RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1621, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐԿԵԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐՈՏԵԼՈ՞Ւ Է ՆՐԱՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիան նոր կառավարություն ունի. Դեկտեմբերի 8-ին Բունդեսթագը փակ գաղտնի քվեարկությամբ 736 պատգամավորներից 303 դեմ, 395 կողմ ձայնով ընտրեց Գերմանիայի Դաշնության 9-րդ կանցլերին: 63-ամյա սոցիալ- դեմոկրատ իրավաբան Օլաֆ Շոլցը ժպտադեմ, հեզ մարդու տպավորություն է թողնում, քաղաքական բանավեճերում կտրուկ չէ, վերլուծում է երկար ու դանդաղ, նրան ճանաչողներն ասում են, թե մինչ Շոլցը որոշում կկայացնի, նապաստակը շատ ջուր կխմի, կամՙ հայերիս մի քիչ չափազանցված ձեւակերպմամբՙ գորտի աչքը դուրս կգա: Մի խոսքովՙ արագ որոշումների մարդ չէ: Կինըՙ Բրիտա Էրնստը 2017-ից ի վեր Բրանդենբուրգ երկրամասի կրթության նախարարն է: Ամուսիններն ապրում են Պոտսդամում, երեխա չունեն: Շոլցը խոստովանել է, թե կնոջն է պարտական սպորտով զբաղվելու, ընթերցանության ժամանակ գտնելու համար: Իսկ Շոլցի հայրը հետեւյալն է ասելՙ կանցլեր դառանալը 12- ամյա Օլաֆի երազանքն է եղել: 1958-ին Օսնաբրյուքում լոյւս աշխարհ եկած Շոլցը հասակ է առել Համբուրգում, ուշիմ է եղել, գիտունիկ, նույնիսկ լատիներենի ուսուցչի սխալներն է ուղղել, պատմել է նորընտիր կանցլերի հայրը «Բիլդ» թերթին:

Գերմանիայի նորընտիր կանցլերն առաջին անգամ կղեկավարի երկիրը սոցիալ-դեմոկրատների (SPD), ազատ-դեմոկրատների (FPD) եւ կանաչների կազմած կոալիցոն կառավարությամբ:

Հայ հանրությանը նոր կառավարության կազմում մի ծանոթ դեմք կաՙ գյուղնախարարի պաշտոնում նշանակված կանաչներից Ջեմ Էոզդեմիրը , որի անունը 2015- 16-ին համարյա ամեն օր շրջանառվում էր հայկական մեդիայումՙ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի թեման արծարծելիս: «Ազգ»-ում հրապարակված նրա հետ մեր հարցազրույցից տարիներ են անցել, բայց վստահ չեմ, որ նրաՙ Ռուսաստանի հանդեպ կարծր դիրքորոշումը, ԼՂ հարցը ռուսական սատարմամբ ու ազդեցությամբ պայմանավորելու մեկնաբանությունը դույզն-ինչ փոխված լինի, նույնիսկ 2020-ի պատերազմից հետո: Բայց այսպիսիՙ մեզ համար զգայուն եւ կարեւոր հարցերի մասին դեռ առիթ կունենանք գրելու:

Մի կարեւոր շեշտադրումՙ Շոլցը Վիլլի Բրանդից, Հելմուտ Շմիդից, Գերհարդ Շրյոդերից հետո սոցիալ-դեմոկրատական կուսակցության չորրորդ կանցլերն է: Պատմության մեջ դրոշմված այս անունների շարքը լրացնելն արդեն մեծ պարտավորություն է:

Դեկտեմբերի 8-ին Բունդեսթագի հյուրերի համար նախատեսված օթյակում էր նաեւ Անգելա Մերկելը , որին նոր կանցլերի ընտրությունից առաջ երկար հոտնկայս ծափահարեցին: Ավելի քան 30 տարի Բունդեսթագում, իսկ կանցլերի պաշտոնում 5858 օր պաշտոնավարելուց հետո, Մերկելը թոշակի անցավ: Նա չկարողացավ գերազանցել Հելմուտ Քոլի ռեկորդը, որ 12 օրով ավելին է, բայցՙ 16 տարին «մի ողջ դարաշրջան» է. Պատանիների, երիտասարդների համար իրենց տեսած միակ կանցլերն էր:

Ֆիզիկայի աշխարհից քաղաքականություն մտած, Դե Դե Էր-ից (DDR) սերած Մերկելը մարգարտյա վզնոց չէր կրում, վերջին տարիներին բնական քարերից տարբեր վզնոցները նրա հագուկապի պարտադիր բաղադրիչ դարձան: Նրա հագուստը պարզ էրՙ տաբատ եւ պիջակ, որի թեւքերը, ինչպես տարիներ առաջ գերմանական թերթերից մեկում նկատել տվեց Շառլ Ազնավուրը , չափազանց կարճ էին: Չգիտեմ պաշտոնատարներից կամ խորհրդականներից ո՞վ էր ուշադրությամբ հետեւել այդ հարցազրույցին, բայց շանսոնիեի դիտողությունից շատ չանցածՙ դերձակը ուղղել էր սխալը: Եթե ես նկատել եմ, շատերն են նկատել, թե Ազնավուրի ակնարկից հետո Մերկելի պիջակներն առավել գեղեցիկ էին դարձել, թեւքերըՙ երկար: 2015-ի Մերկելի հնչեցրած մի նախադասությունՙ «մենք կհաջողենք (կամՙ կհաղթահարենք) » թեւավոր դառնալուց բացի, ճեղքեց հանրությանը: 10 հազար փախստականների մուտքը երկիր ընդդիմադիր, ծայրահեղ աջերի համակիրների թիվը գերարագ բազմապատկեց, նրանց կուսակցությունըՙ AFD-ն («Այլընտրանք Գերմանիայի համար») դարձավ Բունդեսթագի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը: Աշխարհի մի շարք կենտրոններում գովաբանեցին Մերկելին, իսկ երկրի ներսում նրա համակիրների մի մասը ժողովրդավարության ոտնահարում որակեց ՙ Մերկելի գայթաքարը համարելով դաՙ հետեւյալ անկեղծ մեկնաբանությամբ. «Մեր կարծիքը հարցրե՞լ է, որ տան դուռը բաց է արել»:

Անգելա Մերկելի նոր աշխատանքային հասցեն կանցլերի գրասենյակից ու Բունդեսթագից այնքան էլ հեռու չի լինելու, ով Բեռլինում եղել է, գիտի Ունթեր դեն Լինդեն հասցեում տեղակայված Մարգո Հոնեկերի գրասենյակը: Արեւելյան Գերմանիայի կրթության նախարարի հիշյալ սենյակը Մերկելի ծագման կարոտաբաղձության մեջ ներառելու է նաեւ քաղաքական հորՙ Հելմուտ Քոլի հիշատակը, որ պաշտոնաթող լինելուց հետո հենց այդ գրասենյակում է գործել: Վերջին տարիներին Անգելա Մերկելին Գերմանիայում «մութիՙ մայրիկ» են ասում, բայց շատերն են հիշում, որ Քոլիՙ Մերկելին ուղղված «իմ աղջնակ» փաղաքշական դիմելաձեւն էլ չէր շրջանառվում, երբ Մերկելն ակնհայտ իրեն հեռացրեց նախկին կանցլերից, սա այն ժամանակ, երբ կուսակցական շրջանակներից դուրս էլ սկսեց տարածվել Քոլի կոռուպցիոն գործարքների մասին տեղեկությունը: Նոր գրասենյակն արդեն կահավորել է Մերկելըՙ պատին Կոնրադ Ադենաուերի նկարն է, պատմության մեջ բացառիկ քաղաքական, կուսակցական գործչի, որ պարտված Գերմանիային վերադարձրել է համաշխարհային հարթակ: Մերկելն, ասում են, հենց նրանից է սովորել եւ աշխարհի քաղաքական գործիչներին տպավորել իր բացառիկ ոճովՙ պարտվածին ու հաղթածին ձայն տալու, նրանց ունկնդիր լինելու, բանակցությունների միջոցով որոշում կայացնելու «արտոնությունը»: Ինչպես Գերմանիայում սիրում են բնութագրել, Մերկելը «ստոիկյան» համբերատարությամբ եւ լուռ հետեւում էր իր մասին քաղաքական հակառակորդների հնչեցրած քննադատություններին, հարկ չէր համարում բոլոր ելույթներին պատասխանել, բայց երբ կարեւոր էր համարում, նույնիսկ տարիներ անց «վրեժ» լուծելու վերբալ պահը չէր կորցնումՙ հատու եւ կարճ խոցում էր: Մերկելն, ասում են, բացառիկ ունակություն ուներ. Կարողանում էր միավորիչ եզր գտնել իրարից բավականաչափ տարբեր տեսակետների միջեւ, արտաքուստ դժվար զուգահեռվող ուղիները մերձեցնել: 67-ամյա Մերկելը երբեք չի դժգոհել, թե ժամանակը քիչ է, պատասխանատվությունըՙ շատ, իսկ 16 տարում 4,7 միլիոն եվրո աշխատավարձի համար արժե՞ զօրուգիշեր աշխատել, երբ «Զիմենսի» նախկին ղեկավարը մեկ տարում այդ գումարի մեկ երրորդն է վաստակել: Նրա հարստությունն իր իշխանությունն էր, որ ուներ թե՛ երկրում, թե ՛դրա սահմաններից դուրս, այն գիտակցումը, թե իրեն է վերապահված վերջին խոսքը, վճիռը, որոշումը: Պաշտոնավարման հրաժեշտի առիթով Մերկելին Չինաստանի նախագահն անվանել էր «չին ժողավրդի հին բարեկամ»:

Կանաչների ներկայացուցիչ ԳԴՀ արտգործնախարար 40-ամյա Աննալենա Բերբոքը ամենայն հավանականությամբ իր կոշտ դիրքորոշումը կակուղ դարձնելու մտադրություն չունի, ինչին Պեկինն արդեն արձագանքում է: Գերմանական մամուլի բնորոշմամբ, Մերկելը սոցիալիստ հեղափոխականներ, ավելի ուշ բռնակալներ դարձած Ֆիդել Կաստրոյի, Ռոբերտ Մուգաբեի, Հուգո Չավեսի, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Նիքսոնի հետ նույն շարքում է հայտնվում: Ամերիկա- չինական սրված հարաբերությունների ժամանակ Մերկելը կայունության խարիսխ էր Պեկինի համար:

Շոլցի համար արտաքին քաղաքականությունը դժվար քննություն է լինելու: Հատկապես երկու երկրիՙ Չինաստանի եւ Ռուսաստանի հանդեպ կոալիցոն գործընկեր կանաչների կուսակցությունը ներկայացնող արտգործնախարարը դժվար թե շարունակականություն որդեգրի: Նորանշանակ արտգործնախարար Բերբոքը, ինչպես գերմանացի լրագրողներն էին բացահայտել եւ հրապարակել նախընտրական արշավի ժամանակ, առցանց իր կենսագրականներում որոշ տվյալներ «սրբագրել է», հրապարակային նրա ելույթներում հնչած խոսքը գործ դառնալու քուրայում ինչպե՞ս կթրծվի, որքա՞ն կճկվի, շատ երկար սպասել չի տա:

Արդեն երեկՙ դեկտեմբերի 9-ին ԳԴՀ արտգործնախարար Բերբոքն իր առաջին այցն է կատարել արտերկիրՙ բնականաբար Փարիզում հանդիպումներից հետո ուղեւորվելու է Բրյուսել, իսկ այնուհետ Վարշավա: «Եվրոպացի մեր գործընկերները կարող են հույս դնել եւ վստահ լինել, որ Եվրոպան ԳԴՀ արտաքին քաղաքականության առանցքն է», ասել է Բերբոքը: Ռուսաստանի հանդեպ ավանդաբար բարեկամական դիրքորոշում ունեցող սոցիալ-դեմոկրատները, այդ կուսակցության անդամ կանցլերը կկարողանա՞ մեղմել Մոսկվայի հանդեպ կանաչների, ինչպես նաեւ կոալիցիոն մյուս ուժիՙ ազատ դեմոկրատների կոշտ դիրքորոշումը այն պարագայում, երբ Պուտինը, գերմանացիների ձեւակերպմամբ սպառնում է Ուկրաինային, դժվար է կանխատեսել: Նույնըՙ Պեկինի պարագայում: Շոլցը առաջիկայում պիտի որոշում կայացնիՙ Գերմանիան միանո՞ւմ է ձմեռային օլիմպիական խաղերի դեմ դիվանագիտական բոյկոտին, գերմանական ներդրումները, կոնցեռները կախյա՞լ է դարձնում մարդու իրավունքների հարցը գերադաս համարելով:

Հաջորդ վճռական հարցը Իրանի ատոմային գործարքի շուրջ բանակցություններն են, որի հանդեպ Իսրայելն իր անվտանգության պահանջն է ձեւակերպում: Շոլցն իհարկե ուրբաթ օրը Փարիզ կմեկնիՙ հաստատելով Գերմանիայի տարիների ավանդույթըՙ Ֆրանսիան առաջին գործընկերն է, բայց իրարից շատ տարբեր այս երկրների առաջնորդներն այժմ նոր մարտահրավերներ են հաղթահարելուՙ հատկապես ֆինանսների, պաշտպանության, կլիմայական հարցերն են մակերեսին: Փարիզը հունվարին ստանձնում է ԵՄ նախագահությունը եւ կարեւոր է ԵՄ անդամակից 83 միլիոնանոց Գերմանիայի մասնակցությունը ֆրանսիական նոր ծրագրերին:

Դիտորդների մի մասը հակված է կարծելու, թե Թուրքիայի հանդեպ խիստ քաղաքականություն է որդեգրելու Գերմանիան: Մարդու իրավունքները ոտնահարող Էրդողանի սուր քննադատներն են կանաչները, նաեւ դեմ են Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ փախստականների հարցով գործարքին, այն վերջ դնելու պահանջ են ներկայացրել: Բայց այս եւ այլ հարցերի մասինՙ առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ