ԸՍՏ «ԻՆԴԻՓԵՆԴԵՆՏԻ», ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ Պ. Ք. Սիրիայի պատերազմը չի ավարտվել, բայց արդեն կարելի է ասել, թե ովքեր կդառնան առավել հավանական հաղթողները եւ պարտվողները, գրում է բրիտանական «Ինդիփենդենտ» թերթը: Ռուսաստանն առաջատար դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում: Եվ եթե մի քանի ամիս առաջ քննադատներն ասում էին, թե Մոսկվան կզղջա պատերազմին միջամտելու համար, ապա այսօր ոչ ոք չի կասկածում, որ հենց Ռուսաստանն է դարձել պատերազմի ելքը վճռող գլխավոր ուժը: Ռուսաստանի վերածնունդը ակնհայտ դարձավ Մյունխենի կոնֆերանսում, որտեղ Ջոն Քերրին եւ Սերգեյ Լավրովը հայտարարեցին Սիրիայում զինադադարի հաստատման մասին: Թերթը կարծում է, որ ռուսական օդուժի եւ շիա մարտիկների օգնության շնորհիվ Բաշար Ասադը տանուլ չի տա պատերազմը: Նաեւ ակնհայտ է, որ Ասադի եւ Ռուսաստանի ուժերը վերջերս էական հաջողությունների են հասել հակաահաբեկչական պայքարում: Սակայն ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները չեն համակերպվի պարտությանը: Այսպես, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ռազմական գործողություն սկսելու հարցը, բայց, թերթի կարծիքով, նրանցից ոչ մեկն այլեւս չունի Սիրիայի իրադրության վրա ազդելու երբեմնի կարողությունը: |