ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Խորհրդային տարիներին Շիրակում կար 5 վարչական շրջանՙ Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշոցքի եւ Ամասիայի: Մարզերի ստեղծմամբ այստեղ էլ շրջանները վերացվեցին, Շիրակը դարձավ մեկ մարզՙ իր մարզպետարանով, իսկ քաղաքներն ու գյուղերն ամեն մեկն իրենց տարածքում սկսեցին իրականացնել տեղական ինքնակառավարումՙ իրենց համայնքների կառավարման մարմիններով: ՀՀ նախորդ իշխանությունն իր կառավարման վերջին տարիներին սկսեց կատարել համայնքների այսպես կոչված խոշորացում, իսկ իրականումՙ նաեւ իրարից շատ հեռու եւ տարբեր պայմաններ ու խնդիրներ ունեցող մինչեւ 15-16 համայնքների կամայական (ձեւական իբր թե քննարկումները չհաշված), արհեստական միավորում մեկ վարչական տանիքի տակ, իբրեւ մեկ համայնք, այդպիսով նաեւ ապակենտրոնացված տեղական ինքնակառավարումը մեկ աստիճանով կենտրոնացնելով ու տեղերից հեռացնելով: Նման «խոշորացման» գագաթնակետն այն ժամանակ եղավ նախկին Անիի շրջանի բոլոր բնակավայրերի նույն կերպ միավորումը, Մարալիկ քաղաքային կենտրոնով հանդերձ, իբրեւ մեկ համայնք, զարմանք ու տարակուսանք առաջացնելով: Չգիտենքՙ այն ժամանակվա թունդ ընդդիմադիր այսօրվա իշխանության առաջնորդներն ինչ վերաբերմունք են արտահայտել այդ քայլերին, բայց այսօր, ինչպես երեւում է, բերված հատկապես վերջին օրինակը դուր է եկել նրանց ու որոշել են այդ հարցում գերազանցել նախորդներինՙ միավորելով նաեւ արդեն միավորվածներին: Դեկտեմբերի 5-ի ընտրություններով, որքան հասկացանք, մարզի բոլոր բնակավայրերը բաժանվում են կամ միավորվում են 5 նախկին շրջանների մեջ, որոնք սակայն կոչվելու են մեկական համայնք: Այդպես լավ չէ, եթե խնդիրը վերջին հաշվով ֆինանսական է, ինչը կարելի է հասկանալ, բերեք հանրապետությունը բաժանեք երկու համայնքի, մեկըՙ ՔԱՂԱՔԸ (դե իհարկեՙ Երեւանը), մյուսըՙ «շրջանները», այսինքն մնացած ողջ հանրապետությունը: Ինչպես իրականում շատերի գիտակցության մեջ է վաղուց: Միայն իշխանությանը նկատի չունենք: Այսքանն ասելուց հետո կցանկանայինք մի պարզաբանում անելՙ սխալ չհասկացվելու համար: Այստեղ առարկությունն այնքան միավորումներին չի վերաբերում, որքան այդ ստեղծվող միավորները համայնք կոչելուն: Ինչպե՞ս կարող է, ասենք, իրարից նաեւ հեռու ու տարբեր կողմերում գտնվող 36 բնակավայրը մեկ համայնք կոչվել, առավել եւսՙայդպիսին լինել: Շրջաններն եք վերականգնումՙ կոչեք շրջաններ, վերացնելով մարզպետարանները եւ այլն: Բայց համայնք հասկացությունը մի՛ այսքան խեղաթյուրեք: Անշուշտ, շրջանները վերականգնել այսօր թույլ չի տալիս գործող սահմանադրությունը: Ուրեմն այս հարցում էլ գուցե պետք է սպասել մինչեւ այդ խնդրի սահմանադրական կարգավորումը եւս: Առավել եւս, որ համայնքը վարչական ու ՏԱՐԱԾՔԱՅԻՆ միավոր համարելը, ինչպես մեր Հիմնական օրենքում 2015 թվականից է կատարված, նույնպես դժվար է ընդունել: Իսկ մինչ խնդրի սահմանադրական կարգավորումը գոնե կոչեք համայնքային միավորումներ, փնջեր կամ մեկ այլ ընդունելի բան: Ու բոլոր այս հարցերում վերջապես պետք չէ՞ լսել նաեւ ոլորտի ճանաչված մասնագետների կարծիքները: Եվ մեկ էլՙ ինչքա՞ն կարելի է անընդհատ ազգը պառակտող այսքան հաճախակի ընտրություններ անել... |