RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-02-20 15:21:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1580, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆԵՐԸՙ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

Մ. Հ.

Օրերս հայ բանասիրության ֆակուլտետում անսովոր իրարանցում էր:

Մեկ հարկի տակ էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմը, գրողներ, գրականագետներ, ուսանողներ, իսկ առիթն ակադեմիկոսներ Արսեն Տերտերյանի, Էդվարդ Ջրբաշյանի եւ Հրանտ Թամրազյանի կիսանդրիների բացման հանդիսավոր արարողությունն էր:

Բրոնզե կիսանդրիների հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է, որն ընդգծում է, թե երբ քանդակում ես հայտնի մարդկանց, հնարավորինս պետք է իրենց հերոսի կերպար տաս, պետք է զգաս, որ անես. « Երբ ծեփում ես, ինքը թելադրում է, թե ոնց պետք է անես»:

Միջոցառման շրջանակում Հրանտ Թամրազյանի անունով է անվանակոչվել hայ գրականության եւ պատմության ամբիոնը:

«Նրանք, որոնք շփվել են անվանի ակադեմիկոսների հետ, կփաստեն, որ շատ բան են սովորել նրանցից»,- հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը եւ ավելացրեց. «Կիսանդրիների տեղադրումը պատահական չէ. ամեն օր նրանց առջեւով են անցնելու սերունդներ, ուսանողներ, ովքեր հեռակա կարգով զրուցելու են նրանց հետ, ովքեր նրանց ապրած կյանքից, նրանց գրքերից սովորելու են ապրել հայեցի, ազնիվ, ապրել նվիրված լինելով աշխատանքին եւ ժողովրդին»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ փաստեց, որ կիսանդրիների տեղադրումը համալսարանի երախտիքի մի փոքր մասն է միայն դեպի մեծանուն ակադեմիկոսները. «Այսօր իսկապես կա մեծերին մեծարելու անհրաժեշտություն: Այն մարդիկ, որոնք քայլել են այս միջանցքներով, սերունդներ են դաստիարակել, գիտելիք ու հմտություն են հաղորդել, իսկապես արժանի են, որ մենք նրանց հիշենք: Ուսանողներն ամեն անգամ այս կիսանդրիներին նայելիս երախտագիտության մեծ զգացում են ապրելու դեպի մեծ ուսուցիչները, քանզի անանց արժեքների թվում է նաեւ «ուսուցիչ» հասկացությունը, որը կենարար աղբյուր է, ուսուցիչը, ով մարդացնում է մարդուն»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաեւ ժառանգներըՙ Հրանտ Թամրազյանի որդին բան. գիտ. դոկտոր Հրաչիկ Թամրազյանը , եւ Էդվարդ Ջրբաշյանի դուստրը Հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը :

«Այսօր, եթե մենք չհիշենք մեր մեծերին, ապա չենք կարող առաջ շարժվել: Եվ ընդհանրապես ազգը ազգ չի լինի առանց հիշողության: Պետք է նշեմ, որ նրանց թողած ժառանգությունը մեզ համար այսօր ուղենիշ է»,- ասաց Աշխեն Ջրբաշյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հավելեց, որ այսպիսի միջոցառումները ապրելու մղում են տալիս, եւ չպետք է մոռանալ, որ մեծ ակադեմիկոսներն իրենց ժամանակին սատար են եղել գրողներին ու գրականության կողքին եղել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ