RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2001, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Թուրքական ապրանքների Հայաստան ներկրումն արգելելու թեման կրկին օրակարգում է. մինչեւ տարեվերջ լրանում է արգելքի երկրորդ վեցամսյա ժամկետը: Չնայած մեկ տարի առաջ սահմանված արգելքին` թուրքական ապրանքները շարունակում են ներմուծվել Հայաստան այլեւայլ ճանապարհներով, մասնավորաբարՙ 3-րդ երկրներից վերավաճառքի միջոցով:

Շատերի կարծիքով արգելքը ձեւական բնույթ է կրել, ոմանք էլ համարում են, որ տեսանելի օրինակներ կան, թե ինչպես է տեղական այս կամ այն արտադրությունը որոշ առաջընթաց գրանցել թուրքականն արգելելու արդյունքում:

«Թուրքական ապրանքները Հայաստան են հասնում relabeling-ով (վերապիտակավորում): Այսինքն` Վրաստանում դրանք փոխվում են ծագման երկրի սերտիֆիկատներով, բրենդներով: Եվ Հայաստան են մտնում ոչ միայն թուրքական, այլեւ ադրբեջանական ապրանքներ»,-ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը :

Ըստ Մանասերյանի, Հայաստանին, չի հաջողվում թուլացնել կախվածությունը թուրքական ապրանքներից ու դրանք փոխարինել ԵԱՏՄ երկրների արտադրանքով: Նա նշում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի գյուղմթերքների արտահանման, սննդի արտադրության, գյուղմթերքների վերամշակման մասով, ալկհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի, պահածոների արտադրության մասով, բայց պետք է այս ուղղությամբ ավելի համադրված քայլեր իրականացնել:

Գործարար Ա. Հակոբյանը նշում է, որ մեկ տարում թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ոչ մի դրական ազդեցություն չի թողել հայկական գյուղմթերքի շուկայի վրա: Պատճառն, ըստ նրա, այն է, որ թուրքական միրգն ու բանջարեղենը Հայաստան են ներկրվում այլ երկրի ծագման հավաստագրով:

«Վերահսկողությունը շատ թույլ է, եթե արգելվում է, ապա պետք է մինչեւ վերջ հետեւողական լինել, այլապեսՙ ամեն ինչ դառնում է ձեւական: Արհեստական արգելքի դեպքում, երբ օրենքում կան բացեր, ներմուծողները միշտ էլ զարտուղի ճանապարհներ գտնում են»,- ասում է Հակոբյանը:

Բոլոր պարագաներում, շատերի համար ակնհայտ է, որ ներմուծողները հաճախ շրջանցում են օրենքըՙ զարտուղի ճանապարհներով թուրքական ապրանքը Հայաստան հասցնելով,իսկ կառավարությունը ջայլամի մոտեցում է ցուցաբերում:

Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որը ենթադրում է թուրքական ապրանքները ներմուծելու արգելքի երկարացում եւս վեց ամսով: Սակայն, թե ինչ հաշվարկներ ու վերլուծություններ են ընկած այդ նախագծի հիմքում, հայտնի չէ: Մինչեւ այժմ որեւէ վերլուծություն չի ներկայացվել հանրությանը այն մասին, թե ինչպես է այս արգելքն ազդել հայկական շուկայի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ