RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2649, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԿՈՐՑՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ

ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան

Ստորեւ ներկայացնում ենք Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը, որը լույս է տեսել Հունաստանի խոշորագույն տպագիր եւ առցանց թերթերից մեկումՙ «Կաթիմերինիում»:

Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից: Սա Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմ էր` Թուրքիայի մեծ աջակցությամբՙ Սիրիայից եւ Լիբիայից ջիհադականների ներգրավմամբ` պատերազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերով: Այնուամենայնիվ, քաղաքական խոսույթում դեռ գերակշռում են աշխարհաքաղաքական ընդհանրացումները եւ անվտանգության երկընտրանքի ասպեկտները: Պակասում է սակայն ժողովուրդների կյանքի ու ապագայի վերաբերյալ մտահոգությունը: Արդյո՞ք պատերազմը դարձրեց Հարավային Կովկասի տարածաշրջանը եւ տարածաշրջանի ժողովուրդներին կարճաժամկետ, միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կամ գուցե պակաս ապահով: Ակնհայտորեն վերջին հարցի կարճ պատասխանը բացասական է: Եվ ահա մի քանի կետ, թե ինչու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա եւ միշտ եղել է` Ադրբեջանի կողմից` Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չընդունելու պատճառով: Ավելի պարզ ասածՙ խոսքը մարդկանց բոլոր իրավունքներից ամենահիմնականիՙ կյանքի իրավունքի մասին է: Եվ սա՛ է, որ հարցականի տակ է դրվել տասնամյակներ շարունակ:

Դեռեւս 1960-ականներին արցախահայությունը դիմել էր խորհրդային կառավարությանը, որպեսզի չեղարկի Ստալինի` 1921 թվականի անօրինական որոշումըՙ տարածքն Ադրբեջանի (նոր պետություն, որը ստեղծվել էր 1918 թվականին Կովկասի իսլամական բանակի անմիջական աջակցությամբ, պանթուրանիստ թուրք գեներալ` Նուրի Փաշայի գլխավորությամբ) կազմի մեջ ներառելու վերաբերյալ: 1988 թվականին Արցախի ժողովուրդը կրկին դիմեց Մոսկվային խնդրանքով` իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը: Ինչո՞ւ: Ադրբեջանի իշխանությունները համակարգված եւ տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների եւ մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ: Խորհրդային Ադրբեջանում հայերին ճնշման ենթարկելու եւ խտրականության տարբեր ձեւերը պատճառ հանդիսացան, որ 1965, 1967, 1977 եւ 1988 թվականներին տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքվեցին` խնդրագրերի եւ նամակների ձեւով` Արցախի անցումը Խորհրդային Հայաստանի վերահսկողության տակ թույլատրելու ու այս հարցին արդարացի լուծում տալու նպատակով:

Ճնշումներից ազատվելու ցանկությունն էր նաեւ, որ արցախահայությանը ստիպեց պաշտպանելու իր կյանքն իր հայրենիքում` 1991-94, 2016 եւ 2020 թվականների պատերազմների ժամանակ:

Արցախի եւ նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը եւ տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս, նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց համակարգված եւ կեղծավոր կերպով խախտել այնՙ միշտ մեղադրելով հայերին: Այս ամենն իրականացվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ամեն օր, իսկ ավելի ճիշտՙ օրը մի քանի անգամ ակնհայտ է դառնում, որ Ալիեւի վերջնական նպատակն է ազատվել հայերից ու Արցախում նրանց ժառանգությունից եւ որին հաջորդելու է նաեւ հայերի աստիճանական դուրս մղումը նաեւ Հայաստանից: Հայկական մշակութային հուշակոթողների, տարածքների, եկեղեցիների եւ գերեզմանատների նկատմամբ վայրագ բռնությունները, պղծումները եւ վանդալիզմի ակտերը կատարվում են Բաքվի անմիջական հրահանգով: Վերջինս թույլ չի տալիս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել տարածք: Բաքվում զարհուրելի «Հաղթանակի զբոսայգու» բացումը, երեխաներին այնտեղ այցելելու խրախուսումը` հայերին ծաղրելու նպատակով, արդեն որակվել է որպես «նացիստական այգի»: Համատարած է նաեւ ռասիստական լեզուն, հռետորաբանությունը, որը հստակ նպատակ ունի ապամարդկային ցույց տալ հայերին, օրինակՙ «վայրի ցեղ», «բարբարոսներ», «շներ», «վայրագ թշնամի», «կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուս» եւ այլ արտահայտություններ հիշեցնում են համաշխարհային պատմության վատթարագույն հանցագործներին:

Հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ դատավարությունները` միջազգային հանրության նկատմամբ եւս մեկ բացահայտ արհամարհանքի դրսեւորում են, քանի որ սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի մասին մի քանի երկրներ եւ միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են` որպես հրատապ հումանիտար հարց: Մյուս կողմից, ադրբեջանցի որեւէ պատերազմական հանցագործի երբեւէ մեղադրանք չի առաջադրվել, էլ չասած, որ չի դատապարտվել, չնայած որ առկա են հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ (Ադրբեջանի զինվորներն իրենք էին տեսանկարահանում, թե ինչպես են մորթում հայ գերիներին, այդ թվումՙ քաղաքացիական անձանց եւ ծերերին): Հայտարարություններն առ այն, որ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով տարածք ու այլեւս չկա ԼՂ հակամարտություն` եւս մեկ ապացույց է հանդիսանում հայկական ամեն ինչի շարունակական ժխտման: Լավ, կարելի՞ է արդար դատավարություն սպասել մի երկրից, որտեղ ազգային հերոսը նա է, ով կացնով` դեռեւս 2004 թվականին, սպանել է սենյակում քնած հայ սպային:

Ակնհայտ է, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության ներգրավվածությունն այս պատերազմում, Թուրքիայի օգնությունը` զենքով, հետախուզությամբ եւ հատուկ ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաեւ Սիրիայից ջիհադիստների հավաքագրումը եւ ռազմական գոտի ուղարկելը` կռվելու Ադրբեջանի համար` միայն քաջալերել են Ալիեւին, որը ոգեւորված շրջում է իր երկրում զինվորական համազգեստով` պարծենալով «Ադրբեջանի հզոր բանակով»:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա)ՙ, հաստատում են, որ հարատեւ լուծումը դեռ պետք է բանակցվի եւ պետք է որոշվի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Իլհամ Ալիեւին դա չի հետաքրքրում: Փաստորեն, Ալիեւը պատերազմից անմիջապես հետո Բաքվում կայացած «հաղթական շքերթի» ժամանակ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը, Սեւանա լիճը եւ Սյունիքը անվանել է «Ադրբեջանի պատմական հողեր»: Ուստի, Ադրբեջանի զինվորները հանդգնություն ունեն շարունակաբար սադրելու հայերին, ներթափանցելու եւ նույնիսկ գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ: Ալիեւի շարունակական հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասով (Հայաստանի Սյունիքի մարզ, որը սահման ունի Իրանի հետ), նպատակ ունի, ինչպես ինքն Ալիեւն է խոստովանել` իրականացնել բոլոր թյուրքական ժողովուրդներին միավորելու պանթուրանիստական երազանքը: Նոյեմբերի 14-ին եւ 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավ-արեւելյան տարածքների վրա հրետանու եւ ծանր տեխնիկայի կիրառմամբ հարձակումները եւ Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ:

Ադրբեջանի հռետորաբանությունը եւ գործողությունները` գոյաբանական սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանության եւ ոչ պակաս պանթուրանիստական սպառնալիքՙ ողջ տարածաշրջանի համարՙ Եվրոպայից մինչեւ Չինաստան, Ռուսաստանից մինչեւ Իրան:

Հասկանալի է, որ հակամարտության երկարատեւ կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է: Պարզ է նաեւ, որ Արցախի ազատատենչ հայությունը չի կարող ապրել ավտորիտար Ադրբեջանի ինքնիշխանության ներքո: Դրա արդյունքը կլիներ մահը կամ Արցախի ամբողջական հայաթափումը, ինչը չենք կարող մեր մտքներով իսկ անցկացնել եւ պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, քանի դեռ ուշ չէ: Եթե պաշտպանելու պատասխանատվությունն ինչ-որ իմաստ ունի, ապա յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին եւ միջազգային հանրությունը միասին պետք է ոտքի կանգնեն եւ հստակ ցույց տան ադրբեջանցիներին, որ նման պահվածքը չի հանդուրժվելու: Հասցեական կոչերը եւ կոնկրետ գործողություններն այժմ առավել քան երբեւէ կենսական նշանակություն ունեն: Երկիմաստ գործելը կնշանակի լուռ ընդունել Ալիեւի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտումների շարունակում:

«Կաթիմերինիում», Աթենք, Հունաստան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ