ԱՊՊԱՙ ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼՈՒ Ա. Մ. Ավտոտրանսպորտային պատահարների տվյալների հավաքման գործընթացը պարզեցնելու եւ խցանումները նվազեցնելու նպատակով, կառավարության որոշմամբ պատահարի մասնակիցների համար ստեղծվել է առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու համաձայնեցված հայտարարագիր լրացնելու եւ դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորությունՙ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու: Պարզեցվել է պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը: Համաձայնեցված հայտարարագրի ձեւում ավելացվել են ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ եւ առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափերի (որոնք կսահմանվեն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով) լրացման տողերը: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Միաժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահին առաջարկել է աշխատանքներ տանել ապահովագրական ընկերությունների հետ եւ բարձրացնել սահմանված գումարի շեմըՙ գոնե մինչեւ 100 հազար դրամ: |