ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Այս տարի իր 100-ամյակն է նշում Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: Հիմնադրվելով մեր երկրի համար խիստ դժվարին շրջանումՙ 1921 թվականին, նախ իբրեւ նկարչական ստուդիա, իսկ 1936-իցՙ քառամյա դպրոց, այն ոչ միայն առաջինն էր Անդրկովկասում, այլեւ միակն է, որ անխափան գործում է այն ժամանակվանից առ այսօր: Արվեստի այս կրթօջախը, իր գոյության ընթացքում տարբեր անգամներ տեղափոխվելով ու գործելով տարբեր շենքերում, տարբեր, այդ թվում տեւական ժամանակ նաեւ տնակային պայմաններում, իր տված գեղարվեստական դաստիարակությամբ նկատելի ավանդ է ներդրել հայ կերպարվեստի զարգացումը խթանելու գործում: Տարբեր տարիների այստեղ սովորել եւ իրենց առաջին ստեղծագործական մկրտությունն են ստացել նաեւ հայ արվեստի այնպիսի երեւելի դեմքեր, ինչպես նկարիչներ Խաչատուր Եսայանը, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանները, Կարո Տիրատուրյանը, Հրաչյա Ռուխկյանը, Մինաս Ավետիսյանը, քանդակագործ Զավեն Կոշտոյանը, անգամ Մհեր Մկրտչյանը, շատ ուրիշներ: Նրանցից ոմանք հետագայում նաեւ դասավանդել են այնտեղ կամ ղեկավարել այն: Դպրոցը եղել ու նաեւ է քաղաքում գեղարվեստական միջավայր ստեղծող կարեւոր կենտրոն: Վերջին տարիներին Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հանգրվանը դարձած մի հին պատմական շենքումՙ մանկական գրադարանի նախկին կառույցում կատարված նորոգման աշխատանքներից հետո օրերս կայացավ կրթօջախի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսություն: Մասնակցեցին մարզային ու քաղաքային ղեկավարներ, այս դպրոցի շրջանավարտներ, քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ: Շինության նկուղային հարկում բացվեցին ցուցասրահ եւ քանդակի դասարան: ...Բոլոր դեպքերում ժամանակն իր կնիքն է դնում մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Խորհրդային տարիների 250-ի փոխարեն արվեստի այս դպրոցն այժմ ունի 85 աշակերտ: |