RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1426, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՀԱՑԵԼ Է ԷԹՆՈ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նոյեմբերի 30-ին մերձմոսկովյան Դմիտրովի հիվանդանոցում կաթվածի հետեւանքով մահացել է մոսկվաբնակ երգչուհի եւ ազգագրագետ Անժելա Մանուկյանը : Հայկական եւ ռուսական ծագում ունեցող Մանուկյանն իրեն համարում էր «երկու հայրենիքների մարդ»:

Հայրըՙ Վրեժ Մանուկյանը, Ռուսաստան է տեղափոխվել Ալբանիայից: Անժելա Մանուկյանը ծնվել է 1965 թվականին: Մանկուց հետաքրքրվել է ազգագրական հետազոտություններով, մասնակցել է բանահյուսական արշավների: 1997 թվականին նա սկսեց համագործակցել Ալեքսեյ Բորիսովի («Ցենտր», «Նոչնոյ պրոսպեկտ» խմբեր) եւ Ռոման Լեբեդեւի («Կոռոզիա մետալլա») հետ: Շուտով նրանց միացավ նկարիչ, բազմագործիքավորող եւ նոր երաժշտական գործիքներ հորինող Յուրի Բալաշովը: Նրանց համատեղ «Վոլգա» խումբը դարձավ ռուսական անկախ (ինդի) երաժշտության առաջատարներից մեկը, որը թողարկեց 9 ալբոմ ու ելույթներ ունեցավ աշխարհի բազմաթիվ երկրներում: 2000-ականների սկզբին Անժելան Պավել Գոլովինի հետ հիմնադրեց «Bad Taste Records»-ը, որը զբաղվում էր ինդի ոճի ալբոմների թողարկմամբ եւ համերգների կազմակերպմամբ: Մանուկյանը համարվում էր ռուսաստանյան էթնո երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Իր ստեղծագործություններում նա օգտագործում էր վավերական սլավոնական ծիսակարգային երգեր, լացեր եւ հմայախոսքՙ ծանր էլեկտրոնային հնչողության (ինդուստրիալ) տարրերի, ձայնային եւ տեսողական հնարքների կիրառմամբ:

2004-ին բրիտանական «The Observer»-ը Մանուկյանի մասին գրել է. «Որոշ երգերում նա բարձր ձայնով է երգում, մյուսներումՙ ցածր, իսկ «Սաղմոս» երգում սավառնում է օպերային սոպրանոյի պես: Ալբոմի դարձերեսին գրված է, որ դրանք հին Ռուսաստանի հեթանոսական երգեր են, բայց Անժելան այնպես է հնչեցնում, կարծես ինքն է գրել»:

Անժելա Մանուկյանը բազմատաղանդ անձնավորություն էր. նա զբաղված էր լեռնադահուկային եւ մոտոցիկլային սպորտով, ինժեներ-ռադիոկոնստրուկտոր էր եւ արտադրական ձեռնարկության սեփականատեր, հետազոտում էր մարդու առողջության վրա ձայնի եւ երաժշտության ազդեցությունը: Հետաքրքրվում էր նաեւ հայկական ժողովրդական երաժշտությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ