ԿՌՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԼԱՎ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ ԷՐ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՍԻԲԸ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Դաշնակցական երիտասարդներին իշխանական պատգամավորներն ու նրանց օգնականները ծեծել են: Թեեւ այժմ ծեծկռտուքի անմիջական մասնակիցները միաբերան պնդում են, թե կռվի ժամանակ փլավ չեն բաժանում, բայց պարզից էլ պարզ է, որ երեք հոգով երեսունի դեմ ձեռնամարտի բռնվելն ու հավասարը հավասարին կռվելը նույնն է, թե առյուծի հետ անձեւրանոցով կենաց-մահու կռիվ անես: Միջադեպից հետո դաշնակցական երիտասարդները, տղայական ամբիցիաներին կուլ գնալով, ոտնատակ են տալիս հարցի իրավական ու քաղաքական կողմը` միաբերան պնդելով, թե վնասվածքներ չեն ստացել, հիվանդանոց էլ չեն գնացել: «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, «Ազգ»-ի հետ զրույցում պնդեցին` հիվանդանոց տեղափոխվող էլ, վնասվածք ստացող էլ եղել է, պարզապես նրանց էլ հասկանալ կարելի է, երիտասարդներ են, չեն ցանկանում տուժողի դիրքերից հանդես գալ: Մեր դիտարկմանը, թե այդպես հարցի քաղաքական-իրավական կողմն է տուժում, եւ ստացվում է, թե «խփել են, խփել ենք, լավ ենք արել», ընդդիմադիր պատգամավորներից մեկն այսպես արձագանքեց. «Խմբակցությունը քաղաքական գնահատական է տվել, ծանո՞թ չեք, էլ ի՞նչ անեինք»: Իհարկե, ցավալի է, որ ընդդիմադիրները քաղաքական գնահատականը սոսկ հայտարարության ձեւով են պատկերացնում: Բոյկոտի հազար ու մի ձեւերի, քաղաքական ակցիաների ու պիկետների մասին ես չէ, որ պետք է նրանց հուշեմ: Անկեղծ ասած` տհաճ միջադեպից հետո ինքս դեպքերի զարգացման փոքր-ինչ այլ սցենար էի պատկերացնում: Մտածում էի` հայաստանաբնակ բոլոր դաշնակցականները մի քանի ժամվա ընթացքում կհավաքվեն խորհրդարանի դարպասների մոտ, կշրջափակեն Ազգային ժողովի շենքն ու ծեծկռտուքի մասնակից պատգամավորների մանդատ վայր դնելը կպահանջեն: Էլ չասածՙ պատգամավորների մասին, որոնց ելույթներն այնքան ժամանակ ծեծկռտուքի թեմային կվերաբերեին, քանի դեռ իշխանականները մանդատները վայր չէին դնի: Նկարագրված գործողությունների փոխարեն ՀՅԴ-ականները նախընտրեցին մի քանի հոգով հավաքվել ԱԺ մուտքի մոտ ու մատ թափ տալ ՔՊ-ականների վրա, թե մինչեւ Նոր տարի ժամանակ ձեզ` դրեք մանդատները: Գիտեք, սա անգամ ծիծաղելի չէ, սա պարզապես մանր ժուլիկություն է, ծաղրՙ սեփական կուսակցության նկատմամբ: Սա վկայումն է այն բանի, որ կուսակցական թասիբը վաղուց է երկրորդվել խորհրդարանում տաքուկ կաբինետ ունենալուն: Ի՞նչ արեցին ՀՅԴ-ականները, երբ Փաշինյանի ջատագովները Ազատության հրապարակում հարձակվեցին Հրանտ Մարգարյանի վրա, դարձյալ` ոչինչ: Նույն էլ այժմ է` հարձակվում են, ծեծում են իրենց համախոհներին, բայց մի մարդու պես անհանդուրժողականության պիկետներ նախաձեռնելու փոխարեն «հողատու, կապիտուլյանտ» անդուլ, ոչինչ տվող քննադատութամբ խորհրդարանական ամբիոնն են մաշեցնում: |