ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՆՈՐ ԳԻՐՔՙ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԻՐ ՅԱՆ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտը հրատարակել է Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծին մայրաքաղաքին Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանությունը: Գիրքը, որ հուշագրություն-եղեռնապատում է, առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին Բոստոնում: Հեղինակըՙ սեբաստացի Կարապետ Գաբիկյանը, Եղեռնի վերապրողներից է, մասնակիցը գրքում նկարագրվող բոլոր իրադարձությունների: Գաղտնիք չէ, որ Եղեռնի պատմական փաստի համատեքստում Փոքր Հայքը մի տեսակ դուրս է մնացել ուշադրությունից: Գրքի թարգամնչուհինՙ բանասիրական գիտությունների դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյանը , տասնամյակներ շարունակ հետաքրքրված է աղբյուրագիտությամբ: Նրա ուսումնասիրությունների շրջանակը լայն էՙ միջնադարյան հայրաբանություն, վարքագրություն, պատմագրություն, իմաստասիրություն ու գեղարվեստական գրականություն: Պատմագիտական ծավալուն ժամանակաշրջանի հետազոտությունները, հատկապես մեր մեծերի վարքագրությունը սովետական տարիներին չէին խրախուսվում, ինչպես չէր խրախուսվում Հայոց ցեղասպանության թեման: Իսկ հատկապես Փոքր Հայքում տեղի ունեցած տեղահանություններն ու ծրագրված բնաջնջումը պատմաբանների ու աղբյուրագետների ուշադրությունից էին դուրս մղվել: Քնարիկ Տեր-Դավթյանը հիշում է Կարապետ Գաբիկյանի խոսքերը. «Կգա ժամանակ, երբ իմ գիրքն անգնահատելի փաստաթուղթ կդառնա: Դրա արժեքը հետո կհասկանաք»: Սակայն դեռ տասնամյակներ առաջ էր պատմաբան-թարգմանչուհին հասկացել Եղեռնից փրկված սեբաստացու հուշագրության արժեքը: Տարիներ առաջ նա երջանկահիշատակ Սեն Արեւշատյանի հետ ձեռնարկել է գրքի ռուսերեն թարգմանությունը: Այսօր գիրքը պատրաստ է, սակայն ակադեմիկոսը, որ աշխատության խմբագիրն էր, չհասցրեց այն տպագրված տեսնել: Ռուսալեզու բազմամիլիոնանոց հասարակությանը «Եղեռնապատում Սեբաստիոյ» գիրքը պատմական հիմնավոր վկայություններ կհաղորդի, որոնք վավերագրական փաստաթղթերի արժեք ունեն: Այն անգնահատելի աղբյուր է 20-րդ դարասկզբի Սեբաստիայի ու հարակից բնակավայրերի հայության վիճակի, առաջին աշխարահամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերի մասին: |