ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍԵՆ ԽԱՂՈՂԻ ՕՂԻ ԱՐՏԱԴՐԵԼ Ա. Մ. Խաղողի օղիների արտադրությունը խթանելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել մի քանի օրենսդրական փոփոխությունների: Ըստ հիմնավորման, գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա եւ այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ եւ ՌԴ օրենսդրությամբ: Մյուս կողմիցՙ գինու արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25 տոկոս) կազմող մնացորդները, ինչպես նաեւ իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու եւ կոնյակի արտադրության նպատակով: Փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու եւ կոնյակի արտադրության նպատակով, կսկսվի նոր արտադրատեսակիՙ խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաեւ տնտեսվարողների եկամուտները: |