ԱԼԵ՞ՆՆ Է, ՈՐ ՊԻՏԻ ՎԻՐԱՎՈՐԻ ՁԵԶ ՆԱԻՐ ՅԱՆ Իլհամ Ալիեւն Ադրբեջանից սպառնալից հարցնում է Հայաստանին. «Ասեք տեսնեմ ե՞րբ եք բացելու Զանգեզուրի միջանցքը»: Նոր պատերազմի սպառնալիքը չոքել է մեր դռանը, առաջնագծի ամրացումը մոռացված թեմա է, հայկական բանակից միայն անունն է մնացել, թշնամին մտել է Սյունիք ու դուրս չի գալիս, ամեն օր զինվոր կամ խաղաղ բնակիչ է սպանվում, ու հանկարծ ասպարեզ է նետվում տեսագրություն, որտեղ գլխավոր դերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է: Նա իր համոզմունքն է հայտնում, թե գերիներն իր համար չկան, նրանց պատճառով չպետք է Սյունիքը կորցնենք, կան սպաներ ու զինվորներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել եւ հայտնվել են գերության մեջ, ՀՀ սահմանները պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել: Ալեն Սիմոնյանի դատողություններից գերիների հարազատները վրդովվել են ու դուրս եկել փողոցՙ բողոքի: Կառավարության հարակից փողոցները փակելով, նաեւ ԱԺ-ի մոտ հավաքվելովՙ նրանք պահանջում են Ալեն Սիմոնյանի հրաժարականը, պահանջում են, որ նա ներողություն խնդրի, որ իր ասածների համար պատասխան տա: Երկու շաբաթ առաջ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե դեռ պետք է քննվի, թե մեր զինվորներն ինչ հանգամանքներում են գերի հանձնվել, բայց նրա այդ խոսքը գերիների հարազատների վրդովմունքը չհարուցեց, ոչ մի ծնող չպահանջեց, որպեսզի քննվեն, թե ինչո՞ւ են իրենց որդիներն առանց զենքի, առանց փամփուշտի կանգնել մինչեւ ատամները զինված ադրբեջանցիների դեմ, ինչո՞ւ է Հայաստանից զորք տարվել, որպեսզի Արցախի Դիզափայտի, Խծաբերդի, Հին թաղերի համար կռիվներ մղվեն այն դեպքում, երբ բանավոր պայամանավորվածությամբ այդ տարածքներն արդեն իսկ հանձնված են եղել Ադրբեջանին: Դիզափայտը, Խծաբերդը, Հին թաղերը պաշտպանելիս մենք դեկտեմբերին հարյուրից ավելի զոհ ենք տվել, իսկ 62 հոգի գերի է ընկել: Այս հանցանքի հանգամանքները ե՞րբ պետք է պարզվեն, հանձնված տարածքները պաշտպանելու եւ սպանվելու հրամանն ո՞վ է տվել: Մեկ տարի է անցել, ոչ մի ծնող պատասխան չի պահանջել ու բողոքի ցույց չի արելՙ ինչո՞ւ են պատերազմից քսան օր հետո իրենց որդիներին տարել Արցախ ու սպանել: Գերիների հարազատներն էլ չեն բողոքել, թե ինչո՞ւ են իրենց որդիներին տարել հանձնված տարածքները պաշտպանելու, ինչի պատճառով էլ նրանք գերեվարվել են: Նրանք դիմադրություն ցույց տվել են, թե՞ ոչ, այլ հարց է, բայց ինչո՞ւ են տարվել հանձնված տարածքներ, ոչ ոք չի հարցնում: Ինչպե՞ս են ադրբեջանցիները ներխուժել Սյունիք ու Սյունիքից գերեվարել մեր տղաներին. թուրքը մտել է Հայաստանի սուվերեն տարածք, իսկ երկրի ռազմաքաղաքական ղեկավարներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ բոլորը պետք է առնվազն ճաղերի հետեւում լինեին, բայց արի ու տեսՙ մեղավրներին փնտրում են շարքային զինվորների ու սպաների մեջ: Բանակն ու հայ զինվորին արժեզրկելուց, ողնաշարը ջարդելուց հետո 200.000 դոլարանոց նոր ավտոմեքանայով պտտվող Ալեն Սիմոնյանը հանդգնում է գերեվարված հայ զինվորին սեւացնել ու կասկածի տակ դնել նրա հայրենասիրությունը: Բայց մինչեւ Ալենը չխոսեց ու չվիրավորեց, գերեվարվածների հարազատները դուրս չեկան բողոքի: Այսինքնՙ նրանք շատ ավելի մե՞ծ կարծիք ունեին Ալեն Սիմոնյանի մասին, մինչեւ հիմա կարծում էին, թե Ալենը հայ զինվորին գնահատում ու արժեւորո՞ւմ է, կամ մինչեւ հիմա կարծում էին, թե Նիկոլն ու նրա թիմից թեկուզ մեկ հոգի Ալենից տարբե՞ր տրամաբանություն ու դատողություն ունի: Հազարավոր զոհեր, 300 անհետ կորած, կորսված Արցախ, կորսվողՀայաստան, ոչնչացված բանակ, ոչնչացվող պետականություն. այս փաստերից ոչ մեկը մարդկանց փողոց չհանեց եւ իշխանական ոչ մի ներկայացուցչի հրաժարականը չպահանջեց: Ալե՞նը պիտի խոսեր, որ բողոքի ցույցեր լինեին: Սա այն է, ինչն անվանում են վերջաբան: |