RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1255, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՄԻՑ ԵՎ ԻՆՉ ԸՆԴՕՐԻՆԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ, ԵՐԲ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ԱՆԳԱՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ իրենց արվեստագետ ու մտավորական համարողները, միմյանց ձեռքից բարձրախոսները խլելով, հարթակ էին բարձրանում ու դժգոհում այն իշխանությունից, որի ձեռքից մրցանակներ ու մեդալներ էին ստացել: Դերասաններից մեկն, օրինակ, որ «նախկինների» հովանավորությամբ «Կանազի» մշակույթի տան շենքն էր ձեռք բերել, 2018-ին բողոքում էր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, աջակցում իշխանության եկող Նիկոլ Փաշինյանին: Մեկ այլ ռեժիսոր արդեն երկրի կառավարման ղեկը ստանձնած Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հեղափոխություն համարվող իշխանափոխությունը «չքնաղ երազի» հետ էր համեմատում: 44-օրյա պատերազմից հետո սակայն Նիկոլ Փաշինյանի հմայքով տարված մտավորականներից քչերն են համարձակվում խոստովանել, թե Փաշինյանին քծնելու ու նրան գովերգելու հարցում, կարծես թե, սխալվել են:

Եթե նախկինում մշակույթի գործիչները գոնե անկաշկանդ խոսում էին ամենատարբեր երեւույթների ու հարցերի մասին, այսօր կարծես վախվորած լինեն: Իրեն մտավորական համարող մարդը սակայն պետք է խոսի ու վերլուծի իրավիճակնՙ անկախ պետական այրերի հետ ունեցած փոխհարաբերություններից ու ցանկալի կամ ցանկացած պաշտոնը կորցնելու սարսափից:

Այսօր, երբ անհանդուրժողականության մթնոլորտն ու ատելության խոսքը, սահմաններ չեն ճանաչում, բարոյական արժեքներն էլ վաղուց արդեն «մոդայիկ չեն», առավել քան անհրաժեշտ է, որ հասարակության մեջ փոքրիշատե համբավ եւ ընկալում ունեցող անձինք հրապարակային ելույթներով փորձեն առողջացնել թունոտված օդն ու միջավայրը:

Անկախության տարիներից ի վեր, ցավոք, Հայաստանում ոչ միայն մտավորական, այլ նաեւ բոլոր տեսակի էլիտաները հետեւողականորեն արժեզրկվել են: Յուրաքանչյուր ոլորտում մատների վրա կարելի է հաշվել անհանտներին, որոնք երբեւէ, որեւէ իշխանության ժամանակ չեն կռվել, ծռվել, գլուխ խոնարհել ու լռելՙ հանուն ինչ-որ շահի: Ամենացավոտ խնդիրների մասին խոսելիս թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ հոգեւոր ու մյուս ոլորտի ներկայացուցիչները ծայրահեղ զգուշավորություն են ցուցաբերել, համակերպվել «վերեւներից» եկող հրամայականի հետ: Ամեն մեկը բազմել է (ու դեռ բազմած է) իր տաքուկ անկյունում ու վախեցել բարձրաձայնել, խոսել, քննադատել հասարակությանը պառակտող ու մարդկանց կրթական մակարդակը զրոյացնող վատթարագույն երեւույթները:

Հասարակությանն առաջ մղելու ու նրան առողջացնելու գործառույթը, նախեւառաջ, լսելի խոսք ունեցող անհատականությունների ուսերին է, որոնց տեսնելով է, որ մյուսներն ընդօրինակելու, նույնկերպ վարվելու մղում պետք է ունենան: Բայց ումից եւ ինչ յուրացնի քաղաքացին, երբ հայհոյող ու «կեղտի» մասին երգող քաղաքական գործիչը, քաղաքականությամբ զբաղվող հոգեւորականը, օրվա իշխանության կնունք-ծնունդների ժամանակ «հայեր ջան, դուխով» երգող երգիչը, ցինիկ ու էժանագին խոսքը որպես հումոր ներկայացնող դերասանն է այսօր եթերի ու սոցիալական ցանցերի ամենադիտվող ու պահանջված «աստղը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ