե ստախոս պատմակեղծարարներ ենք, կամ մարմնավաճառ կողոպտիչներ, այլՙ անվանի ոսկերիչներ, ճարտարապետներ, կոշկակարներ, դերձակներ: Ուրեմն գրողի ծո՞ցը նետենք այս ամենը եւ այս բոլորին...Իսկ գուցե դրանով մենք անդունդն ենք նետում նաեւ Ցեղասպանությա՞ն հարցը...

Ինչ վերաբերում է ԱՍԱՙ հայաստանցիներին, ապա իմ կարծիքով սա մեր ամոթն է, բայց ոչ թե, որովհետեւ Թուրքիայում հայաստանցիները զվաղված են մարմնավաճառությամբ, կողոպուտով եւ թմրանյութերի վաճառքով, այլ որովհետեւ Թուրքիայում հայաստանցիների հարցը պետք է քննարկի թուրք հասարակությունը, ոչ թե մենք:

Ուրեմն Թուրքիան անդունդ չէ, քանի որ մենք այնտեղ անելիք ունենք եւ քանի դեռ մենք այնտեղ ենք, ճիշտ է մեկս հարգված ոսկերիչ է, մեկսՙ հայրենակցի տունը թալանող եւ նրան սպանող, մյուսսՙ իշխանական պատգամավոր, մեկ ուրիշն էլՙ թուրք հասարակությանը հայաստանցիների հարցը քննարկելու կոչի հեղինակ: Շատերն էլՙ սեփական ազգության մասին մոռացած: Չօգնել այս մարդկանց եւ չօգտագործել նրանց հնարավորությունները, նշանակում է թողնել նրանց անդունդում, իսկ ավելի ճիշտՙ հրաժարվել դուրս գալ անդունդիցՙ բոլորով միասին: Հրաժարվել Թուրքիայում ապրող-գտնվող հայերինՙ դարձնել միասին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ