ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՔԱԹԱՐ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Այցը տհաճ անակնկալներ է պատճառել ինչպես իրեն, այնպես էլ Չավուշօղլուին Դեկտեմբերի 6-ին պաշտոնական այցով Քաթար ուղեւորվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա այցը երկօրյա էր: Նա մայրաքաղաք Դոհայում մասնակցեց Թուրքիա-Քաթար Գերագույն ռազմավարական հանձնաժողովի 2015-ից ի վեր գումարվող 7-րդ նիստին, ապա հանդիպեց էմիր Շեյխ Թամիմ բին Համեդ Ալ Սանիի հետՙ քննարկելու համար, ինչպես BBC-ն է նշել, տնտեսական եւ պաշտպանության ոլորտում համագործակցության խնդիրները: Օգտվելով առիթից ասենք, որ Քաթարը միակ երկիրն է, որտեղ Թուրքիան ունի ռազմաբազա, որը տեղակայվել է 2014-ին, եւ 5 հազար զինծառայող: Ուղեւորվելուց առաջ Անկարայի օդակայանում Էրդողանը նշել էր, որ ինքը աշխատում է զարգացնել Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցությունը, ավելացնելով. «Դրա ապացույցը տարածաշրջանի ամենահզոր երկրներից Քաթարի հետ մեր համատեղ քայլերն են»: Ի դեպՙ «ամենահզոր» այս երկրի տարածքն ընդամենը 11.4 հազար քառ. կմ. է: Առաջիկա փետրվարին Էրդողանը կայցելի նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Սակայն դա կլինի պատասխան այց, քանի որ նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով Անկարայում էր եղել Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդը եւ արժանացել բարձրակարգ ընդունելության, չհաշված Էրդողանի հաճոյախոսությունները: Մինչդեռ Թուրքիայի հարաբերություիններն ԱՄԷ-ի հետ սրվել էին դեռ 2011-ին, երբ տարածաշրջանում շրջանառության մեջ դրվեց «Արաբական գարունը» եւ Էրդողանը ձեռնամուխ եղավ «Մուսուլման եղբայրներին» Աբու Դաբիում իշխանության բերելու փորձերին: Լարվածության սրումը երկու երկրների միջեւ գագաթնակետին հասավ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո: Էրդողանը այդ փորձի առթիվ Քաթարին մեղադրել էր հեղաշրջման կազմակերպիչներին 3.5 մլրդ. դոլար հատկացնելու, PKK-ի ահաբեկիչներին, ինչպես նաեւ Թաքսիմի «Գեզի այգու» այսպես կոչված խռովարարներին աջակցելու մեջ: Ավելինՙ Թուրքիայի ղեկավարներն Էրդողանի գլխավորությամբ ոխերիմ թշնամի հայտարարեցին Էմիրություններին, իսկ «Յենի շաֆաքի», «Սաբահի» պես իշխանամետ թուրքական թերթերըՙ ստոր եւ պատվազուրկ արարածներ անվանեցին այդ երկրում իշխող խավի ներկայացուցիչներին: Այս ամենը շարունակվեց մինչեւ 2021 թ. հունվարը, երբ Քաթարի ճգնաժամի հաղթահարումից հետո աստիճանաբար սկսեցին բարելավվել Թուրքիա-էմիրություններ հարաբերությունները, ինչը թերեւս պայմանավորված է ֆինանսական այն խորը ճգնաժամով, ինչի մեջ հայտնվել է թուրքական պետությունը: Ահավոր վիճակում են ժողովրդական զանգվածները: Ընդդիմության տվյալներով երկրում շուրջ 50 մլն. մարդ ապրում է աղքատության, իսկ 7 միլիոնը սովի շեմին: Ծախսը չվճարելու պատճառով 1.4 մլն. ընտանիք զրկված է էլեկտրամատակարարումից, գործազուրկների թիվը կազմում է ավելի քան 13 մլն., ընթացիկ տարվա միայն օգոստոսին ինքնասպան է եղել 29 մարդ, որոնց թվում խանութպաններ, հողագործներ, բուժաշխատողներ եւ աշխատանքի նշանակմանն սպասող ուսուցիչներ: Հունվարից մինչեւ նոյեմբեր ինքնասպանություն է գործել նաեւ 100 ոստիկան: Դոլարի հանդեպ թուրքական լիրայի ամենօրյա արժեզրկումը, որը արժեզրկման ցուցանիշներով սկսել է գերազանցել նույնիսկ Աֆղանստանի ազգային արժույթ աֆղանիին, երկրում արդյունաբերության հետ նաեւ առեւտուրն է խափանել, խիստ սահմանափակելով բնակչության գնողունակությունը: Դրան մեծապես նպաստում է Էրդողանը: Օր. նոյեմբերի 23-ին, որը համարվում է «սեւ երեքշաբթի», մեկ դոլարի արժեքը ֆինանսական շուկայում 11 լիրա էր: Առավոտյան Էրդողանի ելույթից հետո դոլարը բարձրացավ 13 լիրայի, իսկ նրա երեկոյան ելույթով հասավ 13.9-ի: Դոլարի ինքնարժեքը դեկտեմբերի 8-ին կազմել է 13.66 լիրա: Մինչդեռ 2018-ի հունիսին, երբ Թուրքիան անցավ նախագահական համակարգի, այդ ցուցանիշը 6.3 էր: Թուրքական լիրայի արժեզրկման կասեցումը ենթադրում է դոլարի ներարկումը ֆինանսական շուկա պետական գանձարանից, սակայն գանձարանն ոչ միայն դատարկ է, այլեւ դրա պահուստային ֆոնդը կազմում է մինուս 31 մլրդ. դոլար, այն էլ Քաթարի հատկացրած փոխառությունների շնորհիվ: Թեեւ Էրդողանը Աբու Դաբիի թագաժառանգ Զայեդին հանդիպելուց հետո հայտարարել էր, թե վերջինի հետ ստորագրել են Թուրքիային 3 մլրդ. դոլար հատկացնելու պայմանագիր, սակայն պարզվեց, որ կողմերն ընդամենը համաձայնության են եկել քննարկելու հատկացման պայմանները: Ահա թե ինչու Անկարայում չեն դադարում թուրքական ռազմարդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունըՙ ASELSAN-ը, որն աշխարհում հզորությամբ 50-րդ է իր նմանների մեջ, Արաբական Միացյալ Էմիրություններին վաճառելու Էրդողանի պատրաստակամության մասին խոսակցությունները: Համենայն դեպս, որքան էլ ոգեւորված լինի, Էրդողանը Քաթարում բախվել է տհաճ անակնկալի: Մինչ այդ դրան բախվել էր Էրդողանից շուտ Դոհա մեկնած արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլունՙ այցը նախապատրաստելու պարտականությամբ: Ինչպես դեկտեմբերի 6-ի համարում վկայում է «Էվրենսելը», Չավուշօղլուն հանդիպում է Քաթարի արտգործնախարար Շեյխ Մոհամմադ բեն Ջասսիմ Ալ Թահնիին: Հանդիպման ավարտին մամուլի համատեղ ասուլիսում Reuters-ի թղթակիցը Չավուշօղլուին հարցնում է. «Դուք ֆինանսական աջակցություն խնդրելո՞ւ համար եք եկել Քաթար, որ հաղթահարեք տնտեսական քաոսը», իսկ Շեյխ Մոհամմադին էլ հարցնում, թե Քաթարը ինչո՞վ կարող է նպաստել Թուրքիային հաղթահարելու տնտեսական քաոսը: Հարցը, որ թուրքերեն էր ուղղված, խիստ զայրացնում է Չավուշօղլուին, նա իսկույն լքում է դահլիճը, այդ ընթացքում ասուլիսն ուղիղ եթերում հեռարձակող թուրքական հանրային հեռուստատեսությունը ընդհատում է հաղորդումը, առանց սպասելու Քաթարի արտգործնախարարի պատասխանին: Թուրքական լրատվամիջոցները գրեթե չեն անդրադարձել Քաթարի էմիր Ալ Սանիի եւ Էրդողանի հանդիպմանը: Պարզապես գիտենք Թուրքիա-Քաթար Գերագույն ռազմավարական հանձնաժողովի վերոհիշյալ նիստի ավարտին Շեյխ Մոհամմադի արած հայտարարության մասին, որտեղ վերջինը ասել էր, որ երկու երկրների միջեւ 12 նոր պայմանագիր է ստորագրվել: Նա միաժամանակ նշել է տնտեսական քաոսի պատճառով Թուրքիայում առաջացած հնարավորություններն արժեւորելու իրենց մտադրության մասին: Ի դեպՙ Gazete Duvar-ն էլ անդրադառում է Դոհայում Էրդողանի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպելու պատրաստակամությանը: Ընդ որում, թուրքական թերթի տվյալներով, թագաժառանգը Դոհայում էր լինելու դեկտեմբերի 8-ին, այն օրը, երբ Էրդողանը վերադառնում էր Անկարա: Սակայն բին Սալմանը ծրագրի հագեցվածության պատճառով մերժել է Էրդողանի հանդիպման առաջարկը, ըստ ամենայնի նկատի առնելով այն, որ Թուրքիայի նախագահը Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները բարելավելու շրջանակում մտադրություն էր հայտնել այցելելու նաեւ Սաուդյան Արաբիա: |