RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1606, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԳՏԵՆՔ ՎԵՐ ԲԱՐՁՐԱՆԱԼ ԵՎ ԶՐԿԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ ՈՒԺԻՑ ԵՎ ՕԴԻՑ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Մերօրյա հարափոփոխ աշխարհում հաճախ դիմաշրջվում են իրողություններ ու դեմքեր, որոնք նախկինում միշտ հաստատուն էին թվում: Աշխարհը փոխվել ու փոխվում է, իսկ մենք...Հայ ներքաղաքական կյանքն այսօր նման չէ այլ պետությունների քաղաքական կյանքին: Սովորաբար երբ մեկ գլխավոր նպատակ է դրվում, դրա շուրջ փոխզիջումների էլ են գնում: Սակայն դա մեզ մոտ չի աշխատում, քանի որ մեր ներքաղաքական միտքը հիվանդ է: Վերջին տասնամյակներում մեր հիմնական` Արցախյան խնդիրը վաղուց է շահարկման առարկա դարձել: Այն խաղարկել են բոլոր ժամանակների թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Միշտ ու բոլորը երբ պետք էր իշխանության գալ, հող պահելուց են խոսում, հատկապես Արցախը, իսկ երբ այդ իշխանությունն էր պետք պահել, սկսում են այլ բաներից խոսել եւ որպես կանոնՙ խոստումներ շռայլել:

Անկախության երեք տասնամյակում էլ այսպես է եղել: Մի բան, որը հիշեցնում է Քովիդի մասին ասվածը. Պատվաստման երրորդ չափաբաժինը ամրացնում է իմունային համակարգը, ուստի չորրորդից հետո դուք արդեն պաշտպանված եք: Երբ բնակիչների 80%-ը կստանան հինգերորդ չափաբաժինը, սահմանափակումները կարող են թուլանալ, քանի որ վեցերորդ չափաբաժինը դադարեցնում է վիրուսի բազմացումը եւ կանխում դրա տարածումը: Ես հանգիստ եմ եւ հավատում եմ, որ յոթերորդ չափաբաժինը կլուծի մեր խնդիրները, իսկ ութերորդ չափաբաժնից վախենալու պատճառ չունենք: Կլինիկական հետազոտությունները իններորդ չափաբաժնով ցույց են տվել, որ հակամարմիններն ավելի կայուն են տասներորդ չափաբաժնից հետո: Տասնմեկերորդ չափաբաժինը ապահովում է, որ նոր մուտացիաներ չեն լինի, ուստի տասներկուերորդ չափաբաժնի գաղափարը քննադատելու պատճառ չկա...

Իսկապես, այդ իրավիճակը հար եւ նման է մեր պատմությանը. Ամեն անգամ հերթական սխալ-բացթողումից հետո ինքներս մեզ խոստանում ենք ավելի զգույշ, հաշվենկատ ու շրջահայաց լինել, չկրկնել նախկին սխալները եւ ամեն անգամ` կրկնում ենք դրանք:

Պարտությունից արդեն մեկ տարի է անցել: Կարծում եմ բավական ժամանակ է ցավը հոգու խորքում անթեղելու, ուժերը վերադասավորելու ու Հայ ժողովրդի պատմության մեջ հաղթանակների էջը վերաբացելու համար: Հարկավոր է պարզապես մանրակրկիտ վերլուծել-ամփոփել տեղի ունեցած իրադարձությունները, դասեր քաղել դրանցից եւ առաջ շարժվել: Այնպես որ, այլեւս պետք չէ մնալ ու սեւեռվել պարտության էջի վրա, այլ զգույշ, հաշվենկատ ու պատճառաբանված, խիստ հաշվարկված քայլերով առաջ ընթանալ: Հարկավոր է միշտ հիշել, որ մեր թշնամիները բավարարվելու-հագենալու բնույթ չունեն եւ միշտ ձգտել ու կձգտեն ավելիին: Իսկ դա բոլորովին էլ նորություն չէ: Տարբեր աղբյուրներում կարդացել եմ, որ Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Ադրբեջանը միշտ ձգտել է հասնել թուրք-ադրբեջանական կարեւորագույն նպատակի իրագործմանըՙ Նախիջեւանը Ադրբեջանի հետ կապող պանթյուրքիստական ճանապարհի կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը: Սակայն Ադրբեջանական այս ծրագրի դեմ Խորհրդային Հայաստանի ղեկավարները տարբեր մեթոդներով պայքարել են եւ կարողացել են չեզոքացնել այդ վտանգը: Մեղրիով ճանապարհ կառուցելու կամ «Զանգեզուրի միջանցքի» հարցով զբաղվել է նաեւ անձամբ ԽՍՀՄ առաջին փոխվարչապետ Հեյդար Ալիեւը :

Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը , ինչպես նաեւ վարչապետ Ֆադեյ Սարգսյանը իրենց հուշերում պատմում են Մոսկվայում Հեյդար Ալիեւի եւ Կարեն Դեմիրճյանի զրույցը. «Կարեն, ես քեզ եղբայրաբար եմ խնդրում տալ համաձայնություն կառուցել ճանապարհ ըստ մեր նախագծի (Մեղրիով): Չես փոշմանի: Ես քեզ մեծ լավություն կանեմ»: Կ. Դեմիրճյանն ասաց. «Ոչ, այդ դեպքում ես չեմ կարող պատասխան տալ իմ ժողովրդի առաջ»: Հ. Ալիեւը եւս մեկ անգամ խնդրեց. «Կարեն, մտածիր, չես փոշմանի: Եթե դու այսպես խնդրեիր, ես քեզ Ադրբեջանի կեսը կտայի»: Խոսքն այն Ադրբեջանի մասին է, որի պետություն լինելը հարցականի տակ են դնում հենց իրենց թուրք եղբայրները. «Երբ պետականամետ մի խոշոր թերթի թուրք լրագրողին հարցրեցին, թե կարելի՞ է Ադրբեջանը համարել պետություն, նա համոզված պատասխանեցՙ իհարկե ոչ. այդպիսի պետություն գոյություն չունի. դրանք ցեղախմբեր են»:

Կասկածից դուրս է, որ մենք կարեւոր առաքելությամբ աշխարհի հնագույն ժողովուրդներից ու քաղաքակրթության օրրաններից մեկի ստեղծող բնիկ ազգ ենք: Սակայն կասկածից դուրս է նաեւ, որ Քրիստոսից առաջ վերջին դարի վերջերից, կամ որ նույնն էՙ արտաշեսյանների հարստության մայրամուտի Էրատո-ժամնակներից սկսած, չափից ավելի անխնա ենք վերաբերվել մեր ունեցածներին եւ աջ ու ձախ շռայլորեն հող ու տարածք ենք զիջել տարածաշրջանում հայտնված բոլոր եկվորներին: Իսկ ամենացավալին այն է, որ զիջելով ու քարտեզի վրա սեփական գույնը ներկելու հնարավորության բացակայության պայմաններում անգամ խելքի էլ չենք գալիս, չենք համախմբվում:

Հիշում եմ, երբ 2003 թ. հոկտեմբերի 6-ին Արա Աբրահամյանի հիմնադրած Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարն իր աշխատանքներն սկսեց Մոսկվայի Միությունների պալատի Սյունասրահում, բացման խոսքով ելույթ ունեցան Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը : Իր ելույթիՙ Հայաստանի տնտեսական զարգացմանը վերաբերող հատվածում Պուտինը անորոշ, միջնորդավորված եւ թեական ձեւակերպումներ տվեց: Պուտինի ելույթի հատկապես այն մասը դուր եկավ համագումարին ներկա «ամբողջ աշխարհի» հայերին, երբ արդեն ընդմիջում էր հայտարարված, Վլադիմիր Վլադիմիրովիչը հանկարծ խոսափողը մոտեցրեց իրեն եւ դիմեց ներկաներին. «1711 թվականին ռուս մեծ բարեփոխիչ ցար Պետրոս Առաջինը իր հրամանագրերից մեկում գրել է հետեւյալը (հետաքրքրակա՛ն է հնչում). Որքան հնարավոր է հայերին գուրգուրել եւ հեշտացնել նրանց համար ամենը, ինչ պարկեշտ է, որպեսզի խրախուսվի նրանց ավելի մեծ ներգաղթը»: Այնուհետեւ Պուտինը կանգ առավ եւ ավելացրեց. «Իսկ որքան ժամանակ է անցե՞լ որՙ գրեթե ոչինչ, ընդամենը 300 տարի: Ասվեցՙ արվեց». հանդիսատեսները բուռն ու երկարատեւ ծափահարում էին, ոգեւորված ուռաներ բացականչում: Այսինքն, Ռուսաստանի ղեկավարն ու էլիտան, 2000 տարվա պետականության պատմական ժառանգություն ունեցող Հայաստանի ժողովրդին դիտարկել են ոչ թե որպես պետականության կրող ազգ, այլ որպես շատ օգտակար մի համայնք, որին պետք է խրախուսել ներգաղթել Ռուսաստան: Եվ այդպես էլ անում էին. հիշո՞ւմ եք Հայաստանի հայերիՙ Ռուսաստան ներգաղթի համար պետական մակարդակում գործող տնտեսական ծրագրերը: Այդ ծրագրերով տասնյակ հազարավոր հայաստանցիներ արտագաղթեցին Ռուսաստան: Այսօր էլ շատ բան չի փոխվելՙ շարունակվում է նույն քամահարական վերաբերմունքը հայերի հանդեպ:

Իսկ երբ 2001 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի» հիմնադիր համագումարը, իր բացման ելույթում Պուտինն ասաց. «Միայն տնտեսապես անկախ երկրները կարող են ձեւավորել ազդեցիկ եւ, ինչը կարեւոր է Ռուսաստանի համար, անկախ քաղաքականություն, որը նշանակում է բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի վրա կառուցված քաղաքականություն, իսկ Ռուսաստանը շահագրգռված է հենց այդպիսի Ադրբեջանով»: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ադրբեջանը արդեն մաս էր կազմել արեւմտյան տրանսազգային նավթային ընկերությունների կոնսորցիումին, կառուցում էր Ռուսաստանը շրջանցող նավթա-գազատարեր, ակտիվ զարգացնում էր իր տնտեսական եւ ռազմաքաղաքական հարաբերությունները Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ: Պուտինի խոսքում ակնհայտ էր պատմության մեջ առաջին անգամ պետություն ստեղծած, դեռ անգամ սեփական ազգային ինքնությունը չձեւավորած ադրբեջանցիների հանդեպ հարգանքն ու նաեւ պատկառանքը:

Ուրեմն ո՞րն էր դրա պատճառը: Ակնհայտ էՙ հայ ազգի փանջունի, գավառամիտ, պետականություն չճանաչող, դրա արժեքը չիմացող «էլիտան» է այդպիսին ներկայացել ինքը եւ ներկայացրել ամբողջ հայությանը Մոսկվայում, այդ հավերժ քծնող, իր գրպանային շահերի համար հավերժ «եղբայրություն» մուրող գավառամիտ «էլիտան»: Սեփական տնտեսությունը գրոշների դիմաց Ռուսաստանին հանձնող տգետ ու վախկոտ «էլիտան»: Պետականաշինության տեսակետից լիովին իմպոտենտ «էլիտան», որը սեփական երկրի ռազմարդյունաբերություն ստեղծելու անընդունակ լինելու պատճառով անընդհատ էժան, վերջերում էլՙ արդեն վարկով զենք էր մուրում Ռուսաստանից, որից հետո ամեն անգամ, երբ հանկարծ Հայաստանի ղեկավարները փորձում էին թեկուզ մի փոքր ինքնուրույն ու Հայաստանի շահերից բխող քայլեր անելՙ Կրեմլի սազանդարները նետում էին այդ «էլիտայի» ետեւից «անշնորհակալ գավառցիներ»-ը:

Այնպես որ, անկեղծ լինենք, արդեն 20-30 տարի մենք պարզապես ավելի շատ ու ավելի հաճախ քաղաքական ջեբկիրների, գավառամիտ ու ազգային արժանապատվությունից զուրկ տխմարների իշխանություն ունենք, քան իրատես եւ հաշվենկատ հայրենասերների ու դրա պտուղներն ենք այսօր վայելում: Ավելին, այնտեղ ենք հասել, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել դասական պոպուլիստների կառավարման կործանարար հետեւանքները: Բանակն ու դիվանագիտական կորպուսը վերջին տարիներին հիմնովին փլուզվել են եւ չեն կարողանում դիմակայել ադրբեջանական ագրեսիային: Երկրի ղեկավարության հակասականությունը եւ անհետեւողականությունը, սադրիչ հայտարարություններն էլ նրան նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման առավել թույլ օղակն են դարձնում... Իսկ ռուսական կողմին նոր գլխացավանքներից հնարավորինս զերծ մնալու համար ստիպում, որ ավելի ուշադիր հետեւի Հայաստանի քաղաքական դաշտին, փնտրի-գտնի այն հարմար թեկնածուին եւ համոզվի, որ նա հուսալի լինի եւ ունակ պահելու պայմանավորվածությունները, որպեսզի ամենամոտ ապագայում աջակցի նրան:

Սոկրատն ասել էՙ

Անխելքները քննադատում են մարդկանց,

Միջակներըՙ դեպքերը, իսկ

Խելոքներըՙ գաղափարները:

Մեր համար անչափ կարեւոր հուշում է: Եթե չենք ձգտում խելոք լինելուն, ապա գոնե միջակների մեջ պետք է դասվենք, քանզի անխելքների պակաս չունենք: Մեր օրերում ավելի ու ավելի շատ են քննարկումները Վիլսոնյան իրավարար վճռի իրականացման անհրաժեշտության մասին: Պարզվում է հայության իրավունքները տարիներ շարունակ թաքցված են եղել եւ մատուցվել են որպես միֆ-հեքիաթներ: Այժմ ամբողջ իրավական բազան ի հայտ է բերվել: Իսկ այն շատ կարեւոր է, քանի որ այսօր մենք թույլ ենք եւ պարտված բոլոր դաշտերում եւ մեր միակ ուժը իրավական դաշտում է: Հայտնի ճշմարտություն է, որ երբ տեր չես կանգնում քո իրավունքներին, ապա պիտի պատրաստվես բնաջնջվելու: Ինչպես Հայկ Ասատրյանն էր իրավացիորեն ասում, հայ ժողովրդի ողբերգությունը միշտ նրանում է եղել, որ արեւ է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանէ ծանրութեան»), իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երեւակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստությանը, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորութենականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը: Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն:

Մեզ այսօր շատ է անհրաժեշր շրջահայաց լինել, ուսումնասիրել նախորդների փորձը, հատկապես սխալները, դասեր քաղել դրանցից: Հասկանալ վերջապես, որ միակ թռչունը, որ համարձակվում է արծվին կտցահարել, ագռավն է: Նա նստում է նրա մեջքին ու կտցահարում է արծվի պարանոցը: Բայց արծիվը չի շպրտում ագռավին, չի կռվում նրա հետ, ժամանակ ու էներգիա չի վատնում նրա վրա: Նա պարզապես բացում է իր թեւերը եւ սկսում բարձրանալ երկինք: Եվ որքան բարձր է նրա թռիչքը, այնքան քիչ օդ ու ուժ է մնում ագռավին, եւ ագռավն ընկնում է ցած: Այսինքն, հարկավոր է սերտել կյանքի օրենքներից մեկը եւ չվատնել ժամանակն ու էներգիան ագռավների ու նրանց բամբասանքների վրա, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ձգտենք միայն առաջ, վեր բարձրանալ, զրկել բոլոր թշնամիներին ուժից եւ օդից: Հենց այդ ժամանակ էլ հաղթանակն ինքն իրեն կգա: Իսկ որ այն գալու է, երբեք պետք չէ կասկածել:

1-5.12.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ