ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով 2015թ. տարեվերջին Կոտայքի մարզում ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն եւ վերանորոգվել է եւս մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Մայակովսկի համայնքՙ երկու ընտանիքների արդեն բարելավված բնակարանային պայմանները տեսնելու եւ միասին նրանց ուրախությունը կիսելու: Արթուր Անտոնյանի ընտանիքը 13 տարի բնակվել է հայրական տանը. 11 անձՙ երեք սենյականոց բնակարանում: Նրանց համար հինգ տարի որպես տանիք է ծառայել նաեւ արտերկրում գտնվող հարեւանի տունը: Արդեն մի քանի տարի է Անտոնյանները սկսել են իրենց տան շինարարությունը, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել: «Տուն ունենալը երազ էր ինձ համար: Երեխաներս հասակ են առել տնից տուն տեղափոխվելովՙ այդպես էլ սեփական անկյուն չունենալով: Հարազատ տան պատերի ջերմության զգացումը չի կարելի համեմատել ոչինչի հետ: Հիմա մեր երջանկությունն ու երախտագիտությունն անսահման են», - ասել է Նաիրա Անտոնյանը ՙ ընտանիքի մայրը: «Արդյունքի առումովՙ այս ծրագրով իրականացվող բոլոր միջոցառումները նույնն են. բնակարանամուտ է նշվում: Տարբեր են, սակայն, շահառու դարձած ընտանիքների զրկանքներն ու տարիների ապրումները: Մեծ ձեռքբերում է հուսահատությունից անորոշության մեջ հայտնված ընտանիքներին դրական լիցք հաղորդելը: Որքան բարություն եւ դրական էներգիա հաղորդվի այսպիսի ընտանիքներին, այնքան արդյունավետ կլինի տունը շենացնելու, արժանի զավակներ դաստիարակելու եւ երկրին օգտակար լինելու նրանց նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Հերթական հաջողությունն է, որին այսօր ականատես ենք լինում: Հերթական հայ ընտանիքն է, որ այսուհետեւ ամուր հիմքերի վրա է կանգնած: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ տարիների համագործակցության արդյունքում 93 ընտանիքի համար լուծվել է տան խնդիրը, ինչը նոր հնարավորությունների ու հաջողությունների հիմնաքար է դարձել այդ ընտանիքների համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : 2007թ.-ից ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարելՙ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվումՙ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները: |